Որոշ ուշացումով լոյս է տեսել«Վէմ» հանդէսի 2022ի 3րդ համարը, որում տեղ են գտել առաջատար գիտնականների հիմնարար ուսումնասիրութիւններ։
«Վէմ»ի հերթական համարը հարուստ է այնպիսի հրապարակումներով, որոնք փորձում են գտնել այսօր հայ հանրութեան առջեւ ծառացած մի շարք հրատապ հարցերի գիտական պատասխանները՝ վեր կանգնելով ընթացիկ-քաղաքական շահախնդրութիւններից։ Նախ՝ խմբագրականի միջոցով, «Վէմ»ը, քննելով մեր երկրի շուրջը ծաւալուող ոչ միշտ տեսանելի տեղաշարժերը, լոյսի շող է ուրուագծել 2018-2022ի Հայաստանի շուրջը ստեղծուած աշխարհաքաղաքական մութ փապուղիի վերջում, որն ազգովի որսալու խնդիր ունենք այսօր։
Երկրորդ՝ «Հիմաքարեր» բաժնում հրապարակուել է Հայոց Ցեղասպանութեան թանգարան- հիմնարկի տնօրէն Յարութիւն Տ. Մարութեանի յօդուած-առաջարկութիւնը՝ Հայաստանի դպրոցներում «Հայոց Ցեղասպանութեան հիմահարցեր» առարկայի դասաւանդման մասին։ Դրա համար որոշակի հիմքեր էին ստեղծուել դեռ Հայաստանի նախորդ իշխանութիւնների օրօք, բայց այժմ, երբ Միացեալ Նահանգներում անգամ նման դասընթաց է մտցւում, մենք այլեւս չպէտք է յապաղենք։
Երրորդ՝ Ք.Ա. 68 թուականի Սեպտեմբերի 16ի Արածանիի ճակատամարտում Հռոմի զօրքերի հանդէպ Հայաստանի յաղթանակի 2080ամեակի առթիւ հրապարակուել է Ռուբէն Լ. Մանասերեանի ծանրակշիռ ուսումասիրութիւնը։ Դա, անկասկած, նոր խօսք է Տիգրան Մեծի հերոսական կերպարի բացայայտման ասպարէզում ինչպէս հետազօտողների տեսադաշտից դուրս մնացած հայոց արքայի բարեմասնութիւնների ներկայացման, այնպէս էլ մեզ համար խիստ արդիական խնդրի՝ Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ քաղաքակրթական նոր համադրութեան ձեւաւորման նպատակով։ Այդ հերոսական դարաշրջանի ոգին բացայայտելու համար հրապարակուել են նաեւ Տիգրան Մեծի ժամանակներից պահպանուած բազմաթիւ արձանիկների լուսանկարներ, բացայայտուել է դրանցից իւրաքանչիւրի խորհրդանշական իմաստը։
Մերօրեայ քաղաքական բանավէճում ճիշդ կողմորոշուելու առումով խիստ արդիական է նաեւ հայոց ռուսական կողմնորոշման սկզբնաւորման հարցին նուիրուած Արարատ Մ. Յակոբեանի ծաւալուն ուսումասիրութիւնը, որում Իսրայէլ Օրու կեանքի ու գործունէութեան իրական պատմութիւնը ներկայացնելու միջոցով բացայայտւում է երկար տատանումերից յետոյ նրա իրականացրած ռուսական շրջադարձի խորքում ընկած քաղաքակրթական հիմապատճառը՝ պետրոսեան Ռուսաստանի եւրոպական արեւելումը։
«Վէմ»ի հերթական համարը հարուստ է բազմաթիւ այլ հետաքրքրական հրապարակումներով:
(Հաղորդագրութիւնը՝ «Վէմ»էն)