ՀԱՐՑԱԶՐՈՅՑ` ԳԼԵՆԴԵԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԱՐՏԱՇԷՍ «ԱՐԴԻ» ՔԱՍԱԽԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ապրիլի 5ին Գլենդելի քաղաքապետ դարձաւ հայազգի քաղաքական գործիչ Արտաշէս «Արդիէ» Քասախեանը: Աւելի քան 15 տարի ծառայելով Գլենդելի քաղաքապետարանում որպէս քարտուղար, այնուհետեւ քաղխորհրդի անդամ, Քասախեանն այն բացառիկ պաշտօնեաներից է, ով նշանակալի ներդրում ունի քաղաքի ու հայ համայնքի զօրացման, Հայաստանի եւ Արցախի հետ յարաբերութիւնների զարգացման գործում: Նշուած հարցերը շարունակում են լինել նաեւ քաղաքապետ Քասախեանի առաջնայնութիւնները: Նրա ծրագրերի շարքում են` Գլենդելի ապահովութեան, տնտեսական աճի, կանաչ տարածքների աւելացման հարցերը, Հայաստանի հետ կապերի ամրապնդումը, եւ առաջիկայ ամիսներին Արցախի հետ յարաբերութիւնների սերտացումը` Մարտունի քաղաքի հետ քոյր քաղաքների կարգավիճակի հաստատումով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- 2022 թուականի Ապրիլին դուք ընտրուեցիք Գլենդելի քաղաքապետ: Մինչ այդ, լինելով քաղխորհրդի անդամ, բազմաթիւ ծրագրեր էք ներկայացրել ու իրականացրել: Որո՞նք են որպէս քաղաքապետ ձեր առաջնահերթութիւնները:

ԱՐՏԱՇԷՍ ՔԱՍԱԽԵԱՆ.- Առաջնահերթութիւնները պէտք է կառուցուեն մէկ նպատակի շուրջ` համոզուած լինելու, որ Գլենդելը բնակուելու, արմատներ ձգելու համար բարենպաստ վայր է բոլորի համար: Առաջնահերթութիւնների շարքում է տնտեսական զարգացումը եւ գործարարների համար առաւել բարենպաստ միջավայրի ստեղծումը, որ Գլենդելը դառնայ բիզնեսի համար ընկերային քաղաք: Միաժամանակ, պէտք է հեռահար ծրագրեր ունենանք մեր ենթակառուցուածքների հարցում` իրականացնենք բարենորոգումներ: Պէտք է լուծենք աղբահանութեան հարցը, քայլեր կատարենք ապահովելու համար էներգետիկ (աշխոյժ) անկախութիւնը` հաշուի առնելով նաեւ բնապահպանական հարցերը, եւ այս առումով յորդորում ենք, որ մեր բնակիչներն առաւել ապաւինեն արեւային սալիկներին: Միւս գլխաւոր հարցերից է կանաչ տարածքները շատացնելը, ընտանիքների ու յատկապէս երեխաների համար զբօսայգիների աւելացումը: Այս ուղղութեամբ աշխատում եմ, որպէսզի դպրոցներն արտօնեն, որ իրենց խաղահրապարակները դասերից յետոյ, եւ Շաբաթ ու Կիրակի օրերին բացուեն հանրութեան համար, որպէս հանգստի ու ժամանցի անցկացման վայր:
Քաղաքի տարեցների եւ կարիքաւոր ընտանիքների համար կառուցւում է 500 նոր մատչելի բնակարան: Նաեւ ունենք շուրջ 300 անօթեւան բնակիչներ, որոնց քաղաքապետարանն օգնում է նաեւ առողջական հարցերի առումով:
Որպէս քաղաքապետ, աշխատելու եմ նաեւ աշխուժացնել Գլենդելի մշակութային կեանքը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Քորոնա» ժահրի հետեւանքով ստեղծուած տնտեսական ճգնաժամը կարելի՞ է յաղթահարուած համարել: Ի՞նչ քայլեր են իրականացւում Գլենդելում փոքր եւ միջին բիզնեսներին աջակցելու եւ նորերի ներգրաւման ուղղութեամբ:
ԱՐՏԱՇԷՍ ՔԱՍԱԽԵԱՆ.- Գլենդելում տնտեսական աճ կայ, որ թէեւ «Քորոնա» ժահրի ժամանակ ընդհատուեց, սակայն ներկայում վերադարձել է մինչ համաճարակը տիրող վիճակին: Դժբախտաբար, այլ հանգամանքներ կան, որ ազդում են տնտեսութեան վրայ` լինի դա պատերազմն Ուկրաինայում ու հետեւանքները, եթէ նկատի ունենանք նաւթի, բենզինի գների բարձրացումը, եւ միաժամանակ` երկրում աննախադէպ գնաճը, որն ազդում է ամէն ինչի վրայ: Օրինակ, այս պայմաններում, եթէ ցանկանում ենք, որ մեր աշխատակիցները, բնակիչները շարունակեն ունենալ կեանքի նոյն որակը, պէտք է մենք էլ գտնենք ձեւեր` աւելացնելու աշխատավարձերը նոյն տոկոսով: Այս ամէնում մի դրական երեւոյթ կայ, այն է` աշխատանք շատ կայ, եւ ցանկացողները հնարաւորութիւն ունեն գտնելու: Պարզապէս շատերը չեն ցանկանում աշխատել, եւ այս երեւոյթն անուանուեց «մեծ հրաժարում» (Great resignation), սակայն ներկայում աշխատանքի վերադառնալու դրական միտումներ նկատւում են:
Քաղաքապետարանը մշտապէս ձգտում է օժանդակել փոքր եւ միջին բիզնեսներին: Այդ առումով, համաճարակի օրերին, օրինակ յատկացրեցինք ֆինանսական աջակցութիւն: Շատերը կարողացան յաղթահարել դժուարութիւններն ու շարունակել աշխատանքը: Այս օրերին, երբ «Քորոնա» ժահրով վարակուածութեան թուերը կրկին բարձրանում են, հնարաւոր է, որ նահանգը պայքարի նոր միջոցնէեր կիրառի, կարեւոր է, որ հանրութիւնն էլ պատասխանատուութիւն ստանձնի, եւ կանխարգելիչ միջոցնէր կիրառի` պատուաստուի:Կարծում եմ, որ փոքր եւ միջին բիզնեսները որեւէ քաղաքի ողնաշարն են, եւ մեր բարեկեցութիւնը կախուած է նրանցից նաեւ` մենք բոլորս շղթայի օղակներ ենք, եւ պէտք է թոյլ չտանք, որ շղթան քանդուի:
Գլենդելը գործարարների համար առաւել գրաւիչ դարձնելու առումով էլ քայլեր կատարում ենք` դիւրացնելով որոշ գործընթացներ: Օրինակ, երբ քաղաքապետարանի հաստատմանն են ներկայացնում նոր բիզնես ծրագիր, որտեղ նախատեսուած է տարածքի վերանորոգում, ձեւափոխում, այն արդէն ուղարկում են մեզ էլեկտրոնային տարբերակով, եւ քաղաքապետարանն էլ պէտք է պատասխանի նոյն ձեւաչափով` ի տարբերութիւն նախկինում թղթածրարի, որը բաւական երկարաձգում էր այս գործընթացը: Սա բաւական մեծ ժամանակ կը խնայի դիմորդների եւ քաղաքապետարանի աշխատակիցների համար:
Միաժամանակ, համաշխարհային միտումներին համընթաց, շարունակում ենք Գլենդելը տեխնոլոգիապէս (արհեստագիտութեամբ) առաջատար քաղաք դարձնելու ուղղութեամբ աշխատանքները: Համոզուած ենք, որ Գլենդելում կայ բաւարար ներոյժ, եւ պէտք է մեր երիտասարդներին ներառենք այս զարգացումներում: Քաղաքապետարանը համագործակցում է Գլենդելում գործող, հայ-ամերիկեան «Հիրօ Հաուզ» կազմակերպութեան հետ` փորձելով զարգացնել տեխնոլոգական միջավայրն այստեղ եւ Հայաստանում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Գործարար միջավայրը զարգացնելու գրաւականներից է ապահովութիւնը: Գլենդելը շարունակո՞ւմ է պահպանել անվտանգ քաղաքի իր հեղինակութիւնը` վերջին շրջանում երկրում յանցագործութիւնների աճի պայմաններում:
ԱՐՏԱՇԷՍ ՔԱՍԱԽԵԱՆ.- Յանցագործութիւնների թիւը շատացել է Գլենդելում, ինչպէս ամէնուր վերջին շրջանում, սակայն Գլեդնելը շարունակում է մնալ ԱՄՆում 200 հազար եւ աւելի բնակիչ ունեցող ամենաապահով քաղաքների տասնեակում: Սա իհարկէ չի նշանակում, որ յանցագործութիւններ տեղի չեն ունենում, հակառակը` արձանագրւում են այնպիսի դէպքեր, որ չէին եղել վերջին 15 տարիներին, այդ թւում` յարձակումներ, կողոպուտ, մարդասպանութիւն: Այս առումով, շատ կարեւոր է, որ ապահովենք ոստիկանութեանն անհրաժեշտ միջոցներով, որովհետեւ քաղաքի անվտանգ լինելու հանգամանքը կարեւոր է ոչ միայն տեղի բնակիչների, նաեւ`գործարարների ներգրաւուելու հարցում:
Յանցագործութիւնների աճը պայմանաւորուած է նաեւ բանտերի գերյագեցուածութիւնը մեղմելու քաղաքականութեամբ, ինչի արդիւնքում, շատ յանցագործներ բանտերից վաղաժամկէտ եւ հեշտութեամբ ազատ են արձակւում: Ազատուելուց յետոյ էլ նրանց չեն տրամադրում հասարակութեանը վերաինտեգրուելու (վերահամարկուելու) միջոցներ, եւ նրանք կրկին յանցանք են գործում: Այս երեւոյթն ազդում է նաեւ ոստիկանութեան վրայ, որովհետեւ յուսահատւում են, երբ տեսնում են, որ իրենց կողմից արդարացիօրէն ձերբակալուած անձը չի հետապնդւում գլխաւոր դատախազի կողմից:
Այս խնդրի լուծման համար ես մի գաղափար եմ առաջարկել գործընկերներիս, այն է, որ մենք վարձենք քաղաքի համար մեր սեփական դատախազին, որպէսզի երբ մարզի գլխաւոր դատախազը գերծանրաբեռուածութեան պատճառով օրինակ, յանցագործին չդատապարտի, մեր քաղաքի դատախազը դա իրականացնի: Գլենդելը չունի սեփական դատախազ, ինչպէս այլ քաղաքները, օրինակ՝ Փասադենան: Ներկայում մի շարք օրէնքների փոփոխութիւն է պահանջւում, եւ քննարկում ենք` թոյլ չտալու համար, որ յանցագործներն անպատիժ մնան:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք մշակոյթ էք ձեւաւորում` հնարաւորութիւն էք ստեղծում քաղաքի բնակիչների համար անմիջականօրէն շփուել քաղաքապետի հետ քաղաքապետարանից դուրս` սուրճի կամ թէյի շուրջ: Որքանո՞վ է կարեւոր նման ձեւաչափով հանրութեան հետ հաղորդակցութիւնը:
ԱՐՏԱՇԷՍ ՔԱՍԱԽԵԱՆ.- Շաբաթը երկու օր, ամէն Երեքշաբթի` Չեւի Չէյզ-Ադամս թաղամասում, եւ Ուրբաթ օրը` Մոնթրոզի «Քոֆի Բին» սրճարանում, առաւօտեան 9-10ը հանդիպում եմ քաղաքի բնակիչների հետ: Իւրաքանչիւրը, առանց նախնական ժամադրութեան կարող է մօտենալ ինձ եւ զրուցել իրեն յուզող տարբեր հարցերի շուրջ: Ես լսում եմ բոլորին, եւ լիազօրութիւններիս շրջանակում օգնում: Չեմ սիրում նստել քաղաքապետարանի իմ սենեակում, եւ չզգալ քաղաքի շունչը, եւ նախընտրում եմ շփումները տեղացիների հետ, քանի որ առիթ է մարդկանցից անմիջականօրէն լսելու խնդիրների մասին: Կարծում եմ, որ մենք, որպէս հանրային գործիչներ, պէտք է ծառայենք մեր համայնքին, եւ պէտք է առիթ տանք նրանց, որ ազատօրէն կիսուեն մեր հետ: Յուսով եմ, այլ պատասխանատու պաշտօնեաներ էլ իմ այս քայլին կը հետեւեն` լինի այստեղ, թէ այլ երկրներում եւ քաղաքներում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Յունիսի ընտրութիւններից յետոյ Գլենդելի քաղխորհրդում տեղի ունեցան փոփոխութիւններ: Այս հանգամանքն ի՞նչ ազդեցութիւն կ՛ունենայ աշխատանքների վրայ:
ԱՐՏԱՇԷՍ ՔԱՍԱԽԵԱՆ.- Քաղաքային խորհրդի կազմում վերընտրուեցին Արա Նաջարեանն ու Դենիէլ Բրոթմանը, պայքարից դուրս մնաց Վրէժ Աղաջանեանը, եւ ունեցանք նոր անդամ` Էլէն Ասատրեանը, ով հայազգի առաջին կինն է այդ պաշտօնում: Նա, միաժամանակ, քաղխորհրդի անդամ երկրորդ հայաստանցին է, եւ այս հանգամանքը մեծ նշանակութիւն ունի` հաշուի առնելով Գլենդելում Հայաստանից ներգաղթած բնակչութեան թիւը, եւ այս առումով էլ համամասնութիւնը քաղխորհրդում ճիշդ է ներկայացուած: Կարեւոր հանգամանք է, նաեւ, որ քաղխորհրդի անդամներից երկուսը կին են, եւ գենդերային հաւասարակշռութիւնն էլ պահպանուած է: Ակնկալում եմ, որ Ասատրեանի օրինակին կը հետեւեն այլ հայ կանայք` ներգրաւուելով քաղաքականութեան մէջ:
Անդրադառնալով նորացուած կազմով քաղխորհդի աշխատանքներին, կը լինեն հարցեր, որ կը համաձայնուենք, կ՛ունենանք նաեւ տարաձայնութիւններ, բայց յոյս ունեմ, որ բոլորիս կը միաւորի Գլենդելի բարեկեցութեան, մեր երիտասարդների պայծառ ապագայի տեսլականը:
Արտաշէս Քասախեանը յայտնեց, որ քաղխորհրդի քննարկմանն է ներկայացրել Գլենդելի եւ Արցախի Հանրապետութեան Մարտունի քաղաքի միջեւ քոյր քաղաքների կարգավիճակ սահմանող բանաձեւ: Գլենդելի քաղաքապետը յոյս յայտնեց, որ մինչեւ Հոկտեմբեր այն կ’՛ընդունուի քաղխորհդի կողմից: Այս մասին մանրամասներ ներկայացրել ենք «Ասպարէզ»ի էջերում:
Նշենք, որ Արտաշէս Քասախեանը Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ էր, երբ 2020 թուականի Հոկտեմբերի 27ին քաղխորհուրդը միաձայն բանաձեւ ընդունեց` ճանաչելով Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Բանաձեւում նշւում էր, որ Արցախի Հանրապետութիւնը, որ յայտնի է նաեւ որպէս Լեռնային Ղարաբաղ, պատմականօրէն հայկական տարածք է, որի բնակիչները մշտապէս եղել են հայեր: