Իւղային փայլ, բորբոքումներ, լայնացած ծակոտիներ, ակնէ (ծաղկեպալար). պատմում ենք՝ ինչու է մաշկը դառնում խնդրայարոյց ոչ միայն դեռահասների մօտ:
Դեռահասների մօտ սեւ կէտերի եւ պզուկների առաջացումը կապուած է սեբումի մեծ քանակութեամբ արտադրութեան հետ: Ճիշդ խնամքի դէպքում, մաշկը դառնում է մաքուր, երբ սեռական համակարգը հաւասարակշռւում է: Սակայն ճիշդ ու կատարեալ խնամքը միշտ չէ, որ կարող են լուծել խնդրայարոյց մաշկի խնդիրը` եթէ բացայայտուած չէ հիմնապատճառը:
Դրանք կարող են լինել`
– Խանգարումներ մարսողական համակարգում
– Մակաբոյծների առկայութիւնը մարմնում
– Ալկոհոլի (ոգելից ըմպելի) եւ թմրամիջոցների չարաշահում
– Հորմոնային (ներազդակային) անհաւասարակշռութիւն
– Նեարդային համակարգի եւ քնի խանգարումներ
– Ծխախոտ
– Շրջակայ միջավայրի անբարենպաստ պայմաններ
– Ժառանգական նախատրամադրուածութիւն եւ այլն։
Իւղոտ մաշկը յատուկ խնամք է պահանջում, այնպիսին, որ էլ աւելի չափաւորի ճարպարտադրութիւնը եւ միեւնոյն ժամանակ չչորացնի մաշկ մակերեսային շերտը։ Այս որակի մաշկի խնամքը պէտք է սկսուի մասնագէտի այցելութեամբ: Մասնագէտը կ՛առաջնորդի, թէ ինչպէս մաքրել, խոնաւեցնել եւ սնուցել մաշկը:
Խնամքի շատ կարեւոր լրացում կը լինեն նաեւ դիմակները: Սակայն դրանք նոյնպէս պէտք է զգոյշ կիրառել: Իւղոտ մաշկ ունենալու դէպքում ամենակիրառուողը կաւէ դիմակն է (հեշտութեամբ կը գտնենք շուկայում): Այն հեռացնում է աղտոտուածութիւնը, մաքրում ծակոտիները եւ կրճատում մաշկային ճարպի արտադրութիւնը։
Փորձէք նաեւ այս դիմակները.
– Ձեռքի մէջ խառնէք սոդան եւ ջուրը եւ քսէք մաքուր մաշկին: Կարող էք զբաղուել ձեր տնային գործերով եւ դիմակը հեռացնել, երբ կը յիշէք այդ մասին: Պարզապէս ջրով ողողէք դէմքը եւ զգացէք, թէ ինչ փափուկ ու մաքուր է այն: Եթէ մաշկն ընդունեց սոդայով դիմակը, կարող էք այն հանգիստ օգտագործել շաբաթը մէկ անգամ:
– Ձուի սպիտակուցը դեղնուցից առանձնացրէք, որից հետ հարէք սպիտակուցը, մինչեւ այն թանձրանայ: Մաքուր ձեռքերով սպիտակուց քսէք նոր լուացած մաշկին եւ թողէք 20 րոպէ, ապա լուացէք գոլ ջրով: Մաշկն ազատում է կարմիր հետքերից, թարմացնում: Միակ հակացուցումը ձուից ալերգիա (գերզգայնութիւն) ունենալն է:
– Վարսակի փաթիլները (oatmeal) խառնէք ջրի հետ, մերսող շարժումներով քսէք դէմքին եւ թողէք մինչեւ չորանայ (10-15 րոպէ), ապա լուացէք: Նուրբ եւ անվնաս դիմակ է: