
Ծխախոտի վնասակար ազդեցութիւնը յայտնի է բոլորին: Մինչդեռ ծխելու ազդեցութիւնը դէմքի վրայ ակնյայտ է. բաւական է համեմատել տարիներ շարունակ ծխողի մաշկը, արտաքին տեսքը առողջ ապրելակերպ վարող հասակակիցների հետ:
Ծխելու ժամանակ մաշկը ենթարկւում է միաժամանակ մի քանի վնասակար գործօնների ազդեցութեանը: Այն պատւում է տաք ծխախոտի ծխով, որը խոչընդոտում է մաշկի բնական շնչառութիւնը եւ աղտոտում վերին շերտերը: Ծխախոտի ծխի մէջ առկայ թունաւոր նիւթերի ազդեցութեան պատճառով առաջանում է մաշկի չորութիւն եւ մշտական գրգռուածութիւն:
Ծխելու հետեւանքով արիւնատար անօթները նեղանում են, որի հետեւանքով մաշկը չի ստանում բաւարար քանակով սննդարար նիւթեր, վիտամիններ (կենասնիւթ), միկրոէլեմնտներ (մանրատարր) եւ, ի հարկէ՝ թթուածին: Քայքայւում են էլաստինային (առաձգական), «կոլագենային» թելիկները` բերելով մաշկի առաձգականութեան կորստի: Մաշկը թուլանում է, կախւում, բարակում եւ չորանում:
Ծխողների մօտ վաղ տարիքում առաջանում են կնճիռնէր: Մաշկը ձեռք է բերում դեղնաշագանակագոյն երանգ: Մաշկի գոյնը դառնում է անհամասեռ, առաջանում են գերգունակային բծեր: Ծխող մարդկանց մօտ կրկնապատկւում է մաշկի քաղցկեղի (մելանոմա, տափակ բջջային քաղցկեղ) վտանգը, քանի որ ծխախոտի ծխի մէջ գտնւում են բազմաթիւ վնասակար եւ քաղցկեղ յառաջացնող նիւթեր: Բարձրանում է նաեւ մաշկի եւ լորձաթաղանթների նախաքաղցկեղային նորագոյացութիւնների առաջացման եւ չարորակացման հաւանականութիւնը:
Նիկոտինը մի քանի անգամ մեծացնում է ուռուցքների արագ աճը: Բացի քաղցկեղածին ազդեցութիւնից, ծխախոտ ծխելը բացասաբար է ազդում ցանկացած տեւականեւ սուր մաշկախտների («պսորիազ», «էկզեմա», «նէյրոդերմիտ», «սեբորիա», եւ այլն) ընթացքի վրայ:
Ցաւօք, ծխելու հետեւանքով դէմքի կնճիռները գրեթէ անհնար է հեռացնել առանց վիրահատական եւ ծաւալուն միջամտութիւնների: Բայց կարելի է ազատուել մաշկի կարմրութիւնից, չորութիւնից եւ դրա հողագոյն երանգից, արդէն իսկ ծխախոտից հրաժարուելուց մի քանի ամիս անց: Կան նաեւ այլ բժշկական դեղամիջոցներ եւ հոգեբանական օգնութեան ծառայութիւններ, որոնք կարող են օգտակար լինել: Եթէ պատրաստ էք հրաժարուել ծխախոտից` դիմէք ձեր բժշկին` արդիւնաւէտ եղանակ ընտրելու համար: