
Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ

«Քննութիւն» վէպի ամփոփումի ԺԳ․ բաժինը մեզի ներկայացուց Արգամ Մանասեանի տուայտանքը. անքուն գիշեր մը անցընելէ ետք, ան վերջապէս հասկցած էր, թէ ինչո՞ւ զինք հեռացուցած էին ծխախոտի գործարանի տնօրէնի պաշտօնէն: Անդրադարձած էր, որ իր կողմէ խմբագրուած զեկուցագիրը եղած էր իր «անկում»ին պատճառը ու յիշած էր նախարար Սամսոն Իվանիչի հետ ունեցած անախորժ խօսակցութիւնը: Նախարարը «զգուշացուցած» էր Ա. Մանասեանը, իսկ վերջինս հաստատ մնացած էր իր որոշումին վրայ եւ զեկուցագիրը ղրկած՝«Կենտկոմ»…
Այս բաժնին մէջ երեւան պիտի գայ տեղակալ Վռամ Մաշուրեանի երկերեսութիւնը եւ նկարագիրը:
* * *
«Արգամ Մանասեանը պարզապէս ցնցուեց, լսելով հեռախօսի զանգը: Չսպասելով, որ հնչի երկրորդ անգամ, նա արագ վերցրեց լսափողը: Ո՞վ կարող է լինել այս ժամին:
– Արգամ Պետրովիչ, ներեցէք, խնդրում եմ, Վռամն է: Քնած հօ չէի՞ք:
– Չէ, ի՞նչ քնած, – ակամայ շշնջաց Արգամ Մանասեանը:
– Ես էլ ամբողջ գիշեր չեմ քնել: Մտածում էի, – ասաց տեղակալը: – Ու կարծես թէ գտայ: Իմ կարծիքով պատճառը ձեր զեկուցագիրն է:
– Ես էլ եմ այդ կարծիքին, – ասաց Արգամ Մանասեանը:
– Ախր ես ձեզ ասում էի, չէ՞, ես ձեզ ասում էի, չէ՞, որ գործ չունէք: Մարդիկ սովորել, յարմարուել են իրենց վիճակին, հանգիստ ապրում են: Հե՞շտ է նրանց տեղից շարժելը, ստիպելը, որ հիմա ուրիշ տեսակ մտածեն: Ձեր արածը լուրջ բան չէր, Արգամ Պետրովիչ:
– Դեռ աքաղաղը չի կանչել: Մէկ, – քմծիծաղ տուեց Արգամ Մանասեանը:
– Ի՞նչ աքաղաղ, – հեռախօսի այն ծայրում զարմացաւ Վռամ Մաշուրեանը:
– Աստուածաշնչի, ասաց Արգամ Մանասեանը: – Երբ Պետրոս առաքեալը հաւատարմութեան երդումներ է տալիս Քրիստոսին, Քրիստոսն ասում է. «մի՛ երդուիր, որովհետեւ մինչեւ աքաղաղը կանչի՝ դու երեք անգամ կ՛ուրանաս ինձ»:
– Եղա՞ւ, Արգամ Պետրովիչ:
– Եղաւ, -ակամայ հոգոց հանեց Արգամ Մանասեանը: – Մի՞թէ դու չէիր, Վռամ Մաշուրեան, որ հիացած էիր այդ զեկուցագրով: Մի՞թէ դու չէիր ասում, թէ դա յեղափոխութիւն է մեր բնագաւառում: Նոյնիսկ սարերից իջած գետի հետ էիր համեմատում, որը կենարար շունչ է տալիս թորշոմած, սմքած ծառերին… եւ կեանքի է կոչելու արդիւնաբերութեան ճաքճքուած, պապակ անապատը…
– Չէ, չէ, Արգամ Պետրովիչ, – բղաւեց Վռամ Մաշուրեանը: – Սկզբում, ճիշդ է, հաւանում էի, բայց երբ խորացայ էութեան մէջ… Դուք էլ պէտք է յիշէք, որ ես համաձայն չէի…
– Երկու, – ասաց Արգամ Մանասեանը: – Ես յիշում եմ, որ դու էլ էիր ուզում ստորագրել զեկուցագրի տակ: Ես այն ժամանակ պարզապէս խնայեցի քեզ:
– Դէ, որ այդպէս է, ճիշդը կ՛ասեմ. դու, սիրելի ընկեր Արգամ, ինքդ չէիր ուզում, որ իմ ստորագրութիւնը յայտնուի այդ զեկուցագրի տակ: Միամտաբար կարծում էիր, թէ քեզ անմիջապէս հերոսի կոչում կը տան դրա համար եւ չէիր ուզում դափնիներդ կիսել ինձ հետ: Ճշմարտութի՞ւնն էիր ուզում: Ահա ճշմարտութիւնը: Ու քանի որ դու դափնիներդ չէիր ուզում կիսել ինձ հետ, հիմա էլ հօ յիմար չե՞մ, որ քո պատիժը կրեմ…
