
Արեան բարձր ճնշումը աշխարհում ամենատարածուած առողջական խնդիրներից է: Բարձր ճնշման պատճառով մարդիկ հարկադրուած դեղամիջոցներ են օգտագործում, սակայն ճնշումը իջեցնելու մի քանի միջոցներ կան, որոնք էլ այսօր կը ներկայացնենք:
Արեան նորմալ (բնական) ճնշումը համարւում է 120/80 մմ. սնդիկի սիւն, իսկ արեան բարձր ճնշումը`140/90 կամ աւելի բարձր: Անկանոն ճնշումը բազմաթիւ առողջական լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ: Ի՞նչ անել:
Սահմանափակէ՛ք սննդում աղի օգտագործումը: Յիշէ՛ք, որ աղի օրական չափաբաժինը 2.5 գրամ է: Հրաժարուէ՛ք վերամշակուած սննդից: Կերէ՛ք չափաւոր եւ ցածր իւղայնութեամբ սնունդ: Մեծ քանակութեամբ շաքարաւազի օգտագործումը նոյնպէս կարող է բարձր արեան ճնշման պատճառ լինել:
Սխտորը արեան ճնշումը կարգաւորող լաւագոյն միջոցներից է: Բացի այդ, այն բարելաւում է անօթների առաձգականութիւնը: Արեան ճնշման մէջ կարեւոր դերակատարում ունի «օմեգա 3» ճարպային թթուների պարունակութեամբ սնունդը:
Օգտակար է նաեւ մանրաթելը, այն թոյլ է տալիս վերահսկել ճնշումը` մարսողութեան վրայ դրական ազդեցութեան շնորհիւ:
Նոր հետազօտութիւնները նշում են, որ բարձր արեան ճնշման կարգաւորման համար բարերար ազդեցութիւն ունեն կակաօն եւ մուգ շոկոլադը (տուրմ): Ճակնդեղի հիւթի օրական օգտագործումը եւս կարգաւորում է արեան ճնշումը:
Բժշկին հարցրէք նաեւ սննդային յաւելումների մասին: Միգուցէ որոշակի սննդային յաւելումներ կարող են փոխարինել որոշ դեղամիջոցների:
Եթէ նպատակ ունէք կարգաւորել արեան ճնշումն առանց դեղամիջոցների, ուրեմն պէտք է բացառել նաեւ այլ գործօններ եւս` դադրեցրէք ծխելը, նուազեցրէք սուրճի քանակութիւնը, խուսափէք ալկոհոլից (ոգելից ըմպելի): Սրանք արագացնում են սրտի զարկերը, որն էլ արեան բարձր ճնշման պատճառ է դառնում:
Կարողացէք հանգստանալ, հնարաւորինս խուսափէք սթրեսից (ճնշուածութիւն): 15 րոպէանոց տաք լոգանքը կ՛օգնի նուազեցնել ճնշումը:
Ամէն օր քայլէք եւ կատարէք ֆիզիկական վարժութիւններ: