Թուրքական ձեռագիրն ամէնուրեք նոյնն է. կարմիրով գրւում է, սեւով՝ ընթերցւում։ Թուրք ժողովրդի եւ առաջադէմ մտաւորականութեան զանգուածային մասնակցութիւնը Հրանդ Տինքի սգոյ արարողակարգին մի՞թէ փաստում է, որ թուրքական հասարակութիւնը, անկախ ամէն ինչից, գիտակցում եւ ընդունում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման անառարկելի ճշմարտութիւնը, ինչը չի համընկնում պաշտօնական Անգարայի տեսակէտի հետ, որը որքան զգուշաւոր է ցեղասպանութիւն բառր արտաբերելիս, այնքան անզգոյշ է գործնականում այն կոծկելիս եւ իրագործելիս։ Մի՞թէ Հրանդ Տինքի սպանութիւնը ցեղասպանութեան հերթական ակտ չէր, իսկ թուրք ժողովրդի զանգուածային մասնակցութիւնը նրա հրաժեշտին, անկախ իր կամքից, այդ իրողութեան առաւել քան պաշտօնական հաստատագրում: Յստակ է մի բան, որ Հայկական հարցի ե՛ւ համաթեքսթում, ե՛ւ ենթաթեքսթում Թուրքիան նոյնն է իր էութեամբ, նոյնն է սպանելիս, նոյնն է սուգը ծիսակատարելիս, նոյնն է ծիծաղելիս, նոյնն է ողբալիս:
Ովքեր են թուրքերը, ովքեր ենք մենք։ Նրանք «իւրայատուկ» են, ընդունակ անգամ «հայ» կոչուելու։ Բայց բղաւելով կամ ծափահարելով հայ չեն դառնում։ Հայ միայն ծնւում են: Իսկ եթէ դուք ձեզ «հայ» էք համարում, ի զօրո՞ւ էք ինքներդ ձեզ հետ ապրել. մեզ ձեզ հետ ապրել չյաջողուեց։ Տինքին էլ չյաջողուեց, որովհետեւ նա ապրում էր մի երկրում, որտեղ նրան ատում էին: Եւ ինչքան կարելի է ինքնաժխտմամբ ապրել, երբ ժխտելու ոչինչ չկայ։
Բայց դա թուրքերի համար տեսակի եւ ինքնութեան հարց է. թուրք են, բայց իրենց «հայ» են համարում, «հայ» են ինքնակոչում, բայց թուրքի պէս են մտածում, Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ժխտում են, բայց թաղման թափօրի մէջ սգում են, մի ձեռքով ազգասպանում են, միւսով ծաղիկներ են դնում. ահա թէ որն է թուրքական այսօրուայ ինքնութեան իւրայատկութիւնը:
Թուրքիա՛, բաւակա՛ն է ապրես քո պատմական թոյնի վերաներարկման հաշուին, ասա՛ քո ժողովրդին ճշմարտութիւնը, իննսուն տարի ստել ես, եւ քեզ հաւատացել են, մի՛ սարսափիր, ասա՛ ճշմարիտը, եւ քեզ կրկին կը հաւատան:
Հրանդ Տինքը մի՞թէ Թուրքիայի քաղաքացի չէր։ Քաղաքացի էր, բայց ազգութեամբ հայ էր, քաղաքացի էր, բայց նրա հայեացքները չէին համընկնում իշխանութեան պատմաքաղաքական ուղեգծին։ Ուրեմն ի՞նչ, պէտք է սպանուէ՞ր, այսինքն՝ ցեղասպանուէր, որովհետեւ ապրում էր մի միջավայրում, որը կեղծում է իրականութիւնը եւ այլաձեւում պատմութիւնը։
«Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Տինք ենք», բղաւում է թուրք հանրութիւնը. կատարեալ յեղաշրջո՞ւմ, թէ՞ իրարանցում թուրքական գիտակցութեան մէջ։ Լսի՛ր, Հրա՛նդ Տինք, նրանք պատրաստ են նոյնիսկ իրենց ազգութիւնը ուրանալ, միայն թէ չընդունեն Ցեղասպանութիւնը, եւ սա քո յաղթանակն է:
Ովքե՞ր սպաննեցին Տինքին։ Մի՞թէ այն «գործիքները, որոնք չեն զղջում եւ անառակաբար կեաւուր են յորջորջում»։ Բայց մի՞թէ գործիքը կարող է զղջալ կամ տրամաբանել։ Այդ գործիքը մասն է այն հայատեաց թուրք միջավայրի, որը հէնց ինքն է մի գործիք իր անցեալի ձեռքում:
Թուրքիան բանտարկուած է ինքն իր մէջ եւ խճճուած իր պատմութեան որովայնում, իսկ այնտեղ չի կարող լուսաւոր միտք լինել կամ հոգեւոր-բարոյական արժէքների ազատ քննարկում. բնականոն է, քանզի որովայնում ընչաքաղցութիւնից եւ եսասիրութիւնից բացի այլ արժէքային համակարգ գործել չի կարող: Հրանդ Տինքը Թուրքիայի արդի պատմութեան մէջ այն միակ լուսաւոր հետքն է, որը պաշտօնական Անգարան խոհեմ լինելու դէպքում չի կորցնի եւ քննութեան առնելով իր անցեալն ու ներկան՝ թուրք ժողովրդի ապագան չի կառուցի ցեղասպանութիւնների մթնոլորտում:
Ինչքան ուզում է՝ Անկարան թող բարձրաձայն արտասուի, մէկ է, այդ արտասուքի իւրաքանչիւր կաթիլի մէջ մի հայ ընտանիքի ճակատագիր է այրւում, մի քաղաքացու պատմական եւ կենսական իրաւունք է ոտնահարւում, իսկ կաթիլի բաղադրութեան մէջ այնքան յստակ է նշմարւում բոսորը, որքան արիւնը օրը ցերեկով՝ սալայատակին:
1915թ. Պոլսում վերարծարծուեց եւ իւրովի լուծուեց Հայկական հարցը. այն է՝ կազմակերպուեց մէկուկէս միլիոն հայութեան պաշտօնական յուղարկաւորութիւնը՝ նախճիրի տեսքով: 2007 թ., կրկին Պոլիս. շարունակւում է նոյնը աւելի «քաղաքակիրթ» կերպով։
Մի՞թէ Թուրքիան չհասկացաւ, որ իր խնդիրը ոչ թէ Հայկական հարցի, այլ հենց իր մէջ է, որ իր պայքարը ոչ թէ հայկական շողքի, այլ թուրքական ստուերի հետ է, ոչ թէ հայ ինքնութեան ոչնչացման, այլ իր պատմական ինքնութեան վերարժեւորման եւ վերաիմաստաւորման մէջ է:
Բա՞րդ է հասկանալը, որ ձեր եւրոպականացման հարցում մենք աւելի շահագրգռուած ենք, քան դուք ինքներդ, քանզի «քաղաքակիրթ» դառնալու պարագայում գուցէ գիտակցէք, որ ձեր արածը ցեղասպանութիւն է եւ ուրիշ ոչինչ:
Որքան քաջաբար ծեծում էք Եւրոմիութեան դռները, նոյնքան քաջութեամբ ասէք ճշմարտութիւնը: Թուրքիան իր վերամարմնաւորման փրկութիւնը փնտռում է եւրոպական բժշկութեան մէջ. նրան հրաշքներ չեն խոստանում, բայց փաստում են, որ իրենք չեն կարող վիրահատել մի մարդու, որի խնդիրը հոգու եւ ինքնութեան մէջ է, ծինային թերարժէքութեան բարդոյթի եւ վայրագութեան մէջ է, ցեղասպանելու ժառանգական արհեստի մէջ է: