Իւրաքանչիւր երկրամասի էթնիքական գործընթացների ուսումնասիրութիւնը պահանջում է նախ եւ առաջ քննարկել տուեալ շրջանի բնակչութեան ազգային կազմն ու նրա առանձին փոփոխութիւնները պատմական որոշակի շրջափուլերում: Դրա հետ մէկտեղ՝ մեծ նշանակութիւն ունեն բնակչութեան տեղաշարժերը, այսինքն՝ գաղթերը, որոնք մեծապէս ազդում են հետազօտուող շրջանի էթնիքական քարտէսի վրայ:
Քաշաթաղի եւ Քարվաճառի գաւառները հնուց ի վեր ունեցել են հոծ հայկական բնակչութիւն: Այդ են վկայում բազմաթիւ հայկական յուշարձաններն ու պատմական աղբիւրները: Միայն Քարվաճառի տարածքում մինչեւ 18րդ դարի 30ական թուականները գոյութիւն են ունեցել 140 մեծ ու փոքր գիւղեր: Նոյն ժամանակաշրջանում Քաշաթաղում գոյութիւն է ունեցել Քշթաղի մելիքութիւնը, որի մելիքը՝ Հայկազը, բաւական մեծ հեղինակութիւն ունեցող անձնաւորութիւն էր եւ վայելում էր պարսից արքունիքի վստահութիւնը:
Ընդհանրապէս այս տարածքում գտնուող գիւղատեղիների ուսումնասիրութիւնից պարզւում է, որ յիշեալ գաւառների բնակավայրերը եղել են բազմամարդ (500-1000 մարդ): Մինչեւ 18րդ դարի 30ական թուականները գաւառների բնակչութիւնը բացառապէս եղել է հայկական: Գաւառների սահմանակից վաչկատուն ցեղերը, հայ մելիքներին հարկ տալու պայմանով, իրենց հօտերով բարձրանում էին ամառային արօտավայրեր: 18րդ դարի 20ական թուականներին տեղի ունեցած յայտնի իրադարձութիւններից, այսինքն՝ Դաւիթ Բէկի ստեղծած ինքնիշխան իշխանապետութեան մարումից եւ Արցախի սղնախների անկումից յետոյ, հայ մելիքները կորցրին իրենց ազդեցութիւնը վաչկատուն ցեղերի նկատմամբ, իսկ բնիկ հայ տարրը, չկարողանալով դիմակայել թուրքական եւ քրտական ցեղերի բազմաբնոյթ ճնշումներին, բռնել էր գաղթի ճամբան, բացի հայկական երկու գիւղերից (Ալղուլի ու Հարար):
ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺՆ ՈՒ ՀՈՂԻ ԿՈՐՈՒՍՏԸ
Հայերի գաղթից յետոյ խաշնարած ցեղերի համար մուտքը դէպի հայկական գաւառներ միանգամայն ազատ էր: Քաշաթաղի եւ Քարվաճառի գաւառներում հիմնականում հաստատուեցին քրտական խաշնարած ցեղեր: Ընդարձակ (շուրջ 4000 ք.քմ.) լեռնաշխարհի բնակեցումը խաշնարած ցեղերով մեծ թափ ստացաւ Ղարաբաղի խանութեան կազմաւորումից յետոյ:
Քաշաթաղի շրջանում ապրող քրտերի նախահայրերը Ճելոյա կոչուած ցեղից էին, որն իր հերթին բաժանւում էր զանազան մեծ ու փոքր տոհմերի, ինչպէս, օրինակ՝ հասանլար, ալւաթլար, թաւուքլար, պիւազլար եւ այլն: Իրենց ընկերային-քաղաքական դիրքերն ամրապնդելու նպատակով Ղարաբաղի Փանահ ու Իպրահիմ խաները Վրաստանից, Նախիջեւանից ու Երեւանի խանութիւններից Ղարաբաղ փոխադրեցին փիւսեան, կարաչարլի, ջինլի, դէմիրչի-հասանլի, հաջիսամլու, քոլանլի, սաֆիքիւրտ, ալիանլու եւ այլ թափառական ցեղերի, որոնց բնակեցրին հայկական ամայացած գիւղերում: Քարվաճառի ու Քաշաթաղի գաւառներում բնակեցուեցին հիմնականում հաջիսամլու, քոլանլի, ալիանլու, սուլթանլու, կարաչոռլու քրտական ցեղերը: Սրանք հիմնականում պատկանում էին շիի դաւանանքին եւ դարձել էին թիւրքալեզու: 1795-98 թուականներին այստեղ տեղափոխուեց մինջուվանլու ցեղը: Այս ցեղերից իրենց դաժանութեամբ աչքի էին ընկնում ալիանլու եւ քրտական ուրիշ ցեղեր: Ալիանլու ցեղի քրտերը 19րդ դարի սկզբին յարձակւում են Խծաբերդ հայկական մեծ գիւղի վրայ եւ հաշուեյարդար տեսնում նրա բնակչութեան հետ: Գիւղն ամայացաւ, փրկուած բնակչութիւնը գաղթեց եւ հաստատուեց Շուշիի մերձակայքում՝ Քարին Տակ գիւղում: Տարօրինակ է, որ Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանների տարածքի իւրացման գործը մահմետականների կողմից շարունակուեց նաեւ ռուսական տիրապետութեան շրջանում: 1821 թուականի Հոկտեմբերի 7ին Ղարաբաղի Մեհտի Ղուլի խանը դիմում է Վելեամինովին՝ Երեւանի խանութիւնից 200 տուն քոլանի քրտերին Ղարաբաղ տեղափոխելու նպատակով, որոնց բնակեցնում է Քարվաճառի շրջանում: Վալերիան Մատաթովը Շիրվանից այստեղ տեղափոխեց ղլիչցիներին, իսկ Ղազախից ու Բորչալուից՝ կարադէմուրչինցիներին:
