Համադրեց՝ ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ

Զինուորական բժիշկ Գէորգ Սարուխանեան գնացքով մեկնում էր լեռներում գտնուող իրենց գիւղը, մօրն ու քոյրերին տեսութեան: Երիտասարդ էր՝ համակրելի դէմքով, զինուորականի ձիգ շարժուձեւով: Գոհ էր որ ազնուօրէն ծառայել է հայրենիքին, որ մեծ պատերազմը վերջապէս աւարտուել է եւ որ ահա ինքը, կարճ արձակուրդ վերցրած, գնում է հարազատներին ուրախացնելու:
Վագոնի միջանցքում, պատուհանի մօտ կանգնած, նայում էր ծանօթ գիւղերին, այգիներին, որոնք ետ էին սահում, քաղցր յուշեր արթնացնելով նրա մէջ: Երբեմն մէկն անվստահ քաշում էր նրա թեւը՝
– Լաւ կոստյումացու (կտաւ) ունեմ, մեծ ախպեր, չե՞ս առնի:
Մէկ ուրիշը բոցահանի քար էր առաջարկում, երրորդը կօշիկ կամ ձեռքի ելեքտրական լամբ: Կային նաեւ գինի, խաշած լորի ու զանազան տեսակի բլիթներ վաճառողներ: Սարուխանեանը տհաճութիւն էր զգում այդ շրջմոլիկ առեւտրականներից: Սակայն նրանց մերժում էր առանց կոպտելու: Հասկանում էր որ դրանք հենց նոր աւատած պատերազմի թողած հետքերն էին, անմաքուր, անցողիկ բարքեր:
Շուտով բժիշկը ձանձրացաւ մենակութիւնից եւ ծոյլ քայլեց դէպի հարեւան վագոնները, ոեւէ ծանօթ գտնելու յոյսով: Վագոնից վագոն քայլելիս գլուխը պատահաբար կպցրեց վերեւի դարակում քնած մի կնոջ ոտքին, ուսով կպած մէկի ճամպրուկին եւ այն է, ուզում էր ետ դառնալ, երբ բաց խցիկներից մէկում նկատեց ծանօթ դէմքեր: Ուրախացաւ: Իրենց գիւղից, երկու հոգի, կողք կողքի նստած, պանիր ու հաց էին ուտում:
– Բարե՛ւ, տղերք, ողջունեց Սարուխանեանը:
Երկու համագիւղացիները ակամայ ոտքի ելան ու զարմացած նայելով զինուորական համազգեստով մարդուն, փաթաթուեցին նրան:
– Գէո՛րգ, ախր այս ինչ՞պէս…
– Հա, էլի՛, ո՞վ կը կարծեր, թէ այստեղ կը հանդիպենք միմեանց պատասխանեց Սարուխանեանը:
Նստեցին: Զրոյցն սկսուեց միանգամից: Պարզուեց, որ բժիշկի դպրոցական տարիների այդ երկու ընկերները ուսուցիչներ են եւ վերադառնում են մայրաքաղաքից, մանկավարժական հաստատութեան հերթական քննութիւնները յանձնելուց յետոյ: Սարուխանեանն անվերջ հարցեր էր տալիս նրանց, որքան կարելի է շատ տեղեկութիւն իմանալու համար իր վաղեմի ընկերների, իր հարազատների մասին: Ու տխրեց իմանալով, ընկերներից ոմանք զոհուել են:
– Ձեր հարեւան Արմենակը գնդապետ է դարձել, լսե՞լ ես Գէորգ, յայտնեց ուսուցիչներից մէկը:
– Հա՛ լսել եմ: Եկե՞լ է:
– Նամակն է գալիս: Դեռ ծառայութեան մէջ է:
– Նա ինձնից երեք տարով մեծ է, ասաց բժիշկը: Իսկ նրա եղբայրը Սամուէլը կա՞յ: Միասին ենք սովորել գիւղի դպրոցում:
– Կա՛յ: Նրան բանակ չեն տարել: Նա էլ մեզ հետ էր այս վագոնում, բայց նրան մի տհաճ բան պատահեց քիչ առաջ:
– Ի՞նչ, անհանգստացաւ Սարուխանեանը:
– Քաղաքում ելեկտրական լամպեր է գնել: Վագոնոմ միլիցիայի (ոստիկանութեան) հսկիչները բռնեցին եւ լապտերի հետ տարան: Ասում են՝վաճառքը արգիլուած ապրանք է լամբը, տարան եւ հիմա պահում են մեր գնացքի վերջին վագոնում։
– Մի՞թէ, մռայլուեց բժիշկն ու յիշեց Սամուէլին:
Միասին էին գնում այգիների ձորը, միասին լողանում գետում: Ինքնամփոփ, խեղճ ու համեստ տղայ էր Սամուէլը, բայց լաւ ձայն ունէր: Երեկոները քարափի գլխին նստած երգում էր տխուր, մելամաղձոտ:
Սարուխանեանը տեղից կանգնեց:
– Գնամ Սամուէլի ետեւից, գուցէ մի բանով օգնեմ:
– Լաւ կը լինի, ուրախացան ուսուցիչները, զինուորական մարդ ես, Գէորգ ջան քեզ կը լսեն:
Սարուխանեանը հասաւ այն վագոնը, որտեղ միլիցիայի հսկիչները փակում էին մանր գողերին, շահագէտներին, շրջմոլիկ առեւտրականներին ու նման անձանց: Իրենց այդ տարօրինակ վագոնում, Սարուխանեանը ինքն իրեն հարցրեց.
– Իսկ եթէ Սամուէլը լամպերն շահադիտական նպատակով գիւղ է տանո՞ւմ, այդ դէպքում իմ արարքն ինչո՞վ արդարացնեմ, ինչո՞ւ կեղտոտ գործի միջնորդ դառնամ: Այս տարակուսանքի մէջ էր, երբ մի միլիցիոներ (ոստիկան) կտրեց նրա ճանապարհը:
– Դէնը գնալու տեղ չկայ , ընկեր մայոր (հազարապետ): Միլիցիոները գրպանից խակ սալոր էր հանում, մէկ-մէկ գցում բերանն ու կորիզը թքում հենց վագոնի յատակին:
– Որտե՞ղ էք պահում ձեր բռնած մարդկանց, հարցրեց մայորը, վճռելով հետաքրքրուել Սամուէլի վիճակով:
– Այս վագոնի ետեւի մասում, հրէ՛ն, այնտեղ, պատասխանեց միլիցիոները: Չլինի ձեր բարեկամներից էլ բռնաւոր կայ, ընկեր մայոր:
– Կայ, կայ պատասխանեց Սարուխանեանը, ամաչելով որ արդէն սկսեց միջնորդի դեր կատարել, իմ մանկութեան ընկերոջը բռնել էք ելեկտրական լամպերի համար:
– Հա՛, այդպիսի մէկը կայ բռնուածների մէջ: Շահատէր է երեւում շան որդին: Ի՛նչ իմանաս, հարիւր հատ ելեկտրական լամպ է ճանկել, ինչ իմանաս որտեղից: Լամպը ազատ վաճառքի չէ, շահատէրերը չգիտես որտեղից նման բաներ են ճանկում, տանում գիւղերում հատը հարիւր ռուբլով ծախում: Ձեր մանկութեան ընկերն էլ այդպէս անում, շահատէր է: Ի՛նչ իմանաս:
– Այսպիսի առուծախի համար խի՞ստ են պատժում, հարցուց Սարուխանեան:
– Պետերի գործն է, ինչ իմանաս… բայց էլի մի վեց ամիս կը նստացնեն, մեռնե՛մ օրէնքին, բռնուած ապրանքն էլ կը պետականացնեն: Ի՛նչ իմանաս… ծխախոտ չունէ՞ք…
Միլիցիոները սալորի կորիզը թքեց ու մայորի տուած գլանակը դրեց բերանում:
Սարուխանեանը մտատանջւում էր: Արդեօք ետ չդառնա՞յ: Այս մտքի մէջ էր, երբ զգաց որ մէկը յամառօրէն նայում էր իրեն: Հայեացքը բարձրացրեց, վագոնի վերջին մասին, բաց դրան առանցքից իրեն էր նայում Սամուէլը, այո, դա հենց Սամուէլն է: Նիհար, վախեցած աչքերով, իր մանկութեան խեղճուկրակ ընկերը:
– Սամուէլ, այդ դո՞ւ ես, հարցրեց Սարուխանեանը, վստահ, որ չի սխալւում:
– Ես եմ , Գէո՛րգ ջան, աղեխարշ ձայնով պատասխանեց Սամուէլը, ինձ բոլորովին անտեղի են չարչարում: Երդւում եմ քո կարօտ արեւով, մեղք չունեմ, ես լապտերը մեր դպրոցի համար եմ գնել:
(Շարունակելի)