Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը հրապարակեց յայտարարութիւն մը, որուն մէջ միջազգային գործընկերներուն եւ ամբողջ յառաջադէմ մարդկութեան ուշադրութիւնը հրաւիրեց այն փաստին, որ առաւել քան երեք շաբաթէ ի վեր, Ատրպէյճան շրջափակման մէջ կը պահէ Արցախը՝ կոպտօրէն խախտելով Լաչինի միջանցքի՝ 9 Նոյեմբեր 2020ի եռակողմ յայտարարութեամբ ամրագրուած դրութիւնը եւ արգելափակելով Արցախը Հայաստանին եւ ամբողջ աշխարհին կապող կեանքի ճանապարհը: Այս մասին կը տեղեկացնէ «Արմէնփրէս»ը:
Նշեալ յայտարարութեան մէջ կ՛ըսուի հետեւեալը.
«Արդէն 23րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջեւ բռնի տեղահանութեան է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը՝ շարունակելով էթնիկ (ցեղային) զտումների իր քաղաքականութիւնը: Հումանիտար (մարդկասիրական) ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օրէցօր ահագնանում է:
«Աւելի ու աւելի զգալի է դառնում առաջին անհրաժեշտութեան ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը: Շօշափելի է դառնում թերսնման վտանգը: Հարիւրաւոր ընտանիքներ շարունակում են բաժանուած մնալ՝ գտնուելով ադրբեջանական բլոկադայի (շրջափակման) տարբեր կողմերում: 120 հազար մարդ յայտնուել են փաստացի գերեվարուած կարգավիճակում:
«Ադրբեջանական կողմի պնդումները, թէ Լաչինի միջանցքն իրականում բաց է, միանգամայն անհիմն են, ինչի ապացոյցն է առնուազն այն, որ միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի մեքենաներով է թոյլատրւում կեանքի վտանգի առաջացման դէպքում սահմանափակ թուով հիւանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետութիւն:
«Ստեղծուած իրավիճակում կարեւորում ենք 2022թ. Դեկտեմբերի 20ին ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի հրատապ նիստի անցկացումը, որը հրաւիրուել էր հայկական կողմի խնդրանքին ի պատասխան՝ Լաչինի միջանցքի փակման եւ Լեռնային Ղարաբաղի բնակչութեան վրայ դրա հումանիտար հետեւանքները քննարկելու նպատակով:
«Մենք մեծապէս գնահատում ենք ԱԽ անդամների գերակշիռ մեծամասնութեան կողմից հանրայնօրէն արտայայտուած ու յստակ կոչերը՝ Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը վերացնելու եւ միջազգային կառոյցների՝ Լեռնային Ղարաբաղ մուտք ապահովելու վերաբերեալ: Ողջունում ենք նաեւ ԱԽ յիշեալ նիստին յաջորդած տասնօրեայ ժամանակահատուածում Ֆրանսիայի ջանքերը՝ իրավիճակի վերաբերեալ ԱԽ նախագահողի մամուլի յայտարարութիւն ընդունելու ուղղութեամբ: Հայաստանը շարունակելու է նպատակամղուած քայլեր ձեռնարկել բոլոր հնարաւոր ձեւաչափերում, ներառեալ՝ ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի եւ միջազգային ու տարածաշրջանային կառոյցների շրջանակներում՝ այդ կառոյցների մանդատից եւ գործառոյթներից բխող վճռական արձագանգ եւ գործողութիւններ ապահովելու ուղղութեամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը ու դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչութեան առջեւ ծառացած հումանիտար ճգնաժամը վերացնելու նպատակով:
«Անհրաժեշտ ենք համարում նաեւ Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահաւաք առաքելութեան գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպէս նաեւ ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիութեան ապահովումը: Ադրբեջանը պարտաւոր է անյապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ 2020 թուականի Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութեան 6րդ կէտով ամրագրուած սկզբունքներով, համաձայն որի՝ Ադրբեջանը երաշխաւորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային (փոխադրութեան) միջոցների եւ բեռների երթեւեկութեան անվտանգութիւնը, եւ Լաչինի միջանցքը գտնւում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զօրախմբի վերահսկողութեան ներքոյ: Քանի որ Ադրբեջանի ապօրինի գործողութիւնների հետեւանքով եռակողմ յայտարարութեան դրոյթները խախտուած են, ակնկալում ենք նաեւ ՌԴ կողմից յստակ ջանքերի իրականացումը՝ ուղղուած այս կոպտագոյն խախտումն առանց որեւէ նախապայմանի վերացնելուն»: