
ԳԼԵՆԴԷՅԼ – Փետրուարի 1ին, Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը հանդիպեց Հայաստանից ժամանած գործարարների պատուիրակութեան հետ, որոնք Լոս Անջելես են ժամանել Հայաստանի Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախաձեռնութեամբ: Խորհրդի նախագահ Մարիամ Մանուկեանը դեսպանին ներկայացրեց այցի նպատակն ու հանդիպումների օրակարգը: Գլխաւոր հիւպատոսութիւնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում խօսուեց նաեւ Հայաստանի եւ Կալիֆորնիայի հայ գործարարների միջեւ գործնական կապերն ընդլայնելու հնարաւորութիւնների մասին: Աւելի վաղ` Յունուարի 31ին Լոս Անջելեսում հայաստանցի գործարարների պատուիրակութիւնը դեսպան Բայբուրդեանի հետ միասին հանդիպել էր Հայ-ամերիկեան գործարար խորհրդի ղեկավար կազմի եւ ամերիկահայ գործարարների հետ, ներկայացրել Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի ծրագրերն ու հայաստանցի եւ ամերիկահայ գործարարների միջեւ համագործակցութեան կամուրջներ ստեղծելու հնարաւորութիւնները: Հանդիպման արդիւնքներն ամրագրուել են փոխըմբռնման յուշագրի ստորագրմամբ:
Ամերիկահայ գործարարների հետ հանդիպմանը ներկայացուել են նաեւ Հայաստանի տնտեսութիւնում իրականացուող բարեփոխութեան ծրագրերը:
Կալիֆորնիայի հայ գործարարների հետ կապերը սերտացնելու նպատակով Հայաստանից ժամանած գործարարները տարաբնոյթ ոլորտներ ներկայացնող ընկերութիւններ են, որոնք մտադիր են իրենց ներգրաւուածութիւնը ունենալ ամերիկեան շուկայում ինչպէս ներդրումների, այնպէս էլ արտահանման եւ ներմուծման ուղղութեամբ: Դեսպան Բայբուրդեանը ողջունել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախաձեռնութիւնն ու նշել, որ գլխաւոր հիւպատոսութիւնը ամէն կերպ օժանդակում է Հայաստանի եւ Կալիֆորնիայի հայ եւ օտարազգի գործարարների միջեւ գործնական կապերի ընդլայնմանը: Քննարկուել է Մայիս ամսին Լոս Անջելեսում հիւպատոսութեան աջակցութեամբ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի կողմից Հայաստանում արտադրուող ապրանքների ցուցահանդէս կազմակերպելու հարցը:
Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը գործում է արդէն ութ տարի: Մարիամ Մանուկեանի գլխաւորութեամբ այն իր գործունէութիւնն ընդլայնել է` կապեր հաստատելով ամերիկահայ գործարարների եւ գործարարական կառոյցների հետ, իրականացրել բազմաթիւ նախագծեր, մասնակցել գործարար համաժողովների եւ ցուցահանդէսների: Դեռեւս 2015ին Խորհուրդը փոխըմբռնման յուշագիր է ստորագրել Լոս Անջելեսում գործող Հայ-ամերիկեան գործարար խորհրդի հետ, որը հիմք է դարձել աշխուժ համագործակցութեան համար: