Ներկայացրեց՝ ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ

Հետեւեալ մէջբերումները ներկայացնում եմ Յակոբ Մխիթարեանի «Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» Պոեմը» գրքից, Հայաստան Գիտութեան ակադեմիայի հրատարակութիւն, Երեւան, 1991․
«Մենք ընդհանրապէս ճանաչում ենք Գ. Նարեկացուն իր հանճարեղ «Մատեան»ով, սակայն նա քիչ ճանաչուած է համաշխարհային հանրութեան մէջ որպէս առաջինը ով գրել է Վերածնունդի մասին: Սա հասկանալի պատճառներով, քանի որ տասներորդ դարում անյայտ հեռու մի Հայաստան կոչուած երկրում նրա գրածները եղել են հայերէնով ու 500 տարի յետոյ եւրոպացին յանկարծ առնչուեց Վերածնունդի հեղինակներին ովքեր խօսեցին ու գրեցին լատիներէնով, անտեղեակ լինելով այդ շարժման ռահվիրայի հետ»:
Յակոբ Մխիթարեանը գրում է «Կեանքը Եւ Գործունէութիւնը» վերնագրում․ «Գրիգոր Նարեկացին ծնուել է 1003ին ու մկրտուել է Արթուն (յունարէն եւս նշանակում է «արթուն, հսկող»)։ Նրա հայրն էր Խոսրով Անձեւացին, եղել է նոյն գաւառի եպիսկոպոս: Կնոջ մահից յետոյ նա իր մատաղահաս որդուն յանձնել է Վանայ լճի հարաւ-արեւելեան ափին կառուցուած (941-965) Նարեկավանքի վարդապետ Անանիա Նարեկացուն, որն ապագայ բանաստեղծի մօրեղբայրն էր:
«Հանճարեղ բանաստեղծն ապրել եւ ստեղծագործել է համեմատաբար խաղաղ շրջանում: Արաբ բռնակալների շուրջ 200 ամեայ ճնշող, հարստահարող, շէն աւաններն ու քաղաքներն աւերող, մարդկանց բնաջնջող կամ գերեվարող, մտաւոր կեանքը ամայացնող տիրապետութիւնը թօթափելուց յետոյ Հայաստանում ստեղծւում են Բագրատունիների եւ Արծրունիների անկախ թագաւորութիւնները:
«Երեկուայ օտար նուաճողներից կեղեքուած ու քամուած, զրկուած ու հալածուած գեղջուկները, ռամիկներն ու արհեստաւորներն այժմ սկսում են անխղճօրէն շահագործուել «ֆէոդալ» (աւատատէր) աշխարհական եւ հոգեւոր տէրերի կողմից: Կեանքն այնքան անտանելի է դառնում, որ դառնութեան մրուրը մինչեւ յատակը ծծած հայ գիւղացիութիւնը ապստամբութեան դրօշ է բարձրացնում եկեղեցու դէմ: Այդ շարժումը յայտնի է «Թորնդրակեան» աղանդ անունով, որի գաղափարները հետագայում տարածուեցին Եւրոպայում:
«Պատմութեանն անծանօթ մարդու համար դժուար կը լինի հասկանալ, թէ ինչու աշխարհիկ ֆէոդալներին թողած՝ թոնդրակեցիները սկսել էին եկեղեցուց: Բանն այն է, որ եկեղեցին խլում էր գիւղացիների հողերը, մարդկանց քշում իրենց հայրենի բնակավայրերից եւ նրանց հողերը դարձնում վանքերի կալուածներ:
«Նարեկացու պէս յոյժ ժողովրդական, զգայուն բանաստեղծը չէր կարող անտարբեր մնալ եւ որեւէ ձեւով չարձագանգել ժողովրդական այդ շարժմանը: Հաւանաբար այդ արձագանգն է եղել նրան բանադրելու պատճառը: Ըստ տուեալների, թոնդրակեցիներին յարելու կասկած է եղել նաեւ Անանիա Նարեկացու եւ ապագայ բանաստեղծ Գրիգորի վերաբերեալ: Սրանք էլ հարկադրաբար թոնդրակեցիներին դատապարտող թղթեր են գրել:
«Մարդ արարածի հոգսերն ու դժգոհութիւնները սկսեց դառնալ ուշադրութեան կարեւոր առանցք: Նարեկացին մտածել է Աստծու, բայց գրել է մարդկանց կեանքի հակասութիւնների մասին: Նա պայքարել է մարդ էակի ազատ մտածողութեան եւ անկաշկանդ զգացողութեան իրաւունքների արմատաւորման համար: Հայաստանում 10-11 դարերում գրականութեան աշխարհականացման գործում անվիճելի է այն դերը, որ խաղաց Նարեկացին։ Ուրիշ ոչ ոքի չէր վիճակուած, իսկ դա տեղի ունեցաւ հենց հոգեւոր, պաշտօնական գրականութեան ներսում: Առհասարակ այդ բոլորը, կարելի է համարել Վերածնունդի անդրանիկ արտայայտութիւններ»: