Նոյեմբեր 18ին Գլենդել քաղաքի «Փրեսփետերեան» եկեղեցում տեղի ունեցաւ արդէն իսկ աւանդոյթ դարձած ՀՄԸՄ Գլենդելի «Արարատ» երգչախմբի տարեկան համերգը, այս անգամ ամբողջական տարբեր ձեւաչափով։
Մեր օրերին հայերը եւ Հայաստանում եւ հայրենիքից դուրս դժուար իրականութիւն ենք ճաշակում,սակայն ոչինչ չի խանգարում հայի տեսակի առաջխաղացը,արուեստը, աւելի ճիշդ՝ հայ երգն ու երաժշտութիւնը այն վահանն է, որ միշտ ուժ ու կորով, շարունակելու յոյս է ներշնչել այս էլ քանի՜ դար…
Համերգն իրականացաւ եւս մէկ անգամ վկայելու, որ փիւնիկի պէս յառնող ազգը նահանջի իրաւունք չունի…
Երգչախումբը իր 31 երգիչ-երգչուհիներով աւելի քան երկու տասնամեակ է ինչ հնչեցնում է հայ երգն ու երաժշտութիւնը տարբեր հարթակներում։ Երգչախմբի ղեկավար Լիլիան Աւագի նրբանկատ ճաշակի ու երգիչ-երգչուհիների անվերապահ աշխատասիրութիւնը արդիւնաւորւում է որակեալ մատուցումով, որին մեր հանդիսատեսը միշտ պահանջն է ունեցել։
Երգչախումբը արդիւնք է միութենական-կամաւորական ջանքի շնորհիւ իրականացած մասնագիտական հզօր աշխարհում, սիրողականի սկզբունքով յաղթահարուած ու յաջողութեամբ պսակուած արուեստի ամուր խմբի։
«Արարատ» երգչախումբը վկան է այն ցայտուն փաստի, որ հայերը տարիներ շարունակ հայրենիքից դուրս պահպանել են իրենց գեներից բխած հայ երգի ու երաժշտութեան իրենց հասանելիքը։
Ի հաճոյքս հանդիսատեսի, այս տարուան ծրագիրն ճոխացուել էր «Արարատ» սենեկային նուագախմբի մասնակցութեամբ։
Ներդաշնակօրէն համադրուած հայկական-հայրենասիրական-ժողովրդական երգչախմբային կատարումներին յաջորդեցին սենեկային նուագախմբի դասական կոկիկ կատարումները՝ Թալին Գույումճեանի ղեկավարութեամբ։
Իսկ կատարեալ համագործակցութիւնը երգչախումբ-նուագախմբի միասնական ներդաշնակ դրսեւորումն էր հաւաքական աշխատանքի, որը մեծ ոգեւորութիւն ստեղծեց հանդիսատեսի մօտ։
Այս ամէնը ճոխացրեցին մենակատարների հիասքանչ կատարումները։
Ներկաները հաճոյքով լքեցին սրահը՝ հայ երգով ու երաժշտութեամբ հարստացած հոգիներով եւ համոզուած, որ «Արարատ»ը եղել է ու մնում է այն ամուր, սնուցող, հայրենանուէր, սերունդ դաստիարակող բնօրրանը հայրենիքից դուրս, որն ի զօրու է պահել ու պահպանել հայ մշակոյթը իր մայր երկիր վերադարձնելու նպատակով։
Այս ամէնի վառ վկան է հենց ինքը «Արարատ» երգչախումբը։
(Թղթակցութիւնը՝ ՀՄԸՄի «Արարատ» մասնաճիւղէն)