
Նախքան ծնող դառնալը պատկերացնում ենք խաղաղ, հանգիստ քնած փոքրիկի, իսկ ծնողները ձեզ կ՛ասեն, որ նորածնի պէս քնելը բնաւ այն գովազդային պատկերը չէ, որը ներկայացւում է ֆիլմերում ու գովազդներում:
Յաճախ հէնց այս անիրատեսական պատկերն է ստիպում ծնողներին սխալներ փնտռել այնտեղ, որտեղ ամէն բան բնական է: Իսկ իրականութեան ու ակնկալիքների անհամատեղելիութիւնն իր հերթին կարող է յանգեցնել յետծննդեան ընկճախտի, տագնապայնութեան, որն էլ իր հերթին յանգեցնում է աւելի վատ քնի, կերակրման հետ դժուարութիւնների եւ էլ աւելի մեծ յոգնածութեան եւ ընկճուածութեան:
Նորածնի քունը յատուկ կշռոյթ չունի: Դեռեւս չկան ձեւաւորուած գիշեր-ցերեկ ռիթմերը: Բալիկը կարող է քնել միայն ձեռքերին: Կարող է քնել միայն գրկուած լինելով: Կարող է քնել ինքնուրոյն: Կարող է քնել օրօրոցում: Այս ամէնը բնական է եւ կարող է փոփոխուել մօտակայ ամիսների ընթացքում: Նորածնային շրջանը մայրիկի ու բալիկի հանդիպման, միմեանց ճանաչելու եւ աշխարհին միասին յարմարուելու շրջանն է:
Իսկ ի՞նչ անել:
Հետեւել, որ առաջին 4 ամիսների ընթացքում երեխայի հիմնական պահանջմունքները` քուն, սնունդ, կապուածութիւն, ուղղակի բաւարարուած լինեն: Ժամանակացոյցով կերակրելն ու սնուելը պարտադիր պայման չէ, աւելի կարեւոր է հետեւել փոքրիկի բնական նշաններին:
Խորհուրդ է տրւում քնել բալիկի հետ, ցերեկուայ ընթացքում ունենալ հանգստի ժամեր:
Կարեւոր է յիշել բալիկի հետ մաշկը մաշկին շփման կարեւորութեան մասին (թէ՛ արթուն, թէ՛ քնած ժամանակ),
Մայրիկի համար անչափ կարեւոր է չվախենալ, ժամանակ տալ թէ՛ ինքն իրեն, թէ՛ իր փոքրիկին: Եւ թող սպասի ողջ աշխարհը…
Նիւթի աղբիւրը՝ momcenter.am