Ռոպերթ Քոչարեան-Իլհամ Ալիեւ հանդիպումից յետոյ Ղարաբաղեան բանակցային գործընթացում սպասուող հետագայ զարգացումների հեռանկարն այսօր աշխուժօրէն քննարկւում է ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Ատրպէյճանում։
Քաղաքագէտների մեծ մասը հակուած է այն կարծիքին, որ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահներին դժուար թէ յաջողուի յառաջիկայ ամռանը կազմակերպել նախագահների նոր հանդիպում, իսկ աշնան ամիսներին՝ հասնել ինչ-որ մասնայատուկ փաստաթղթի ստորագրման։ Քանզի անկախ նրանից, թէ ի՞նչ այլընտրանքային առաջարկութիւններ են ներկայացուել կողմերին Ս. Փեթերսպուրկում, դրանց քննարկման, ընդունման ու նոր հանդիպում կազմակերպելու համար բաւարար ժամանակ է պահանջւում։
Տեսականօրէն Ղարաբաղեան հիմնահարցի լուծմանը հասնելու «մասնայատուկ քայլը» յառաջիկայում կարող է լինել միայն ռազմական գործողութիւնների վերսկսումը՝ Ատրպէյճանի կողմից։
Սակայն, ինչպէս ուժերի յարաբերակցութիւնը, այնպէս էլ տարածաշրջանի շուրջ ստեղծուած բարդ կացութիւնը, որեւէ հնարաւորութիւն չեն տալիս մեր հակառակորդի յարձակապաշտութեան ծաւալման համար։ Հայ-ատրպեճանական նոր պատերազմին դէմ են բոլորը եւ առաջին հերթին՝ Միացեալ Նահանգները, որոնք այդ պարագայում ստիպուած կը լինեն յետաձգել տարածաշրջանում իրենց ծրագիրների իրականացումը եւ զբաղուել հակամարտութեան նոր օճախը մարելու գործով։
Առաջիկայում ռազմական գործողութիւնների վերսկսումը հնարաւոր է միայն ողջ տարածաշրջանի ընդհանուր կացութեան կտրուկ վատթարացման պարագայում, երբ հակամարտութեան անմիջական կողմերը կը մնան մեն-մենակ։ Իսկ դա կարող է լինել միայն այն դէպքում, եթէ ԱՄՆը հրթիռային հարուածներ հասցնի Իրանին։ Սակայն այդ պարագայում էլ ոչ ոք չի կարող երաշխաւորել, որ Ատրպէյճանը չի դառնայ Իրանի պատասխան գործողութիւնների թիրախը։ Աւելին՝ ամերիկաիրանական դիմակայութեան պարագայում Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ հարաւային Կովկասի հանդէպ, որի ապակայունացումը կարող է փակել նրա հարաւային հաղորդակցութեան գծերը։
Երկրորդ, աւելի հաւանական գործօնը, որը կարող է լուրջ ազդեցութիւն գործել Ղարաբաղեան բանակցային գործընթացի վրայ, յառաջիկայ ամիսներին Քոսովոյի անկախութեան ճանաչման շատ մեծ հաւանականութիւնն է։ Հայլիկենտամում նախագահ Ճորճ Պուշին զայրացրեց անգամ Քոսովոյի հարցը վեց ամսով յետաձգելու մասին Ֆրանսիայի նախագահ Նիքոլա Սարքոզիի համեստ առաջարկը։ ԱՄՆին անհրաժեշտ է արագօրէն լուծել այդ հարցը ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի միջոցով կամ էլ առանց նրա։
Երկու դէպքում էլ սա կարող է ձնագնդի ազդեցութիւն ունենալ, քանի որ միջազգային իրաւունքում նախադէպերը հսկայական ուժ ունեն։ Իսկ Քոսովոն «պատուի հարց» է Միացեալ Նահանգների համար, որի միջոցով նա ցանկանում է ողջ աշխարհին ցոյց տալ, թէ ո՞վ է Երկրագնդի տէրը։
Բնական է, որ Քոսովոն նախադէպի վերածուելու պարագայում հայկական դիւանագիտութիւնը ստանալու է զօրաշարժերի հսկայական դաշտ, իսկ Ատրպէյճանը կորցնելու է իր գլխաւոր խաղաքարտը՝ այլեւս գոյութիւն չունեցող «տարածքային ամբողջականութիւնը» շահարկելու հնարաւորութիւնը։
Երրորդ գործօնը, որը կարող է իր լուրջ ազդեցութիւնն ունենալ բանակցային գործընթացի վրայ, Հայաստանում եւ ապա Ատրպէյճանում սպասուող նախագահական ընտրութիւնների հեռանկարն է։ Հայաստանում արդէն տարեվերջին սկսուելու են նախընտրական, իսկ 2008ի սկզբներին՝ ընտրական գործընթացները։ Պարզ է, որ դրանց առանցքում ամենեւին էլ Ղարաբաղի հարցը չի լինելու։
Իսկ ահա Ատրպէյճանում քաղաքական պայքարը ծաւալուելու է գալիք տարուայ երկրորդ կէսին։ Ընդ որում, եթէ Հայաստանում ընդդիմութիւնը «Ղարաբաղեան խաղաքարտը» խաղարկելու լուրջ հնարաւորութիւն չունի «հիմքերի բացակայութեան» պատճառով, ապա Ատրպէյճանում, ընդհակառակը՝ շուրջ 20 տարի այս հակամարտութեան չկարգաւորուած լինելու փաստը դառնալու է ընդդիմութեան գլխաւոր յաղթաթուղթը։
Պատճառն ակնյայտ է. բացի Ղարաբաղի հարցի չկարգաւորուած լինելու փաստից, Իլհամ Ալիեւի դէմ խիստ դժուար է գտնել մի այնպիսի մեղադրանք, որն արժանանայ ատրպեճանական հասարակութեան հաւանութեանը եւ նրան փողոց դուրս բերի։ Ժողովրդավարութեան ոտնահարումը կամ մամուլի դէմ ծաւալուող հալածանքները այնքան էլ չեն յուզում ատրպեճանական ժողովրդին, ուստի այստեղ ընդդիմութիւնը, ինչպէս ասում են, մինչեւ վերջ քամելու է «Ղարաբաղեան խաղաքարտը»։
2008թ. վերջերին կողմերը բանակցային գործընթացը կարող են վերսկսել ամենեւին էլ ո՛չ հաւասար դիրքերից, եթէ, ի հարկէ, Հայաստանը նախագահական ընտրութիւններն անցկացնի անթերի, օգտուի միջազգային կացութեան մէջ սպասուող բարենպաստ տեղաշարժերից, որոշակիօրէն բարելաւի իր տնտեսական ցուցանիշները եւ ստեղծի անհրաժեշտ նախադրեալներ ԼՂՀ միջազգային ճանաչումն արագացնելու համար։
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Յունիս 13, 2007