Ռուբեն Գալչեան
Մեծարգոյ պրն Վարչապետ,
Պարոնայք նախարարներ,

Ի սկզբանէ պէտք է նշեմ, որ նամակս քաղաքական որեւէ բնոյթ չի կրում, պարզապէս առաջարկ է հնարաւորինս օգտագործել Ադրբեջանի կոպիտ սխալներն ու հակասութիւնները, ի շահ մեր հայրենիքի եւ մշակոյթի:
Փետրուարի 4ին հրատարակուեց լուրը, որ Ադրբեջանի մշակոյթի նախարարը խօսել է մի կազմուած ծրագրի մասին, որի նպատակն է Արցախի բռնագրաւեալ տարածքում իրենց կողմից աղուանա-ադրբեջանական անուանուած յուշարձանների վրայից ջնջելու հայկական գրութիւններն ու հետքերը:
Այս յայտարարութիւնը շարունակութիւնն է այն պնդումին, որ Ադրբեջանի եւ շրջակայ տարածքներում գտնուող բոլոր քրիստոնէական վանքերը, տաճարները, եկեղեցիները, խաչքարերն ու յուշարձանները կառուցել են իրենց նախնիները` աղուանները:
Օրերս Ադրբեջանի եւ Թուրքիայի բարձրաստիճան անձինք պաշտօնապէս յայտարարեցին որ ադրբեջանցիներն ու թուրքերը բարեկամներ են ու եղբայրներ, եւ երկուսը նոյն ազգն ու ժողովուրդն են, բաժանուած երկու երկրի միջեւ: Այսպիսով ադրբեջանցիները դառնում են օղուզ թուրքերի ժառանգները եւ ուղղակի հերքում իրենց աղուանական ծագում ունենալը:
Եթէ սա է իրենց կարգախօսը, ապա քրիստոնեայ աղուանները, ովքեր Ադրբեջանի պնդումով, կառուցել են տարածքում գտնուող եւ այսօր հայկական ճանաչուած բոլոր վանքերը, եկեղեցիներն ու յուշարձանները, իրականում օրերս յայտարարած իրենց թուրք նախնիների կառուցածները չեն կարող լինել: Այսպիսով Ադրբեջանի եւ Արցախի տարածքում գտնուող քրիստոնէական որեւէ յուշարձան, վանք ու եկեղեցի Ադրբեջանի թուրք նախնիների հետ մշակութային որեւէ կապ չի կարող ունենալ:
Ադրբեջանի այս երկակի նախահայրեր ունենալը նրանք առ այսօր գործածել են ըստ իշխող պայմանների: Եւրոպական ու քրիստոնեայ ազգերի հետ բանակցելիս նրանք խօսել են իրենց աղուանական ծագում ունենալու մասին, իսկ Թուրքիայի հետ բանակցելիս նրանց նախնիները դառնում են թուրքական ցեղերը:
Մեր իշխանութիւնները այս հակասութիւնները պէտք է բարձրաձայնեն ԲՈԼՈՐ միջազգային քննարկումներում ու հարթակներում, այսպիսով հերքելով Ադրբեջանի կեղծ եւ հակասական յայտարարութիւնները: Եթէ, ըստ նրանց պաշտօնական յայտարարութիւնների, ադրբեջանցիների նախահայրերը թրքական ցեղերն են եղել, ապա իրենց յայտարարած աղուանական-քրիստոնէական մշակոյթը ներկայ ադրբեջանցիների հետ չունի ոչ մի առնչութիւն եւ իրենցը չի կարող լինել:
Յարգանքներով`
Ռուբէն Գալչեան
Քարտէզագէտ
ՀՀ ԳԱԱ պատուաւոր դոկտոր
10 Փետրուար, 2022