ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Կալիֆորնիայի Հայ Երիտասարդաց միութեան «Կոմիտաս» երգչախումբը, երեք տարուայ ընդմիջումից յետոյ, վերադարձաւ բեմ ազգային գունեղ համերգային ծրագրով` գեղարուեստական ղեկավար, խմբավար Միքայէլ Աւետիսեանի ղեկավարութեամբ, եւ ժողովրդական գործիքների նուագախմբի մասնակցութեամբ:
Մայիսի 20ին, Գլենդելի Երիցական եկեղեցում, երկու ժամ շարունակ ժողովրդական երգի իւրատեսակ տօնախմբութիւն էր: ««Կոմիտաս» երգչախմբի նպատակն է անաղարտ պահել հայ երգն ու հայկական երաժշտութիւնը եւ փոխանցել յաջորդ սերունդներին, միաժամանակ, սէր ու հետաքրքրութիւն առաջացնել հայ մշակոյթի, երգարուեստի նկատմամբ` յորդորելով հաստատուն քայլել հայ երգի ճամբով, որ հայ մշակոյթի գոյատեւման գրաւականն է», բացման խօսքում նշեց միութեան քարտուղար Քրիստին Յովնանեանը: Ողջունելով ներկաներին, նա ամփոփեց 2007ին հիմնադրուած երգչախմբի ստեղծման նպատակներն ու գործունէութիւնը: Տասնվեց տարի շարունակ երգչախումբը տարածում է հայկական մաքրամաքուր երգն ու երաժշտութիւնը ոչ միայն Գլենդելում, այլ նաեւ` Կալիֆորնիայի տարբեր շրջաններում, 2019ին էլ ելոյթներով հանդէս է եկել Հայաստանում եւ Արցախում Կոմիտաս Վարդապետի եւ Ամենայն Հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150 ամեակի առիթով: Քրիստին Յովնանեանն ուրախութեամբ յայտնեց, որ համավարակի պարտադրած երեք տարուայ դադարից յետոյ երգչախումբը վերսկսում է ամէնամեայ համերգաշրջանը` Միացեալ Նահանգների Արեւմտեան թեմի առաջնորդ Թորգոմ եպս.Տօնոյեանի նախագահութեամբ:
Միջոցառման հանդիսավարն էր ասմունքող Նունէ Աւետիսեանը, ով Չարենցի «Տաղարան» շարքից ասմունքով ազդարարեց ձեռնարկի մեկնարկը: Երգչախումբը Կոմիտասի, Սայաթ Նովայի, Գուսան Շահէնի, Շերամի, եւ ժողովրդական երգերի մշակումների կատարումներով հայ երգի անմոռանալի ակնթարթեր պարգեւեց հանդիսատեսին` նրան եւս ներգրաւելով վերյիշելու եւ երգելու սիրուած մեղեդիները: Երգչախմբի գնահատականը, հոծ սրահում հաւաքուած ունկնդիրների չդադարող ծափահարութիւններն էին, եւ համերգից յետոյ նախամուտքում ամէնուր հնչող գովեստի խօսքերը:
Կալիֆորնիայի Հայ Երիտասարդաց միութեան «Կոմիտաս» երգչախմբի համերգի գլխաւոր հովանաւորներն էին տէր եւ տիկին Ջէք եւ Զարիկ Եուրէճեանները, «Գասքա Ալեանս» հիմնադրամը: Միութիւնն ու երգչախմբի անդամները երախտագիտութիւն յայտնեցին առաջնորդ Թորգոմ եպս. Տօնոյեանին, Գլենդելի Ս․ Աստուածածին եկեղեցու հոգեւոր տեսուչ Զարեհ վարդապետ Սարգսեանին, Գլենդելի քաղխորհրդի անդամ Արդի Քասախեանին, Արեւմտեան թեմի Ազգային վարչութեան ատենապետ Վահէ Յովակիմեանին, փոխատենապետ Մհեր Տէր Յովհաննէսեանին, ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ տոքթ. Հրայր Գութնույեան, Սուրբ Աստուածածին եկեղեցու հոգաբարձուներին, Գլենդելի «Ահարոնեան» կոմիտէութեան, Համազգայինի Շրջանային վարչութեան, ՀՄԸՄի Շրջանային վարչութեան, Լոս Անջելեսի Իրանահայ միութեան, Լոս Անջելեսի Իրաքի բարեգործական միութեան, Հայ Քոյրերի վարժարանի անդամներին, ներկայացուցիչների, բարերարներին ու ընկերներին` մշտական աջակցութեան եւ մասնակցութեան համար: