Վիրաբոյժին ընտրելուց, խորհուրդ տրւում դիմել մի քանի բժշկի, լսել նրանց եւ հասկանալ, թէ ով կարող է սպասելի արդիւնք տալ: Վիրահատութիւնից առաջ բժիշկը ուսումնասիրում է քթի կառուցուածքի առանձնայատկութիւնները, տեղեկանում առողջական վիճակի, շնչառական խնդիրների առկայութեան մասին, նաեւ հիւանդին ներկայացնում հակացուցումները եւ վիրահատական ու յետվիրահատական հնարաւոր բարդութիւնները: Միայն այս փուլից յետոյ է, որ վերջնական որոշում է կայացւում վիրահատութիւն կատարելու վերաբերեալ:
Հաշուի առնելով հիւանդի ցանկութիւնը, դէմքի առանձնայատկութիւնը եւ բժշկի խորհուրդները` համակարգչի օգնութեամբ դիմագծւում է սպասուած արդիւնքը: Քթի վիրահատութիւնը` ռինոպլստիկան, թոյլատրւում է կատարել 16ից 17 տարեկանից` աղջիկների դէպքում, 17ից 18 տարեկանից` տղաների դէպքում:Քթի վիրահատութիւնը ցանկալի չէ կատարել շոգ ամիսներին, որ բարդութիւններն աւելի քիչ լինեն:
Յաջորդ քայլն ընդհանուր հետազօտութիւններն են` ստուգելու համար առկայ առողջական խնդիրները` կապուած սրտի, շնչառական եւ մարսողական համակարգերի հետ: Պէտք է հաշուի առնել հիւանդի ընդհանուր վիճակը, մաշկը, քթի եւ ատամների եւ ընդհանրապէս պէտք է բացակայէն բորբոքային, թարախային գործընթացները: Սովորաբար ամենաբարդ եւ երկար վիրահատութիւնը չի գերազանցում երկու ժամը:
Վիրահատութիւնից յետոյ հիւանդի քթի շրջանում լինում են ցաւեր, այտուցներ, իսկ աչքերի տակ առաջանում են կապտուկներ: Այս ամէնը, սակայն, երկարատեւ չէ եւ հիմնականում 7-10 օրերի ընթացքում անհետանում է: Խորհուրդ է տրւում յետվիրահատական այս փոքր-ինչ բարդ շրջանն անցկացնել տանը:
Վիրատահութիւնից մօտ 10-15 օր անց քիթն ընդունում է սպասուած տեսքը: Սակայն, վերջնական արդիւնքը տեսանելի է լինում 6-10, երբեմն նոյնիսկ 20 ամիսների ընթացքում: Իսկ մինչ այդ հիւանդին տրւում են որոշակի ցուցումներ` հնարաւոր բարդութիւններից խուսափելու համար: Ֆիզիկական վարժութիւններ թոյլատրւում է կատարել առաջին ամսուայ վերջից, յետոյ ծանրաբեռնուածութիւնը մեծանում է մինչեւ առաջին տարուայ վերջ:
Գրեթէ կէս տարի անհրաժեշտ է խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից, շոգից ցրտից եւ ակնոց կրելուց: