2021 թուականի Նոյեմբերի 17ին Մոսկուայի Անդրէյ Ռուբլէովի անուան հին ռուսական մշակոյթի եւ արուեստի կենտրոնական թանգարանում բացուեց ամէնամեայ IX գիտական ընթերցումները «Ռուսաստան. Վրաստան. Քրիստոնէական Արեւելք․ Հոգեւոր եւ մշակութային կապեր» խորագրով` նուիրուած թանգարանի հիմնադիր եւ առաջին տնօրէն Դ. Ի. Արսենիշվիլիի (1905-1963) յիշատակին:
Մ իջոցառմանը մասնակցում էին Վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի, Գումբուրդոյի եւ Կարսի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին եւ Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դաւթեանը:
Գիտաժողովում «Հայ եւ Վրաց եկեղեցիները միաւորուած են Քրիստոսով եւ քարոզում են Յիսուսի կենդանարար խօսքն ու վարդապետութիւնը» բանախօսութեամբ հանդէս եկաւ Կիրակոս վարդապետ Դաւթեանը: Վերջինս ներկայացրեց Վիրահայոց թեմի պատմութիւնը` Վրաստանի հայերի հոգեւոր-մշակութային ակտիւ (աշխուժ) կեանքը 4րդ դարից սկսած մինչեւ մեր օրերը:
Մոսկուայում Վրաստանից ժամանած հիւրերին ընդունեց Հայ առաքելական սուրբ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արք․ Ներսիսեանը: Սրբազան հայրն իր օրհնութիւնը եւ բարեմաղթանքները բաշխեց պատուաւոր հիւրերին: Իր հերթին միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին շնորհակալութիւն յայտնեց սրբազանին հայ մշակոյթի հետ ծանօթանալու եւ առնչուելու հնարաւորութիւն ընձեռելու կապակցութեամբ: Թեմերի առաջնորդները փոխանակեցին յուշանուէրներ:
Նոյեմբերի 19 ին Հայ առաքելական սուրբ եկեղեցու հանդիսութիւնների դահլիճում կայացաւ բեմադրիչ Հենրիխ Մալեանի «Նահապետ« գեղարուեստական ֆիլմի ցուցադրութիւնը եւ քննարկումը: Միջոցառումը բացեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Կիրակոս վրդ․ Դաւթեանը խօսելով ֆիլմի արժանիքների մասին, ընդգծեց, որ այն Հայոց Ցեղասպանութեան մասին առաջին գեղարուեստական ֆիլմն է, որտեղ բացայայտ ցոյց են տրուած 20րդ դարի ողբերգական իրադարձութիւնները, հայ ժողովրդի կոտորածն ու պատուհասած արհաւիրքները: Վիրահայոց թեմի առաջնորդը արժեւորեց եղբայրական ժողովուրդների հետաքրքրութիւնը հայ ժողովրդի պատմութեան էջերով:

«Ճանաչելով միմեանց, մենք կարող ենք դիմակայել արդի մարտահրաւէրներին եւ մարդատեացութեան գեղափարախօսութեանը»- իր խօսքն աւարտեց հայր սուրբը:
Միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին արտայայտելով իր կարծիքը եւ տպաւորութիւնը ֆիլմի մասին, ընդգծեց, որ ֆիլմը սովորեցնում է` վերստին ոտքի կանգնելու եւ ապրելու անհրաժեշտութիւնը, որ մարդը կարող է եւ պէտք է ապրի, չնայած ամէն ինչին: Ֆիլմի քննարկմանը մասնակցեցին «Նուռ» երիտասարդական միութեան անդամները:
Յաւարտ միջոցառման, Կիրակոս վարդապետը շնորհակալութիւն յայտնեց հիւրերին եւ ներկաներին ֆիլմի բարձր գնահատման եւ հայ ժողովրդի պատմութեան նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրութեան համար:
Նոյեմբերի 21ին վրաստանցի հիւրերը բարձր տպաւորութիւններով վերադարձան Թբիլիսի:
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