Նորընտիր չորրորդ գումարման Ազգային ժողովում, նախորդ տարիների համեմատ, աճել է երիտասարդների, ինչպէս նաեւ կանանց թիւը: Այս հանգամանքն ինչպիսի՞ ազդեցութիւն կ’ունենայ ԱԺ որակական յատկանիշների վրայ, որքանո՞վ է նպատակայարմար փորձառու պատգամաւորների փոխարինումը երիտասարդ տարրերով:
Այս եւ այլ հարցերի պատասխանում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համամասնական ցուցակով պատգամաւոր Արա Նռանեանը:
Հ.- Ձեր կարծիքով՝ երիտասարդութիւնը իր հետ ի՞նչ նոր բան պէտք է բերի խորհրդարան, ի՞նչ պէտք է փոխուի երիտասարդ պատգամաւորների թուի աւելացմամբ:
Պ.- Ընդհանրապէս, հասարակութեան մէջ ընդունուած է ասել, որ քաղաքականութիւնը անբարոյականութիւն է, եւ կարծիք կայ, որ ազնիւ, արդար մարդը չի կարող քաղաքականութեամբ զբաղուել: Ես կարծում եմ, որ իւրաքանչիւր գործունէութիւն կարող է համարուել անբարոյական, եթէ դրանով զբաղւում են անբարոյական մարդիկ, եւ այդպիսի մարդիկ են իրենց պահուածքով, կերպարով համապատասխան որակ հաղորդում իւրաքանչիւր երեւոյթի, այս դէպքում՝ քաղաքականութեանը: Եւ եթէ հասարակութիւնն այսօր որոշ չափով դժգոհ է քաղաքական ընտրանուց ու համարում է, որ քաղաքականութեան մէջ շատ է անբարոյականութիւնը, ապա, ես կարծում եմ, որ ներկայիս քաղաքական գործիչները պէտք է փոխարինուեն բարոյական երիտասարդ գործիչներով: Ամենամեծ ձեռքբերումն այն կը լինի, որ այդ երիտասարդները ոչ թէ նմանուեն իրենց աւագ սերնդին, այլ աւագներից վերցնելով դրականը՝ յենուեն իրենց սկզբունքների, բարոյական արժէքների վրայ: Նրանք թող ամէն ինչ անեն, որպէսզի նոր սերնդի համար թողնեն շատ աւելի լաւը, դրականը, քան իրենք են ժառանգել: Խորհրդարանում պէտք է ոչ միայն տարիքային փոփոխութիւն կատարուի, այլեւ որակական՝ մօտեցումների, մակարդակի: Եւ, անկեղծ ասած, ես յոյսս կապում եմ ոչ միայն մեր խմբակցութեան երիտասարդների հետ, այլ նաեւ միւս խմբակցութիւնների, եւ կարծում եմ, որ պէտք է կարողանանք երիտասարդների մէջ այդ առողջ կորիզը գտնել եւ շատ ու շատ խնդիրներ ԱԺում լուծել ոչ թէ ի նպաստ այս կամ այն անձի կամ թիմի, այլ՝ ի նպաստ Հայաստանի: Երիտասարդները, ովքեր կարողացան Ազգային ժողով մտնել, թող փորձեն իրենց հետ բերել այն լաւն ու դրականը, որ մինչ այդ առկայ չէր:
Հ.- Ձեր մօտեցումը մի տեսակ իտէալական է: Ցաւօք, իրականութիւնը աւելի «դառն» է: Երբ նայում ենք մեր շուրջը, տեսնում ենք, որ որոշ երիտասարդների համար պատգամաւոր դառնալը պարզապէս իմէյճի խնդիր է, արժանապատուութիւն է: Եւ նրանք, դեռ 25 տարին չբոլորած, մտածում ու երազում են ԱԺ մտնելու մասին: Ինչպէ՞ս ձերբազատուենք այս տեսակի երիտասարդներից:
Պ.- Մոտայի հասկացութիւնը մեր հասարակութեան մէջ շատ է տարածուած: Օրինակ՝ շատերը ինքնաշարժ են գնում ոչ թէ զուտ որպէս փոխադրամիջոց, այլ իրենց «ցոյց տալու» համար: Նմանապէս իմէյճի հարց է կառավարման մարմիններում կամ ԱԺում ներկայացուած լինելը, այդ շրջանակների ներկայացուցիչ լինելը: Եթէ դա մոտայի համար է, ապա բացասական բան է, բայց եթէ դա երիտասարդի համար պարզապէս իր գաղափարները կեանքի կոչելու ցատկահարթակ է, շատ ճիշդ է: Եթէ երիտասարդը գայ եւ ասի՝ «գիտէ՞ք ինչ, ես ունեմ այսպիսի տնտեսական ծրագիր, կարծում եմ, որ պէտք է այսպիսի փոփոխութիւն արուի», կամ՝ «երիտասարդ իրաւաբան եմ, շատ ասելիք ունեմ, ցանկութիւն ունեմ աշխատելու, ուզում եմ ինձ որպէս մասնագէտ դրսեւորել, որ հետագայում ինձ ճանաչեն, որեւէ պաշտօնի նշանակեն», գուցէեւ լինի փառասիրութեան որոշակի տարր, բայց եթէ տանում է իր գաղափարների իրականացմանը, լաւ է: Վերջիվերջոյ, որեւէ կուսակցութեան կամ քաղաքականութեան մէջ մտնելը պարտադիր պայման չէ։ Մարդիկ դա անում են իրենց գաղափարներն իրականացնելու համար, ու ես դա բնական եմ համարում: Ու եթէ դրա արդիւնքում որոշակի փառքի են արժանանում, դա էլ եմ բնական համարում: Ցաւօք, այսօր շահամոլութիւնը մտել է բոլոր ասպարէզներ եւ խանգարում է նաեւ քաղաքականութեան մէջ: Շահամոլութիւնը, սեփական շահի գերակայութեան դիտարկումը համարւում է գործնական, բնական, իսկ գաղափարական լուրջ մօտեցումները, ցաւօք, ռոմանթիզմ են համարւում: Իրականում այդպէս չպէտք է լինի: Մեզ մօտ նաեւ արժէքային համակարգի խնդիր է առկայ:
Հ.- Չէ՞ք կարծում, որ մի տեսակ երկընտրանք է ստեղծւում. մի կողմից պէտք է, որ երիտասարդ տարրեր մտնեն խորհրդարան եւ աճեն, միւս կողմից՝ նրանք չունեն համապատասխան փորձ: Ձեր կարծիքով՝ ո՞րն է աւելի ճիշդ՝ որպէսզի երիտասարդնե՞րը զբաղուեն օրէնսդրական գործունէութեամբ, թէ ո՞ր փորձառու պատգամաւորները երիտասարդութեան խնդիրներն ու շահերը ներկայացնեն ԱԺում:
Պ.- Ասել, որ մի մօտեցումն է ճիշդ կամ միւսը՝ սխալ է: Դա նման է այն իրավիճակին, երբ երիտասարդը բուհն աւարտում է, ընդունւում է ասպիրանտուրա եւ պէտք է գրի ատենախօսութիւն «Դրամատնային համակարգի կատարելագործման միտումները ՀՀում» թեմայով այն դէպքում, երբ ինքը դրամատնում ընդամէնը երկու անգամ է եղել ելեքտրականութեան վարձ մուծելու նպատակով: Կան որոշակի բաներ, որոնց պէտք է տիրապետել մինչեւ ԱԺ հասնելը, դրանք են՝ պետական կառավարման համակարգը, օրէնսդրի գործունէութեան առանձին կանոնները, արտաքին քաղաքականութեան գոնէ տարրական սկզբունքները, Հայաստանի գերակայ շահերը եւ զարգացման ապագայ ուղիները: Մենք ունենք երիտասարդ պատգամաւորներ, որոնք հասցրել են տարբեր նախարարութիւններում եւ գերատեսչութիւններում աշխատել, այսինքն՝ այդքան էլ միանշանակ չէ, որ երիտասարդն անփորձ է: Այդ նոյնը ասպիրանտուրայի օրինակով ասեմ. եթէ ուսանողը մի քանի տարի աշխատել է դրամատնային համակարգում, այնտեղ տեսել է խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, եւ դրա մասին գրում է գիտական աշխատանք, դա բնական երեւոյթ է: Երկու բան կայ, որ պէտք է համադրել: Երիտասարդ տարիքը իր առաւելութիւններն ունի: Պէտք չէ սպասել, երբ մարդը դառնայ 40ն անց, ձեւաւորուի որպէս ծանր, «նստած» անձնաւորութիւն եւ նոր մտցնենք խորհրդարան: Պէտք է այդ գործընթացը աւելի ճիշդ կազմակերպել, որպէսզի երիտասարդութեանը յատուկ խանդավառութիւնը ճիշդ օգտագործուի: Կան մարդիկ, որ մեծ փորձ ունեն եւ աւելի մեծ, քան այն իբր փորձառու պատգամաւորները, ովքեր 10ը տարի նստած են ԱԺում, բայց ուղղակի նստած են: Եւ կան նաեւ մարդիկ, ովքեր համակարգին չեն տիրապետում, գալու են, «ֆռֆռալու են», գնան, բայց նրանք մրցակցութեանը չեն դիմանայ:
Հ.- Որպէս երիտասարդ պատգամաւոր՝ ի՞նչ նպատակներ ու խնդիրներ էք ձեր առջեւ դրել, ի՞նչ ծրագրեր ու առաջարկութիւններ ունէք:
Պ.- Ես, ամենայն հաւանականութեամբ, ընդգրկուելու եմ տնտեսական հարցերով յանձնաժողովում, դա իմ մասնագիտական ոլորտն է, իսկ այդ ոլորտում անելիքներ շատ կան, եւ այդ առիթը օգտագործելով՝ մենք պէտք է աստիճանաբար լուծենք այն խնդիրները, որ ներառել ենք մեր նախընտրական ծրագրում:
Հ.- Երիտասարդութեան ոլորտում ի՞նչ ասելիք ունի Հ.Յ.Դ.ն:
Պ.- Դաշնակցութիւնը Հայաստանում գործող այն եզակի կուսակցութիւններից է, որը շատ մեծ տեղ է տալիս երիտասարդական կառոյցներին: Գլխաւոր խնդիրն է, որպէսզի դաստիարակուի մի սերունդ, որն ունենայ այն դրական յատկանիշները, որ բոլորս ենք ուզում: Այդ երիտասարդները լինեն աւելի ազնիւ, աւելի հայրենասէր, լինեն քաղաքացի՝ մեծատառով, հասարակութեան լիարժէք եւ լիիրաւ անդամ, աւելի պիտանի իրենց երկրին, լինեն այն մարդիկ, որոնց կարելի է վստահել մեր երկրի ապագան, եւ ովքեր կարող են ինչ-որ բան փոխել մեր երկրում: Բարեփոխումներ կարող է բերել այն սերունդը, որն աւելի անկաշկանդ է, աւելի համարձակ է, կախուած եւ կապուած չէ որոշակի թելերով, որոնցով կապուած է աւագ սերունդը:
Հ.- Այս ընտրութիւններին կուսակցութիւնների համամասնական ցուցակներում անհամեմատ աւելացաւ երիտասարդների եւ կանանց թիւը, ի՞նչ տեղի ունեցաւ յանկարծ, ինչո՞ւ փոխուեց վերաբերմունքը, մօտեցումը:
Պ.- Մի քանի պատճառ կայ: Առաջինը՝ հասարակութիւնը պահանջում է նոր դէմքեր: Կայ հասարակական պահանջ: Հասարակութիւնը յոգնում է նաեւ քաղաքական գործիչներից: Եւ Ազգային ժողով չանցած կուսակցութիւնների հիմնական խնդիրը հէնց դա էր, որ իրենք յոգնեցրել էին մարդկանց, եւ հասարակութիւնը պահանջում էր թարմութիւն: Իսկ այն կուսակցութիւնները, որոնք անցել են, փորձել են հնարաւորինս այդ թարմութիւնը ապահովել: Միւս պատճառն այն է, որ կուսակցութիւնները, որոնք փորձում են երկարաժամկէտ ծրագրեր իրականացնել, չեն ապրում մէկ-երկու օրով, անպայման մտածում են՝ 10 տարի յետոյ ի՞նչ ենք անելու։ Եւ, բնական է, այդ դէպքում հարց է առաջանում՝ ո՞վ է գալու: Եւ իւրաքանչիւր կուսակցութիւն, եթէ ամէն հանգրուանի ընթացքում 20-30 տոկոս երիտասարդութիւն բերի, կը կարողանայ իր ներսում անցաւ ապահովել սերնդափոխութիւն: Կարծում եմ, որ սրա գիտակցումն ինչ-որ տեղ կար: Չեմ կարծում, թէ սա պատահական էր, մոտայի հարց էր, որովհետեւ եթէ երկու երիտասարդ պակաս լինէր, չեմ կարծում, թէ շատ մեծ խնդիր լինէր: Իսկ ով իրեն ինչպէս կը դրսեւորի, ով կը մնայ քաղաքական ասպարէզում՝ ցոյց կը տայ ժամանակը:
Հ.- Վերջում ի՞նչ կը ցանկանայիք ասել մեր երիտասարդ պատգամաւորներին:
Պ.- Որ երիտասարդները լինեն համարձակ, չվախենան ոչ մի բանից, լինեն համերաշխ, գիտակցեն, որ երկրի ապագան երիտասարդների ձեռքում է: Գիտակցեն, որ իրենք ապագայ կառավարիչն են երկրի եւ մտածեն նաեւ, որ իրենց հետեւից յաջորդներն էլ են գալու, իրենք էլ յաւերժ չեն: Երիտասարդութեանն ուզում եմ ասել, որ իրենք պատասխանատուութիւն ունեն ապագայի եւ յաջորդ սերնդի առջեւ:
Երկիրն ունի լուրջ մարտահրաւէրներ, լուրջ խնդիրներ: Եկէք իսկապէս հարց լուծող երկիր դառնանք: Մենք չենք կարող տարածաշրջանում հարց լուծող երկիր դառնալ, եթէ մեր մէջ իրար միս ենք ուտում: Գաղափարախօսութիւնները տարբեր են լինում, բայց կան ընդհանուր եզրեր: Փորձենք այդ ընդհանուր եզրերը գտնել եւ ինչ-որ բան փոխել: Մեր երկրի նման փոքր երկրի համար ժամանակը շատ թանկ է եւ աշխատում է ի վնաս մեզ: Եւս 5 տարի կորցնելը կարող է շատ ծանր նստել մեզ վրայ, եւ երիտասարդութիւնը պէտք է պահի պատասխանատուութիւնը զգայ: