ՍԵԴԱ ՊԱՐՍԱՄԵԱՆ*

Հայոց Ցեղասպանութեան տարիներին Արեւմտեան Հայաստանի եւ Օսմանեան կայսրութեան մի շարք քաղաքներում ու գիւղերում հայերը կարողանում են ինքնակազմակերպուել եւ զինուած դիմադրութիւն ցոյց տալ երիտթուրքերի ցեղասպանական ծրագրի իրագործմանը: Շնորհիւ այդ դիմադրութեան՝ տասնեակ հազարաւոր հայեր խուսափում են բռնագաղթից եւ բնաջնջումից՝ գերադասելով զէնքը ձեռքին պատուով զոհուել, քան ենթարկուել սպանդանոց տանող տեղահանութեան հրամանին:
Եղերական 1915ին դիմադրական յամառ մարտեր են ծաւալւում մասնաւորապէս Վասպուրականի Շատախ, Արճէշ գաւառներում, Վանի նահանգի կենտրոն Վան քաղաքում Ապրիլ-Մայիս ամիսներին, Յունիսին՝ Շապին-Գարահիսար քաղաքում, Յունիս-Յուլիսին՝ Մուշում, Մարտ-Օգոստոսին՝ Սասունում, Օգոստոս-Սեպտեմբերին՝ Մուսա լերան վրայ, Սեպտեմբեր-Հոկտեմբերին՝ Ուրֆայում, Տրապիզոնում եւ այլուր:
Հերոսամարտի առանձին դր-ուագներ են Եոզղաթի շրջանի Չաթ եւ Կիլիկիայի մի քանի գիւղերի հայութեան գոյամարտերը. ապաստանելով մօտակայ Ագդաղ եւ Ամանոս լեռներում՝ նրանք չորս տարի շարունակ՝ մինչեւ 1918ը, յամառ ու հերոսական դիմադրութիւն են ցոյց տալիս թուրք ոճրագործներին՝ փրկուելով կոտորածներից: Հայկական գոյամարտերի շարքը կարելի է երկար թուարկել:

Որոշ վայրերում հայերը դիմադրում են շատ կարճ, որոշ տեղերում՝ շաբաթներ ու ամիսներ շարունակ, կազմակերպուած կամ տարերային, զինուած կամ շատ քիչ զէնք-զինամթերքով: Որոշ վայրերում ինքնապաշտպանական մարտերն ունենում են յաղթական աւարտ, որոշ տեղերում թուրքական մեծաթիւ ուժերին այնուամենայնիւ յաջողւում է ճնշել հայերի դիմադրութիւնը: Երեւոյթը շատ բազմադէմ է, գնահատականները՝ տարբեր, սակայն մէկ բան ակնյայտ է. արեւմտահայութիւնը յաճախ հէնց այնպէս չի կոտորուել, չի մորթուել «ոչխարների նման», ինչպէս երբեմն ստիպուած ենք լինում լսել հասարակութեան որոշ անիրազեկ քաղաքացիներից, այլ ամէն հնարաւոր պարագայում զէնքը ձեռքին փորձել է պաշտպանել իր եւ իր ընտանիքի կեանքն ու արժանապատուութիւնը:
Կեանքի ու արժանապատուութեան համար մղուող այս պայքարում հարկաւոր է առանձնակի ընդգծել հայ կնոջ ունեցած բացառիկ դերը: Յայտնի է, որ Օսմանեան կայսրութիւնում քրիստոնեաների դէմ իրականացուող մշտական հալածանքների, բռնութիւնների ու առեւանգումների քաղաքականութեան պայմաններում հայ կինը սեփական պատիւն ու երեխաների կեանքը պաշտպանելու համար երբեմն ստիպուած է եղել զէնք վերցնել եւ դիմադրել թշնամուն: Նմանօրինակ հերոսական բազմաթիւ դէպքեր արձանագրուել են ինչպէս համիդեան կոտորածների, Ադանայի եւ յարակից շրջանների 1909ի կոտորածների ընթացքում, այնպէս էլ Հայոց Ցեղասպանութեան տարիներին: Գրեթէ ամէնուր, որտեղ տեղի են ունեցել ինքնապաշտպանական մարտեր, կանայք գործուն մասնակցութիւն են ցուցաբերել ոչ միայն նախապատրաստական-կազմակերպչական հարցերում՝ խրամատներ փորելով, պատնէշներ կառուցելով, այլեւ, զէնքը ձեռքին, ամուսինների կողքին մասնակցել են բուն մարտական գործողութիւններին՝ յաճախ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն:

Արժանայիշատակ է նաեւ թուրք ջարդարարներին դիմադրելու պատրաստ հայ պատանիների մարտական ոգին ու քաջութիւնը, որոնք ուղեկցուել են հերոսական բազում դրուագներով: Յիշատակման է արժանի Տրապիզոնի Ապիոն գիւղի ջոկատը՝ կազմուած զինուած մի խումբ պատանիներից, որոնք իրենց ուսուցչի՝ Գրիգոր Յարութիւնեանի ղեկավարութեամբ հայկական փոքրաթիւ այլ ուժերի հետ կռւում էին Ասլան բէյի 500 հոգանոց զօրաջոկատի դէմ՝ ստիպելով նրանց նահանջել:
Հայկական ինքնապաշտպանական մարտերի ուսումնասիրութիւնը թոյլ է տալիս պնդել, որ Մեծ Եղեռնի տարիներին հայերը կարողացել են կազմակերպուած դիմադրութիւն ցոյց տալ եւ հերոսամարտերը յաղթական ա-ւարտ են ունեցել հիմնականում այն բնակավայրերում, որտեղ հայ տղամարդիկ որոշակի վերապահում են ցուցաբերել օսմանեան բանակ զօրակոչի պահանջին եւ կարողացել խուսափել դրանից: Սա կարեւոր հանգամանք է, քանի որ երիտթուրքերի ցեղասպանական ծրագրի իրականացման առաջնային խնդիրը արեւմտահայութեան մարտունակ եւ ղեկավար ուժի ոչնչացումն էր, ինչը հնարաւորութիւն կը տար հեշտութեամբ ու առանց լուրջ խոչընդոտների իրականացնելու հայ բնակչութեան ծրագրուած տեղահանութիւնն ու բնաջնջումը:

Հայկական ինքնապաշտպանական մարտերը խիստ կարեւոր էին մասնաւորապէս 3 առումով.
1. Չլինէին այդ գոյամարտերը՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերի թիւն անհամեմատ մեծ կը լինէր: Դիմադրական մարտերը որոշ վայրերում, մասնաւորապէս Վանում, Մուսա լեռում, Տրապիզոնում թոյլ են տալիս ժամանակ շահել դաշնակիցների եւ հայկական կամաւորական ուժերի օգնութեան հասնելու համար, ինչը ոչ միայն օժանդակում է անխուսափելի մահուան դատապարտուած տասնեակ հազարաւոր հայերի փրկուելուն, այլեւ ապահովում հայ ժողովրդի մնացած հատուածի գոյութիւնը:
2. Չնայած փոքրաթիւ եւ վատ զինուած լինելուն՝ գրեթէ ամէնուր, որտեղ հայերը դիմում են ինքնապաշտպանութեան, իրենց կազմակերպուածութեան եւ մարտունակութեան շնորհիւ զգալի կորուստներ են պատճառում թշնամուն: Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ հայ երիտասարդներից շատերը՝ շուրջ 5000 հոգի, թուրքական ցեղասպան քաղաքականութեան դէմ պայքարը շարունակում են ֆրանսիական բանակի «Արեւելեան լեգէոն»ի կազմում, որը 1919ի Փետրուարից վերանուանուեց «Հայկական լեգէոն»: Լեգէոնի քառամեայ պատմութեան ընթացքում հայ կամաւորները բազմիցս աչքի են ընկնում իրենց անձնազոհութեամբ՝ մեծապէս նպաստելով պատերազմում Թուրքիայի դէմ տարած յաղթանակին:

3. Այս ամէնն իր հերթին նպաստում է 1918ի Մայիսին՝ դեռեւս Առաջին աշխարհամարտի ընթացքում՝ պետականութեան բացակայութեան պայմաններում, միաւորուել եւ յաղթական ինքնապաշտպանական ճակատամարտեր մղել Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում՝ այդպիսով արեւելահայութեանը փրկելով սպասուող ցեղասպանութիւնից:
Այսպիսով, հայկական ինքնապաշտպանական մարտերն իսկական հերոսամարտեր էին, խիստ անհաւասար պայմաններում պայքար՝ ընտանիքի, սեփական կեանքի, արժանապատուութեան եւ վերջապէս հաւատքի համար: Հերոսամարտերն իրենց մէջ ամփոփում են իւրօրինակ խորհուրդ եւ պատգամ յետագայ սերունդների դաստիարակութեան ու արժեհամակարգի ձեւաւորման գործում: Հայոց պատմութեան այս հերոսոկան էջերն անհրաժեշտ է մշտապէս շեշտադրել եւ միլիոնաւոր անմեղ զոհերի հանդէպ ունեցած վիշտը զուգակցել ազգի տոկունութեան եւ պայքարի վճռականութեան ապացոյցներով:
*Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի թանգարանային ցուցադրութիւնների կազմակերպման բաժնի վարիչ