«Կարս-Ախալքալաք երկաթգծի գործարկումից Հայաստանը տնտեսապէս չի տուժի: Ճիշդ է, դրանից կ՚օգտուեն Թուրքիան, Վրաստանը, Ատրպէյճանը, սակայն Հայաստանի տնտեսութեան մէջ որեւէ վատթարացում չի լինի», Փետրուարի 9ին Մամուլի ազգային ակումբում յայտարարեց արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսեանը՝ ընդգծելով, որ մեր երկիրը շրջանցող եւ Թուրքիան Վրաստանի տարածքով Ատրպէյճանին երկաթուղով կապող նախագիծը քաղաքական ծրագիր է՝ միտուած Հայաստանի շրջափակման խորացմանը: «Սա Թուրքիայի քաղաքականութեան շարունակութիւնն է: Անգարան Պաքուի հետ միասին կամ նրա ճնշմամբ, փորձում է առաւել մեկուսացնել Հայաստանը», ասաց Կիրակոսեանը:
Փետրուարի 7ին Թիֆլիսում Թուրքիայի վարչապետ Ռեճէփ Թայիփ Էրտողանը, Վրաստանի եւ Ատրպէյճանի նախագահներ Միխայէլ Սահակաշւիլին ու Իլհամ Ալիեւը ստորագրեցին Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարութեան համաձայնագիր: 105 քիլոմեթրանոց հատուածի կառուցումը, որից 76 քիլոմեթրն անցնելու է Թուրքիայի լեռնային շրջաններով, 29 քիլոմեթրը՝ հայաբնակ Չաւախքի տարածքով, Կարսը կապելու է Պաքուի հետ: Հաշուի առնելով, որ Պաքուից Թիֆլիս գործող երկաթուղի կայ, Կարս-Ախալքալաք հատուածի կառուցումով Պաքուն երկաթուղով կապուելու է Անգարայի, Թուրքիայի միւս հատուածների հետ: Անհրաժեշտ է վերանորոգել Ախալքալաք-Մարապտա-Թիֆլիս 183 քիլոմեթրանոց հատուածը: Ենթադրւում է, որ նախագիծը կեանքի կը կոչուի 2-3 տարուայ ընթացքում:
Անգարան եւ Պաքուն շրջափակումից բացի, դիմում են Հայաստանը շրջանային ուժանիւթային-հաղորդակցական նախագծերից դուրս մղելու քաղաքականութիւն: Ժամանակին, երբ խօսք բացուեց Պաքու-Թիֆլիս-Ճէյհան նաւթատարի կառուցման մասին, փորձ արուեց Հայաստանին եւս ներքաշել այդ նախագծի մէջ, այլ կերպ՝ առաջարկուեց խողովակն անցկացնել Հայաստանով: Դրա համար, սակայն, Հայաստանը պէտք է գին վճարէր եւ այդ գինը Լեռնային Ղարաբաղն էր:
Որքան էլ Հայաստանի համար անցանկալի է, եւ որքան էլ պաշտօնական Երեւանը, ամերիկեան հայկական լոպիիստական կազմակերպութիւնները ջանքեր թափեցին, Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը դառնում է իրականութիւն: Հայաստանը շրջանցող շրջանային այս նախագծի իրագործումը աւելի է մեկուսացնում Հայաստանը: Դեռ մէկուկէս տարի առաջ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանը յատուկ նամակով դիմել էր Եւրոմիութեանը՝ յորդորելով չֆինանսաւորել Հայաստանը շրջանցող եւ բացառապէս քաղաքական նպատակներ հետապնդող երկաթուղու շինարարութիւնը: Ամերիկահայ լոպիիստական կազմակերպութիւնները կարողացան հասնել նրան, որ Քոնկրէսը արգելեց ամերիկեան կառավարութեանը՝ ֆինանսաւորել Կարս-Ախալքալաքի կառուցումը: Եւրոմիութիւնը եւ Մ. Նահանգները ֆինանսական օժանդակութիւն ցոյց չտուեցին երկաթուղու շինարարութեանը, սակայն, միւս կողմից, չընդդիմացան դրան: Անհրաժեշտ գումարը, որը նախնական հաշուարկներով կը կազմի մինչեւ 600 միլիոն տոլար, կը ներդնեն երեք երկրները:
Մ. Նահանգները չի կարող աջակցել հարաւ-կովկասեան շրջանում իրականացուող բոլոր նախագծերին, ասել է ԵԱՀԿ Մինսքի խմբի ամերիկեան համանախագահ Մէթիու Պրայզան՝ անդրադառնալով Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարութեան նախագծին: «Մենք աջակցել ենք Պաքու-Թիֆլիս-Ճէյհան նաւթամուղի շինարարութեան նախագծին, սակայն չենք կարող աջակցել շրջանի բոլոր նախագծերին: Մենք ո՛չ կողմ, ո՛չ էլ դէմ ենք Կարս-Ախալքալաք երկաթուղու նախագծին», աւելացրել է Պրայզան:
Անցնող տարուայ Փետրուարին Եւրոյանձնաժողովի արտաքին կապերի եւ եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան հարցերով յանձնակատար Պենիթա Ֆերերօ-Վալտնէրը զգուշացրեց, որ Եւրոմիութիւնը չի ֆինանսաւորելու Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը: «Եւրոմիութիւնը պատրաստ է աջակցել շրջանային իւրաքանչիւր նախագծի իրագործմանը, որոնք ուղղուած են համարկման: Սակայն Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման հարցում Եւրոմիութիւնը մի կողմ կը քաշուի, քանի որ այդ նախագիծը մեկուսացնում է Հայաստանը, ինչը հակասում է եւրոպական հարեւանութեան քաղաքականութեանը», ասել էր յանձնակատար Ֆերերօ-Վալտնէրը:
Անգարայում եւ Պաքւում այլ կարծիքի են: Մասնաւորապէս Իլհամ Ալիեւը Թիֆլիսում յայտարարել է, թէ Վրաստանի, Ատրպէյճանի եւ Թուրքիայի միջեւ նախագծերը կը նպաստեն շրջանի անվտանգութեան եւ կայունութեան ամրապնդմանը: «Պաքու-Թիֆլիս-Ճէյհան եւ Պաքու-Թիֆլիս-Էրզրում նախագծերը, ինչպէս նաեւ նոր՝ Կարս-Ախալքալաք նախագիծը, կ՚ամրապնդեն շրջանի անվտանգութիւնը», յայտարարել է Ալիեւը: Նա ընդգծել է, որ Ատրպէյճանի ու Վրաստանի համար «տարածքային ամբողջականութեան խախտումը լուրջ խնդիր է»: «Խախտուել է մեր տարածքների ամբողջականութիւնը: Համապատասխանաբար մենք բոլորս անում ենք ամէն ինչ՝ վերականգնելու մեր տարածքային ամբողջականութիւնը եւ ապահովելու մարդու իրաւունքների պաշտպանութիւնը», նշել է Ալիեւը:
Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանը նկատում է, որ Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումը Հայաստանին մեկուսացման չի տանում: Ազգային ժողով-կառավարութիւն հարցուպատասխանի ընթացքում, Փետրուարի 7ին, Օսկանեանն ասաց, որ խնդրին պէտք է նայել այն տեսանկիւնից, թէ ի՛նչն է պատճառը, որ ներկայումս այդ երկաթգիծը կառուցւում է՝ փոխանակ բացելու եւ օգտագործելու Գիւմրի-Կարս երկաթգիծը: Դրա պատճառը Ատրպէյճանը եւ Թուրքիան են, ոչ թէ Հայաստանը: «Մենք մեր ձեռքը մեկնել ենք, նախապայմաններ չենք դրել Թուրքիայի առջեւ, միշտ կոչ ենք արել բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել, սահմանը բացել՝ անկախ նրանից, թէ ինչպիսի երկկողմ խնդիրներ կան, բայց Թուրքիան չի ընդառաջել: Նրանք աջակցել են Ատրպէյճանին՝ ճնշելու Հայաստանին, որպէսզի մենք տուրք տանք նրանց պահանջներին եւ գնանք անտեղի եւ մեզ համար անընդունելի զիջումների Լեռնային Ղարաբաղի հարցում», նշեց Օսկանեանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նկատում է, որ հնարաւոր կը լինէր կանխել Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումը, եթէ Երեւանը ղարաբաղեան հարցում գնար հայկական կողմի համար անընդունելի զիջումների: Օսկանեանը յիշեցրեց, որ ո՛չ նախկինում, ո՛չ այսօր եւ ոչ էլ ապագայում Երեւանը յանուն շրջանային նախագծերում Հայաստանի ընդգրկման չի գնայ Լեռնային Ղարաբաղի հարցում անընդունելի զիջումների:
Պաշտօնական Երեւանը դիւանագիտական ջանքեր գործադրեց, որպէսզի այդ նախագիծը կեանքի չկոչուի: Սակայն սա այն դէպքն է, երբ Հայաստանի ջանքերը ուղղակիօրէն չէին կարող արդիւնքներ տալ: Խնդիրն այն է, որ մեր երկիրը դիւանագիտական յարաբերութիւններ չունի Կարս-Ախալքալաք նախագծին մասնակից երկու երկրների՝ Ատրպէյճանի եւ Թուրքիայի հետ: Վրաստանը բազմիցս հաւաստիացրել է, թէ երկաթուղու շինարարութիւնն ուղղուած չէ երրորդ երկրների, այդ թւում Հայաստանի դէմ: Աւելի՛ն. վրացիները հաւաստիացնում են, թէ շինարարութեան ընթացքում հայաբնակ Չաւախքում, որտեղով անցնելու է երկաթուղին, կը բացուեն նոր աշխատատեղեր, տնտեսական առումով կեանքը կ՚աշխուժանայ, կը լինեն ներդրումներ:
Օսկանեանը նշում է, որ Վրաստանը երկաթգծի հարցում նրբանկատութիւն ցուցաբերել է: «Վրաստանին, զուտ քաղաքական հարցի մէջ ներքաշուելուց բացի, տնտեսական առումով մեղադրել չենք կարող», ասաց արտաքին գործերի նախարարը: Վրաստանը յայտարարել է, որ որոշ ժամանակ սպասել է մինչ Թուրքիան կը բացի Կարս-Գիւմրի երկաթգիծը, որը Անգարան Հայաստանի սահմանների հետ միասին փակել է 14 տարի առաջ, երբ ղարաբաղեան ուժերը վերահսկողութեան տակ առան Քելբաջարը: Օսկանեանը ընդգծեց նաեւ, որ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարութեան նախագիծը առաւել շահաւէտ է Թուրքիայի եւ Ատրպէյճանի, քան Վրաստանի համար: Վերջինս, ըստ Օսկանեանի, տնտեսական տեսանկիւնից շատ բան կարող է կորցնել Սեւ ծովի իր նաւահանգիստներով բեռնափոխադրումների կրճատման պատճառով:
Վրաստանի նախագահ Միխայէլ Սահակաշւիլին Իլհամ Ալիեւի եւ Ռեճէփ Թայիփ Էրտողանի հետ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարութեան մասին համաձայնագրի ստորագրման արարողութեան ընթացքում յայտարարել է, որ Թիֆլիսը շրջանի բոլոր երկրների, այդ թւում՝ Հայաստանի հետ փոխշահաւէտ եւ արգասաբեր համագործակցութիւն զարգացնելու ջատագովն է: «Ցանկանում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում, որ որեւիցէ երկիր դուրս մնայ այս գործընթացներից: Մենք շահագրգռուած ենք բոլոր հարեւանների հետ իրաւահաւասար, բարեկամական ու թափանցիկ յարաբերութիւնների զարգացմամբ: Մեզ համար շատ կարեւոր է, որ շրջանի ոչ մի երկիր մեկուսացուած չլինի: Որպէսզի ոչ մի երկիր չմնայ խաղից դուրս վիճակում: Մենք, ի հարկէ, իրաւահաւասար, սերտ, բարեկամական ու բարիդրացիական յարաբերութիւններ ենք ցանկանում Հայաստանի հետ: Մենք ցանկանում ենք զարգացնել այդ յարաբերութիւնները: Հարաւային Կովկասի երկրներն ուրիշ այլընտրանք չունեն, բացի բարեկամութիւնից ու համատեղ զարգացումից», նշել է Սահակաշւիլին:
Հայաստանում գերիշխում է այն տեսակէտը, որ Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումը զուտ քաղաքական նախագիծ է, բացարձակ տնտեսական հիմնաւորում չունի, եւ Հայաստանի շրջափակումն ամրացնելու, հիմնաւորելու միտում ունի:
Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Յովհաննիսեանը «Արմէնփրէս» գործակալութեանն այս առիթով ասել է. «Թուրքիայի հաշուարկն առնուազն այն է, որ եթէ Կարս-Ախալքալաք ճանապարհն աշխատի, Թուրքիայի նկատմամբ ճնշումը՝ Հայաստանի հետ երկաթուղին բացելու ուղղութեամբ, կարող է թուլանալ: Սակայն, կարծում եմ, դա սխալ հաշուարկ է, որովհետեւ միայն մենք չէ, որ հասկանում ենք, որ սա քաղաքական նախագիծ է եւ հաղորդակցութեան, տնտեսութեան հետ որեւէ կապ չունի»:
Երեւան