
ԼԻԴԱ ԱԼՄԱՍԵԱՆ
9ամեայ Գոհարը ձիւդոիստ (ճիւտոյի մարզիկ) է, Փոքր Սամսար գիւղում սպորտով (մարզանքով) է սկսել զբաղուել 3 տարեկանից, հասցրել է մասնակցել մրցոյթների եւ գրանցել բազում յաղթանակներ:
Վերջին կարեւոր մրցումը, որին նա մասնակցել է Մարտ ամսին է եղել: Թբիլիսիում անցկացուած Զուրաբ Իարաջվլիի յիշատակին նուիրուած առաջին միջազգային մրցաշարում առաջին տեղ է գրաւել: Մրցաշարին մասնակցել են 2011-2012 թ.ին ծնուած տղաներն ու 2009-2010 թ.ին ծնուած աղջիկները: Չնայած Գոհարը 2014 թ.ին է ծնուել եւ քաշային կարգը չի համապատասխանել (խմբ. ընդամէնը` 28կգ.) միեւնոյն է նա մրցակցել է 32 կգ. քաշային կարգ ունեցող ձիւդոիստի հետ եւ յաղթանակ տարել:
Մեր հերոսուհին աչքի է ընկնում իր համեստութեամբ եւ քչախօսութեամբ: Չի սիրում պատմել յաղթանակների մասին, փոխարէնը նուրբ ժպտում է ու խօսում մարզումներից, իսկ մեր հարցերին պատասխանում` մէկ-երկու բառով:
Գոհար Աւագեանն իր առաջին քայլերը սպորտում սկսել է դեռեւս 3 տարեկանից, երբ հայրը սկսել է նրան սովորեցնել ձիւդոյի որոշ հնարքներ:
«Աւելի շատ կապուած եմ հայրիկիս հետ, մենք տանը ընկերներ ենք, խօսում ենք սպորտից, միասին մրցումներ ենք նայում եւ քննարկում հնարքներ: Բայց պարապունքների ժամանակ նա խիստ է եւ պահանջկոտ: Մրցոյթների մասնակցելիս միշտ մտքումս մտածում եմ, որ յաղթելու եմ»:


Գոհարը երազում է, որ իրեն հեռուստատեսութեամբ ցոյց տան, պատմեն իր յաղթանակների մասին:
«Ուզում եմ, որ ինձ հեռուստացոյցով ցոյց տան: Երբ յաղթանակած եմ տուն գալիս բոլորն ինձ շնորհաւորում են, ուրախանում, այդ ժամանակ ես ինձ լաւ եմ զգում»:
Փոքրիկ ձիւդոիստի կարծիքով, ինքը շրջապատից չի տարբերւում, չնայած նրան, որ միակ աղջիկ ձիւդոիստն է գիւղում:
Իսկ ծնողներն ասում են Գոհարն իր հասակակիցներից տարբերւում է, ոչ թէ սպորտի հանդէպ ունեցած սիրով, այլ իր համեստութեամբ:
Գոհարի հոր` Աղասի Աւագեանի խօսքով, աղջիկը վերջին մրցոյթի ամենափոքր մասնակիցն է եղել, սակայն դա չի խանգարել նրան պայքարել եւ զբաղեցնել առաջին հորիզոնական: Գոհարին հայրն է մարզում:
«Գոհարը շատ փոքր էր մօտ 3-4 տարեկան, երբ տանը վարժութիւններ էի անում իր հետ եւ սովորեցնում որոշ հնարքներ եւ զգացի, որ նրա մէջ սէր կայ դէպի ձիւդոն, եւ ստացւում է այդ հնարքները կատարել եւ որոշեցի աշխատել նրա հետ` հաւատալով, որ նրա մօտ ամէն բան կը ստացուի», մեզ հետ զրոյցում ասաց Աղասին:
Ամուսնուն լրացնում է կինը` Հռիփսիմեն, ասելով, որ երբ տեսնում է աղջիկն ինչպիսի ոգեւորութեամբ ու սիրով է մարզւում, միայն ուրախանում է ու հաւատում, որ Գոհարի յաղթանակները դեռ առջեւում են:
«Ոչ մի մրցման ես ներկայ չեմ եղել, շատ եմ լարւում եւ անբացատրելի զգացողութիւններ եմ ունենում, երբ գիտեմ, որ Գոհարը մարտ ունի: Հասարակութեան մէջ կարծրատիպ կայ, որ աղջիկ երեխաները սպորտով չպէտք է զբաղուեն: Օրինակ. յաճախ ասում են, որ աղջիկ է, աւելի համապատասխան զբաղմունք ընտրէք, կամ որ կազմուածքը կը փչանայ, բայց դրանք մեզ չեն խանգարում եւ ուշադրութիւն չենք դարձնում նմանատիպ խօսակցութիւններին», կիսւում է Գոհարի մայրը:
Գոհարի առօրեան շատ յագեցած է, միայն սպորտը չէ, որ մեր հերոսուհուն գրաւում է: Նա մեծ սիրով գնում է պարի դասերի, պարտաճանաչ կատարում է դպրոցում յանձնարարուած առաջադրանքները, մասնակցում վրացերեն եւ անգլերեն դասերի եւ խնամում փոքրիկ եղբօրը` Լէոյին:
Աղբիւր՝ jnews.ge