Համադրեց՝ ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ

– Հաստա՞տ ոգեւորուեց Սարուխանեանը. ուրեմն դու լամպերը տանում ես դպրոցի համա՞ր:
– Բա էլ ինչի՞ համար, Գէո՛րգ ջան, ձայնն ամրացրեց Սամուէլը: Քսաներեք գրասենեակ ունենք, կաբինետներ (աշխատասենեակ), միջանցքներ, ուսուցչանոց: Դասերն էլ երեք հերթի են: Կէսօրից յետոյ սենեակները մթնում են: Ինչպէ՞ս կարող ես խաւարում երեխաներ կրթել, հազար մարդու խնդրելուց յետոյ, ես այդ լամպերը պետական խանութից եմ գնել, երեխաներիս թաղեմ, թէ սուտ եմ ասում: Գէոր՛գ, ջան, միլիցիայի (ոստիկան) ընկերները ինձ սխալմամբ են սպեկյուլանտի (շահագործող) տեղ դրել, օգնիր, Գէորգ ջան:
Սարուխանեանը շեշտակի նայեց միլիցիոներին եւ մեղադրողի ձայնով ասաց.
– Դուք այս մարդուն անտեղի էք բռնել:
– Չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ, գնացէք իմ պետի մօտ: Հրէ՛ն , այն խցիկում է, ասաց միլիցիոները ցոյց տալով պետի խցիկը: Պետը միլիցիայի տեղակալ էր: Վագոնի դարակին անփոյթ նստած նա թերթ էր կարդում: Տեսնելով իր խցիկը մտած մայորին (հազարապետ), արագ պատուի կանգնեց : Այդ յարգանքից խրախուսուած, Սարուխանեանն ասաց.
– Կարելի է ձեզ մի բան խնդրել, ընկե՛ր լէյտենանտ (տեղակալ):
– Խնդրեմ, ժպտաց լէյտենանտը եւ մայորին նստելու տեղ ցոյց տուեց:
Նստեցին դէմ դիմաց:
– Դուք գնացքում բռնել էք մի բոլորովին անմեղ մարդու, ասաց մայորը:
– Խօսքն ո՞ւմ մասին է, լրջացաւ լէյտենանտը:
– Ելեկտրական լամպերի տիրոջ մասին: Ես երաշխաւորում եմ, որ նա սպեկյուլանտ չէ:
– Ներեցէք, ընկեր մայոր, նեղն ընկաւ լէյտենանտը: Այդ մարդ գուցէ ձեր բարեկամն է կամ ընկերը, բայց չնեղանաք, նա սպեկյուլանտ է: Թէեւ առաջին անգամն եմ հանդիպում նրան, բայց համոզուած եմ որ սպեկյուլանտ է, ինձ խաբելը դժուար է, ոնց որ ասում են, ես հին գայլ եմ: Այդ մարդը լամպերը բարձր գիներով վաճառելու համար է ձեռք երել, խօսք չկայ:
– Ոչ, եռանդուն առարկեց մայորը, լամպերը նա գնել է դպրոցի համար, իսկ դա ազնիւ գործ է: Մարդը, հասկանու՞մ էք, տանջւում է դպրոցի համար: Հապա մի լաւ կշռադատեցէք, ընկեր լէյտենանտ, եթէ ձեր երեխան գնա դպրոց ու մնայ մթութեան մէջ…
– Դժբախտաբար ես երեխայ չունեմ, ընդհատեց լէյտենանտը մայորին:
– Ցաւում եմ: Բայց ուրիշ երեխաներն էլ մերն են: Մթութեան մէջ ինչպէ՞ս կարելի է պարապել:
– Այդ մասին թող ժողկրթութեան բաժինը մտածի, ուզեց կարճ կտրել լէյտենանտը:
– Իսկ եթէ այդ բաժնի վարիչն անճարակի մէ՞կն է… կան, չէ՞, այդպիսի անձեռներէց վարիչներ:
– Կան, հաստատեց լէյտենանտը դժկամութեամբ:
– Շնորհակալ եմ, շոյուեց մայորը: Դուք ինձ հասկանում էք եւ բաց թողնէք այդ մարդուն։ Լամպերը նա դպրոցի համար է գնել:
– Փաստաթուղթ չունի, ասաց լէյտենանտը ձեռքերը տարածելով:
– Դա գործի ձեւական կողմն է: Հաւատացէք ինձ, նա սպեկյուլանտ չէ երբեք: Մի ազնիւ ու համեստ մարդ է նա: Ես համոզուած հաւատում եմ նրա մաքրութեան:
– Ներողութիւն, ընկեր մայոր, շատ էք դիւրահաւատ: Խօսք չկայ, բայց ես ախր, ի՞նչ անեմ, հիմա լամպը յատուկ պահանջագրերով են վաճառում, այն էլ ոչ անհատ մարդկանց: Իսկ այդ մարդը նման պահանջագիր չունի: Խօսք չկայ: Ես համոզուած եմ որ նա խարդախ ճանապարհով է այդքան լամբ ճանկել: Յամենայն դէպս կը պահեմ, մինչեւ ստուգենք:
Սարուխանեանը չզիջեց: Խորապէս համոզուած լինելով Սամուէլի անմեղութեան, մեծ համբերութեամբ նա լէյտենանտին բացատրում էր, որ իր ընկերը սպեկյուլանտ չէ եւ բարի գործի համար է լամպեր տանում գիւղ: Այնպէս համոզիչ, այնպէս պերճ էր խօսում նա, որ ինքն էլ զարմանում իր վրայ:
Ի վերջոյ լէյտենանտը զիջեց: Սամուէլին բաց թողին, լամպերով լիքը ծանր արկղն ուսին նա վերադարձաւ իր վագոնը, ընկերների մօտ, նրա ետեւից ուրախ քայլում էր մայորը:
– Անտեղի շառ (փորձանք) էր, Գէորգ ջան ասում էր Սամուէլը: Սպեկյուլա՛նտ… Մարդ նոյնիսկ կը պայթի այդպիսի անպատուութիւնից: Իսկ ես լամպերը դպրոցի համար եմ տանում: Անցեալ տարի շաբաթներով խաւարի մէջ էինք պարապում երեխաների հետ: Դէ՛, արի ու մի լաւ բան կատարիր: Շնորհակալ եմ Գէո՛րգ ջան, դու ինձ փրկեցիր, թէ չէ ամիսներով կը տանջուէի, մինչեւ անմեղութիւնս հաստատուի:
Սարուխանեանը չէր խօսում, նա ուրախ էր, որ օգնեց ընկերոջը, չէ որ Սամուէլը բարի գործ էր անում:
Գիւղ հասան կէս գիշերին:
Երկու օր յետոյ, առաւօտեան, Գէորգը հրաժեշտ տուեց մօրն ու քոյրերին եւ գիւղի ծուռ փողոցներով ոտքով իջաւ դէպի մօտիկ կայարանը:
Մի ցածրիկ տան դարպասի առջեւ կանայք էին խռնուել իրար գլխի: Մի կին, շրջազգեստը գետին փռած, պպզել էլ հաւաքուածների մէջտեղը եւ զամբիւղից մէկ-մէկ լամպ հանելով վաճառում էր:
– Մէկը հարիւր մանեթ, Սամուէլին արեւը վկայ, մի կոպէկ պակաս լինի չեմ տայ, ասում էր նա եւ ուշադիր հաշուելով լամպի փոխարէն ստացած դրամը, խնամքով դնում ծոցում:
Սարուխանեանը նայեց լամպեր վաճառող կնոջը ու ճակատը քրտնեց: Դա Սամուէլի մայրն էր: Մի պահ քարացած մնալուց յետոյ, Սարուխանեանը շուռ եկաւ ու կրակից փախչողի պէս շտապ հեռացաւ: Նա զարհուրեց, յիշելով թէ ինչպիսի՛ եռանդով էր ինքը միլիցիայի լէյտենանտին համոզում, որ Սամուէլն ազնիւ մարդ է, որ…
Աւելի էր վշտանում, երբ յիշում էր Սամուէլի չքմեղ դէմքը, նրա աղեխարշ ձայնը, խնդրելը…:
Սարուխանեանի համար այլեւս կորած էր իր երբեմնի անչարու համեստ ընկերը: Եւ ամենից շատ դա էր ցաւ պատճառում նրան: