Creative Armenia-ն եւ Պօղոսեան հիմնադրամը ուրախ են յայտարարել 2022ի East-West Residency ծրագրի մեկնարկը` մէկամսեայ ստեղծարար կացութիւն Բրիւսելի «Վիլլա Էմպեն» մշակութային կենտրոնում:
2022ի Օգոստոսին, Հայաստանից երեք նորարար արուեստագէտներ կը մեկնեն «Վիլլա Էմպեն»` հանդիպելու եւրոպացի իրենց գործընկերներին, ուսումնասիրելու եւ ստեղծագործելու Բրիւսելում, հայ մշակոյթը եւրոպական արուեստի հարթակներում ներկայացնելու համար եւ կը վերադառնան Հայաստան` աւարտին հասցնելու իրենց նոր ստեղծագործութիւնները:
«Հպարտ ենք Հայաստանի իւրօրինակ արուեստագէտներով եւ ոգեւորուած ենք նրանց ստեղծարար տաղանդը զարգացնելու եւ աշխարհի համար բացայայտելու», ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրէն Կարին Յովհաննէսեանը:
East-West Residency-ն գործարկման արդէն չորրորդ տարում է եւ առաջին կացութիւնն է, որը տրամադրւում է հայ արուեստագէտներին՝ Եւրոպայում: Կացութեան ծրագրի շրջանաւարտների թւում են գեղարուեստական ղեկավար եւ գեղագիր Ռուբէն Մալայեանը, արուեստաբան եւ համադրող Վիգէն Գալստեանը, բեմադրիչ եւ արտադրող Օֆելիա Յարութիւնեանը, պարուհի եւ պարուսոյց Ռիմա Պիպոյեանը եւ գրող ու դասախօս Տիգրան Ամիրեանը:
««Վիլլա Էմպեն»ը կրկին ուրախ է բացել իր դռները Հայաստանի առջեւ։ Մենք անհամբեր սպասում ենք Բրիւսելում 2022ի East-West Residency կացութեան արուեստագէտներին հիւրընկալելուն», ասաց Պօղոսեան հիմնադրամի գլխաւոր տնօրէն Լումա Սալամէն:
2022ի East-West Residency ծրագրի դիմումներն այժմ բաց են Հայաստանում բնակուող բոլոր արուեստագէտների եւ ստեղծագործողների համար: Ծրագրի մասին աւելին իմացէք եւ դիմէք մինչեւ 2022ի Ապրիլի 15 վերջնաժամկէտը՝ կայքէջում:
East-West Residency-ն Creative Armenia-ի եւ Պօղոսեան հիմնադրամի համագործակցութիւնն է, որի մեկնարկը տրուել է 2018ին: Creative Armenia-ն համաշխարհային արուեստի հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը յայտնաբերում, զարգացնում եւ խթանում է նորարար արուեստագէտների արուեստը: Պօղոսեան հիմնադրամը ստեղծուել է 1992ին Ռոբերտ Պօղոսեանի եւ նրա երկու որդիների` Ժանի եւ Ալբերտի կողմից` զարգացմանը եւ կրթութեանը նպաստելու հիմնական նպատակով:
(Հաղորդագրութիւնը՝ Creative Armenia-էն)