ՀԵՐՀԵՐ, Մարտունի․- «Թուֆենքեան» բարեգործական հիմնադրամը Արցախի Մարտունու շրջանի Հերհեր համայնքում վերանորոգել է Գրիգորեաններին պատկանող առանձնատունը, որը 44օրեայ պատերազմի ժամանակ լրջօրէն վնասուել էր:
Գրիգորեանների տունը ադրբեջանական կրակոցից երեք անգամ խոցուել է, որի հետեւանքով լրջօրէն վնասուել են տանիքը, դռները, արտաքին պատերը եւ պատուհանները: «Տունը բնակելի չէր: Մենք շնորհակալ ենք «Թուֆենքեան» հիմնադրամին եւ նրա բոլոր նուիրատուներին, որ վերանորոգեցին մեր տունը եւ հնարաւորութիւն տուեցին մեզ մնալ մեր գիւղում», բացատրեց Մարատ Գրիգորեանը` Փետրուարի 8ին տեղի ունեցած յանձման ժամանակ:
Մարատը, ով մասնակցել է 2020ի պատերազմին, վերջերս է ամուսնացել եւ յոյս ունի ընտանիք կազմել այն տանը, որտեղ նա մեծացել է:
ներկայ էին Հերհերի համայնքապետ Արման Ալեքսանեանը, յարակից գիւղերի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ հիմնադրամի Ստեփանակերտի եւ Երեւանի գրասենեակների ներկայացուցիչներ:
Հերհերի եւ նրա շրջակայ գիւղերի բնակիչները 44օրեայ պատերազմի ընթացքում ենթարկուեցին ուժեղ ռմբակոծութիւնների: 2021ի սկզբին, մարտերի ժամանակ տարածաշրջանից լքած հազարաւոր ընտանիքներ վերադարձան իրենց տները, որոնց մէկ մասը լուրջ վնասներ է կրել: Պատերազմից յետոյ այս գիւղերից շատերն այժմ գտնւում են Ադրբեջանի սահմանից ընդամէնը մի քանի կիլոմետր հեռաւորութեան վրայ:

«Մեր առաջնահերթութիւնը տարածաշրջանի վնասուած տների վերանորոգումն է: Մենք նաեւ օգնում ենք մեր վիրաւոր զինուորներին` վերանորոգելով նրանց տները եւ դարձնելով դրանք աւելի յարմարաւէտ», բացատրեց հիմնադրամի արցախեան ծրագրի ղեկավար Էդգար Դանիէլեանը:
Անցեալ տարի, Արցախի իշխանութիւնների հետ խորհրդակցութիւններից յետոյ, հիմնադրամը կազմեց համապարփակ ծրագիր, բաղկացած լրացուցիչ նախաձեռնութիւններից, որոնք նպաստում են Մարտունու շրջանի մի քանի գիւղերի, այդ թւում` Հերհերի եւ յարակից գիւղերի (Ծովատեղ, Խերխան), կրթական, առողջապահական, տնտեսական եւ այլ կարիքների բաւարարմանը: Ծրագրի տարբեր մասերը ներառում են նաեւ մօտակայ Սօս եւ Մաճկալաշէն գիւղերը:
Գրիգորեանի տունը տարածաշրջանում 9րդ տունն է, որը «Թուֆենքեան» հիմնադրամը վերանորոգել է վերջին մէկ տարուայ ընթացքում:
(Հաղորդագրութիւնը՝ «Թուֆենքեան» հիմնադրամէն)