Ըստ 1823 թուականի Կամերալ ցուցակագրութեան տուեալների՝ Քաշաթաղի եւ Քարվաճառի գաւառներում հայ բնակչութիւն դեռեւս կար Ալղուլի (42 ընտանիք) եւ Սէիտլար (3 ընտանիք) գիւղերում: 1832 թուականի տուեալներով Ալղուլիում կար 32 հայ ընտանիք:
19րդ դարի կէսերին Քարվաճառի գաւառում արդէն կային վաչկատունների 39 բնակատեղիներ, իսկ Ալղուլի շէնի մերձակայքում՝ վաչկատուն քրտերի 16 բնակատեղիներ:
ՔԱՇԱԹԱՂԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԷՔԸ
Քաշաթաղի եւ Քարվաճառի էթնիքական միջավայրը դիտարկելիս կարելի է առանձնացնել երկու շրջաններ.
Ա.- Տարածքում հնուց ի վեր միատարր հայկական զանգուածի առկայութեան շրջան,
Բ.- Խաշնարած ցեղերի՝ տարածք ներթափանցման շրջան:
Հետագայ ողջ ժամանակաընթացքը յագեցուած է եղել բնիկ եւ եկուոր էթնիք տարրերի հակամարտութեամբ: Այս հակամարտութիւնների հիմքում, բացի էթնօկրօնականից, ընկած է եղել նաեւ տրամագծօրէն հակառակ որոշակի տնտեսամշակութային տիպերին պատկանելու գործօնը: Ի տարբերութիւն բնիկ, նստակեաց հայերի, ովքեր հնուց ի վեր ապրում էին երկրագործական, անասնապահական տնտեսակարգով, եկուոր վաչկատուն ցեղերն զբաղւում էին վաչկատուն անասնապահութեամբ. այստեղից նրանց ընդհանուր շահերի հաշտեցման դժուարութիւնը, ինչպէս նաեւ կենցաղի կազմակերպման անհնարինութիւնը միեւնոյն սկզբունքով:
Ամէն դէպքում, Քաշաթաղի ու Քարվաճառի հայաթափումը, հետագայում տարածաշրջանը թիւրքացած քրտական ցեղերով բնակեցնելն ահաւոր ծանր հարուած հասցրին Հայաստանին ու հայ ժողովրդին: Քրտաթուրքաբնակ Քարվաճառն ու Քաշաթաղը դարձան այն գլխաւոր ժողովրդագրական ու աշխարհագրական խոչընդոտը, որը 1917-1921 թուականներին թոյլ չտուեց Արցախի հայութեանը յամառ պայքարից յետոյ նոյնիսկ երկրամասը Մայր հայրենիքին միաւորելու: Եթէ այդ շրջանները 18րդ դարի առաջին երեսնամեակում չհայաթափուէին, ո՛չ 1918 թուականի թուրքական յարձակումը, ո՛չ անգլիացիների հետագայ քայլերը Հայաստանի դէմ, ո՛չ մուսաւաթական կառավարութիւնն ու մեծամասնականները (»Ա.«.- Պոլշեւիկները) չէին կարողանալու կտրել Արցախը Մայր հայրենիքից: Սիւնիքի՝ նոյն տարիների փորձառութիւնը ասուածի լաւագոյն վկայութիւնն է:
Մէկ հարցում եւս տարակոյսներ չեն կարող լինել. առանց Քաշաթաղի ու Քարվաճառի թուրքացած քրտութեան դուրսմղման՝ անհնարին էր լինելու մերօրեայ Արցախի յաղթանակը: Ինչեւիցէ. պատմական դառը փորձը, անհաշիւ կորուստները հաստատում են, որ առանց ժողովրդագրական առումով հայեցի, ամուր, բազմամարդ Քարվաճառի ու Քաշաթաղի, թէ՛ Արցախի եւ թէ ամբողջութեամբ Հայաստանի ներկան ու ապագան անորոշ ու վտանգուած են մնալու: Մինչդեռ, զինադադարից յետոյ անցած 12 տարիների ընթացքում շուրջ 175-180 տարի առաջ լքուած բազմաթիւ հայկական բնակավայրեր առայժմ ամայի են: Էլ ուր մնաց, թէ խօսք գնայ այդ գաւառների ժողովրդագրական հզօրացման մասին: Մինչդեռ, հէնց այդ պէտք է վաղուց լինէր մեր ազգային ծրագրի էական բաղադրիչը: