Էտըմ Շիֆը իր քաղաքական գործունէութեան ամբողջ ընթացքում եղել է հայութեան կողքին, այցելել Հայաստան, Արցախ, յօգուտ հայութեան լուծել բազմաթիւ քաղաքական ու տնտեսական հարցեր:
Քոնկրէսական Էտըմ Շիֆը լուրջ եւ հետեւողական աշխատանք է տարել ԱՄՆում Հայկական Ցեղասպանութեան ճանաչման, Ամերիկա-հայկական կապերի ամրապնդման, Արցախի անկախութեան զօրակցութեան, ամերիկեան յաւելեալ օժանդակութեան եւ բազմաթիւ այլ խնդիրների լուծման գործում:
Էտըմ Շիֆի նախաձեռնութեամբ 2005 թուականի Սեպտեմբեր 15ին, հինգ տարուայ մէջ առաջին անգամ, Ներկայացուցիչների տան միջազգային կոմիտէն ընդունեց Հայկական Ցեղասպանութեան մասին H. Con. Res. 195 որոշումը: Այնուհետեւ նա, Ռատանովիչը, Նոլընպըրկը, Փալոնը ներկայացրել են H. Res. 316 որոշումը, որն արժանացել է Կոմիտէի հաստատմանը: Այդ որոշումը կոչ է անում նախագահին, երաշխաւորել, որ ԱՄՆի արտաքին քաղաքականութիւնը ցուցաբերում է պատշաճ ըմբռնում եւ զգօնութիւն մարդու իրաւունքների, էթնիկ զտումների եւ Հայկական Ցեղասպանութեան վերաբերեալ արձանագրութիւններում Ցեղասպանութիւնը ամրագրելու հարցերին:
Էտըմ Շիֆը մշտապէս հնարաւորութիւններ է փնտռել Քոնկրէսում Հայկական Ցեղասպանութեան զոհերի յիշատակը պատուելու եւ Ցեղասպանութեան մասին օրէնքը լիագումար պալատում քննարկելու համար:
Էտըմ Շիֆը միշտ ամուր կապերի մէջ է եղել իր ընտրողների հետ, սիրով ունկնդրել նրանց եւ լուծել բազմաթիւ հարցեր: Այդ իսկ առումով նա հանդիսացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վեթերանների Կլէնտէյլի միութեան անդամների մերձաւոր բարեկամը: Նա բազմաթիւ անգամներ ներկայ է եղել միութեան միջոցառումներին, լսել ամէն մի անդամի եւ ընդառաջել նրանց կողմից առաջ քաշուած հարցերը ժամանակին լուծելուն:
Էտըմ Շիֆը առաւել ուշադրութեամբ է վերաբերւում պատերազմի ահեղ բոցերի միջով անցած մարդկանց, վկայակոչելով, որ իր հայրն էլ է եղել նրանց թւում:
ԱՄՆի Դեմոկրատական կուսակցութեան անդամ Էտըմ Շիֆը անմնացորդ սիրով է կապուած ողջ հայութեան հետ, ջանք չի խնայում նրանց հարցերին արդարացի լուծում տալու համար: ԱՄՆի մեծ քաղաքացին կրկին իր թեկնածութիւնն է դրել երկրի Քոնկրէսում վերընտրուելու համար: Կոչ ենք անում բոլոր վեթերաններին եւ մեր հայրենակիցներին 2006 թուականի Նոյեմբերի 7ին քուէարկել Էտըմ Շիֆի օգտին, որպէսզի նա կարողանայ իրականութիւն դարձնել հայերին ու Հայաստանին վերաբերող իր բազմաթիւ ծրագրերը: