Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնութեամբ եւ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի աջակցութեամբ, Նոյեմբերի 11-13ին, Լոս Անջելեսում տեղի ունեցաւ «Լեռնային Ղարաբաղն այսօր եւ վաղը» խորագրով համաժողով, որին իրենց մասնակցութիւնը բերեցին առաջատար մասնագէտներ տարբեր երկրներից: Քննարկուեցին Արցախում հայկական մշակոյթի պահպանութեան խնդիրները, անդրադարձ կատարուեց նաեւ աշխարհաքաղաքական, դիւանագիտական եւ իրաւական հարցերին:
Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգութեան պահպանութեանը նուիրուած միջազգային համաժողովների շարքում այս հանդիպումն արդէն չորրորդն է:
Քննարկուեցին արցախեան 44օրեայ պատերազմի հետեւանքով ադրբեջանական վերահսկողութեան տակ անցած հայկական հոգեւոր, մշակութային ժառանգութեան պահպանմանն ուղղուած ծրագրերը`մտահոգութեամբ անդրադառնալով յուշարձանների ոչնչացման փաստերին, ինչպէս նաեւ արձանագրելով նախկինում Ադրբեջանի` հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման հետեւողական քայլերը:

Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնուելուց յետոյ, 1997-2006 թուականներին, Նախիջեւանի ողջ տարածքում ոչնչացուեց 89 եկեղեցի, մօտաւորապէս 6000 խաչքար եւ աւելի քան 22000 տապանաքար:
Համաժողովն ընդգծեց, որ Ադրբեջանի կառավարութիւնը պէտք է դադարեցնի պատմական յուշարձաններից հայկական հետքերը վերացնող աշխատանքային խմբի գործունէութիւնը եւ թոյլատրի ԵՈՒՆԵՍՔՕի միջազգային մշակութային ժառանգութեան մասնագիտական ու դիտորդական անկախ խմբերին եւ համապատասխան այլ կազմակերպութիւններին հետեւել Լեռնային Ղարաբաղի յուշարձանների ներկայ վիճակին: Համապատասխան շահագրգիռ կողմերը, մասնաւորապէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պէտք է ապահովեն աղօթատեղիներ եւ գերեզմանատներ մուտք գործելու հիմնարար իրաւունքները:
Կազմակերպիչները խոստացան շարունակել համատեղ աշխատանքները եւ համաժողովի աւարտից յետոյ ներկայացնել գործողութիւնների յստակ ծրագիր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Աւստրիայում, Ռուսաստանի Դաշնութիւնում եւ Ամերիկայում կայացած համաժողովների ժամանակ բարձրաձայնուած խնդիրների ու դրանց լուծումների վերաբերեալ:
Միջազգային հանրութիւնը պէտք է անհրաժեշտ ճնշում գործադրի ապահովելու Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտաւորութիւնների կատարումը` մարդու հիմնարար իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութեան, ներառեալ մշակութային ժառանգութեան պահպանութեան ուղղութեամբ:
(Թղթակցութիւնը՝ Ս. Էջմիածինէն)