– Երեք, – աւելի շատ զարմացած, քան թէ վշտանալով, լսափողը ցած դրեց Արգամ Մանասեանը: – Երեք, – կրկնեց նա արդէն ինքն իրեն: Նոյնիսկ արդէն «դու»ով սկսեց խօսել ինձ հետ: Մի՞թէ աշխարհում ոչ մի բան չի փոխուել երկու հազար տարիների ընթացքում: Ասենք, չէ, ինչո՞ւ չէ փոխուել՝ հիմա աքաղաղ չի մնացել, որ կանչի:
Հա, բայց ի՞նչ է արել ինքը: Այդ զեկուցագիրը հօ այնպէս օդից չի՞ վերցրել. Տարիների ուսումնասիրութիւն է, հետազօտական մանրակրկիտ աշխատանք, հաշուումներ ու հաշուումներ, հսկայական քանակութեամբ գրականութիւն, տարիների փորձ, զրոյցներ ու վէճեր արտադրութեան մարդկանց հետ: Ճիշդ է, նոր բան է՝ դժուար կը լինի իրագործելը, բայց հօ արժէ՞ փորձել, գոնէ փոքր չափերով, մի առանձին տնտեսութիւնում:
Նա յիշեց հեռուստատեսային մի հարցազրոյց, որը նրան ցնցեց իր անկեղծութեամբ: Մեկնաբանը հարցնում էր Ռոստովի մարզի պետական տնտեսութիւններից մէկի ղեկավարին, թէ նա ի՞նչ է կարծում, եթէ յանկարծ ինքնուրոյնութիւն տրուի նրան. պատրա՞ստ է արդեօք: Կարո՞ղ է ինքնուրոյն վճիռ կայացնել, թէ ինչ ցանի եւ ինչպէս ցանի, ինչ ճիւղեր զարգացնի եւ որոնցից հրաժարուի: Եւ յանկարծ տնօրէնը, որը բաւականին տարեց մարդ էր, պատասխանեց.
– Չեմ կարող: Անձամբ ես չեմ կարող: Իմ ուղեղն արդէն ի վիճակի չէ ինքնուրոյն որոշում կայացնելու: Ես սովորել եմ, որ ամէն ինչ թելադրելու են ինձ: Ձմռանը զանգ են տալու, թէ ժամանակն է վերանորոգել գիւղատնտեսական մեքենաները, Գարնանը զանգ են տալու՝ թէ վարի ժամանակն է, թէ հիմա էլ պարարտացնել է պէտք, այսքան-այսքանը այսքան հողին, թէ յետոյ էլ ցանել է պէտք եւ անպայման կարտոֆիլ (գետնախնձոր), որը մեզ մօտ լաւ չի աճում: Յետոյ էլ անկասկած սպասելու ենք, թէ ինչ նոր կարգադրութիւն է լինելու, ե՞րբ սկսենք բերքահաւաքը, ե՞րբ հաւաքենք խոտը, ե՞րբ պատրաստենք սիլոսը (հացահատիկ պահելու շտեմարան) եւ այսպէս ամբողջ տարին: Ես մեղաւոր չեմ, ընկեր մեկնաբան, տարիներ շարունակ մեզ այդպէս են վարժեցրել: Այնպէս որ, եթէ ուզում էք նորութիւն մտցնել, նախ եւ առաջ պէտք է իմ նմաններից ազատուել:
Ահա թէ ինչու նրանց խրտնեցնում է իւրաքանչիւր նորութիւն: Ահա թէ ինչու իրար է խառնուել Սամսոն Իվանիչը»:
* * *
Սիրելի՛ ընթերցող,
Կը յիշէ՞ք նախկին տնօրէնին զգուշացումը Արգամ Մանասեանին, երբ այս վերջինը պիտի փոխարինէր զինք. «վախեցի՛ր Մաշուրեանից, տղա՛ս…» ըսած էր, եւ պատմած թէ ժամանակին իրեն քծնող տեղակալը, գործէն հրաժարելուն լուրը լսելուն պէս՝ ամբողջութեամբ փոխած էր վերաբերմունքը իր հանդէպ: Արգամ Մանասեան հիմա կը հասկնայ, թէ ի՛նչ ըսել ուզած էր նախկին տնօրէնը:
Ան կ՛անդրադառնայ նաեւ, որ Սամսոն Իվանիչէն աւելի ազդեցիկ մէկն ալ պէտք է կարդացած ըլլայ իր զեկուցագիրը եւ հրահանգած ըլլայ զինք գործէն արձակել:
Յաջորդ գլուխին մէջ պիտի իմանանք, թէ ի՛նչ անցած-դարձած է քուլիսներուն ետին:
նկար
0708Krataran
0000Krataran