
ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
Ըստ իս, ուսուցչի, մասնաւորաբար` հայերէնի ուսուցչի, ամենաարժանի դափնին, պարգեւը, ո՛չ շքանշանները, ո՛չ պատուոգրերը, ո՛չ նիւթական պարգեւները, եւ ո՛չ էլ մեծարանքի հանդիսութիւններն ու ճաշկերոյթներն են: Քանզի այդ բոլորը անցողիկ երեւոյթներն են: Ես այն համոզման եմ, որ ուսուցչի համար ամենաբերկրաբերձ վարձքը, պարգեւը իր աշակերտների փայլուն ձեռքբերումներն ու յաջողութիւններն են՝ մարդկային գիտութիւնների, արուեստի ու մշակոյթի համակարգերում:
Արդարեւ, Փասադենայի «Քորնըր» սրճարանի բացօթեայ տարածքում այդ մտորումներով համակուած զրուցում էի Շամլեան Ազգային վարժարանի իմ նախկին շրջանաւարտ աշակերտներից՝ Արման Քէյվանեանի հետ, ով հիմա քաղաքի Crown City Symphony կոչուող հանրայայտ սիմֆոնիկ նուագախմբի յարգուած ու սիրուած շնորհալի խմբավարն է:
Թէեւ տարիներ են անցել, բայց տակաւին Արմանի յուշաշխարհում անջնջելի տպաւորութիւն են թողել Շամլեան վարժարանի հայերէնի իմ դասարանն ու դասապահերը, երբ ընթերցանութեան նոր դասանիւթ պարապելիս,- պատմում է ինքը,- միւսները դժուարանում էին սահուն ընթերցել եւ որ իրեն էի առաջարկում դասարանի առջեւ ընթերցել նոր դասանիւթը բոլորի համար: «Ա՛յ այսպէս կ՛ընթերցեն դասը, դառնալով դասարանին ասում էիք ինձ եւ հիացմունքով լսում՝ ընթերցանութիւնս»,- ժպտալով յիշում է Արմանը եւ աւելացնում,- «Ես մեծ սիրով ու սահուն, անսխալ էի կարդում դասագրքում տեղ գտած մեր գրողների գործերը»:

Իսկ ես ներքուստ հոգեկան մեծ վայելք եմ ապրում, որ Ամերիկայում ծնուած ու հասակ առած այս երիտասարդը հիանալի հայերէնով է արտայայտում իր յուշերն ու տպաւորութիւնները, չնայած այն իրողութեան, որ երկար տարիներ անց, իր աշխատանքի, երաժշտական իր արուեստի միջավայրը դարձել է ամերիկեան, բայց իր հայեցի մտածելակերպի, լեզուաշխարհի զարգացման, խարսխման ու ձեւաւորման հոլովոյթում աննկուն ու ամրակուռ է մնացել հայերէնն ու հայերէնախօսութիւնը՝ հայ դպրոցի ու հայ ընտանիքի դաստիարակութեան շնորհիւ:
Մեր ունեցած զրոյցում Արմանը պատմեց, որ երաժշտութեամբ զբաղուել է փոքր տարիքից, հետեւելով դաշնամուրի դասընթացների: 1998ին ընդունուել է Լոս Անջելոսի Colburn երաժշտական բարձրագոյն ուսումնարանը եւ ապա կրթութիւնը շարունակել է Chapman համալսարանում մասնագիտանալով դաշնամուրի եւ խմբավարութեան բնագաւառներում: Սիրել է դասական երաժշտութիւնը եւ դեռ փոքր տարիքում՝ հազիւ 10-11 տարեկանում դաշնամուրի վրայ նուագել է գործեր՝ Բեթհովէնից, Մուցարտից, Բախից, Չայկովսկուց, Խաչատրեանից, իսկ այժմ, խմբավարական բարձրագոյն կրթութիւնն ստանալուց յետոյ, ղեկավարում է ամերիկեան սիմֆոնիկ նուագախմբեր, կատարելով աշխարհահռչակ երգահանների գործերը՝ ինչպէս Կալիֆորնիայի, այնպէս էլ Միացեալ Նահանգների այլ համերգասրահներում: Առանձնայատուկ հիացումով ու անսահման սքանչացումով է խօսում,- Պարոյր Սեւակի բառերով,- հայ երգի Մեսրոպ Մաշտոցի՝ Կոմիտաս Վարդապետի երաժշտական, ազգագրական հոյափայլ ժառանգութեան մասին:
Փասադենայի First Babtist եկեղեցու դահլիճում նախորդ շաբաթներին պատեհութիւն եմ ունեցել լսելու Արման Քէյվանեանի խմբավարութեամբ եւ սիմֆոնիկ նուագախմբի կատարմամբ դասական երաժշտութեան մեծերի ստեղծագործութիւնները եւ խորապէս համոզուել, որ Արմանը՝ 38ամեայ երիտասարդ մեր մայեստրոն, երաժշտագիտական բարձր ճաշակով ամերիկահայ տաղանդաշատ խմբավար է մեր համայնքում: Իսկ դա, ամենամեծ պարգեւն է ինձ՝ հայերէնի ուսուցչիս, համար:
Որպէս արհեստավարժ դաշնակահար Արմանը հրաւիրուել եւ ելոյթներ է ունեցել Հիւսիսային ու Հարաւային Կալիֆորնիայի համերգասրահներում: Հարուստ է նաեւ երիտասարդ խմբավարի համերգային շրջագայութիւնները աշխարհի տարբեր երկրներում, ուր սիմֆոնիկ նուագախմբերով ղեկավարել է աշխարհահռչակ երգահանների գործերը՝ ինչպէս Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ, այնպէս էլ Եւրոպայի շատ ու շատ երկրների քաղաքների համերգասրահներում:
Որպէս երիտասարդ տաղանդաշատ խմբավար, բազմաթիւ մրցոյթների եւ մրցանակների դափնեկիր է Արմանը, իսկ Եւրոպական երկրների երաժշտական փառատօնում բազմաթիւ երաժշտագէտների մէջ ինքն է արժանացել դասական երաժշտութեան բարձր պարգեւին:
Անցնող 20 տարիներին, Արման Քէյվանեանը իր գործուն մասնակցութիւնն է բերել տեղիս մշակութային եւ ոչ շահութաբեր բազմաթիւ կազմակերպութիւններին: Որպէս յանձնակատար ութ տարի մաս է կազմել Գլենդէլի քաղաքապետարանի Արուեստի եւ Մշակոյթի յանձնաժողովին, իսկ երեք տարի ընտրուել է յիշեալ յանձնախմբի նախագահ, անդամակցել Գլենդէլի սիմֆոնիկ նուագախմբի վարչութեան եւ տակաւին շարունակում է իր կամաւոր գործակցութեամբ սատար հանդիսանալ Լոս Անջելոսի համայնքային բազմաթիւ կազմակերպութիւններին, ի խնդիր՝ ոչ շահութաբեր նախաձեռնութիւնների ու ծրագրերի ծաւալման ու յաջողութեան:
Երաժշտագէտների գնահատմամբ Արմանը օժտուած է դասական գործերի մեկնաբանման իւրովի իմացականութեամբ ու բարձր ճաշակով, ինչը կարելի է նկատել նրա խմբավարած սիմֆոնիկ նուագախմբերի կատարումների ժամանակ:

Մեր զրոյցը ծաւալուեց նաեւ արուեստի գոյաբանութեան մասին: Արուեստը արուեստի, թէ՞ արուեստը ժողովրդի համար: Գեղագիտական այս սկզբունքի շուրջ շատ է խօսուել ու գրուել: Արուեստագէտները տարբեր հակումներով են անդրադարձել այս հարցին: Մայեստրօ Քէյվանեանի կարծիքով արուեստը չի կարող անբաժան լինել ժողովրդից եւ զարգանալ ինքնանպատակ: Նրա կարծիքով թէեւ երաժշտական արուեստը անհատական ճաշակների արդիւնք է եւ որ արուեստագէտի համար չկան ժամանակների ու պայմանների անառարկելի դրոյթներ կամ ուղղութիւններ, այնուամենայնիւ վերջին գնահատականն ու արժեւորումը վերապահուած է ժողովրդին, արուեստասէր հասարակութիւններին ու արուեստարար շրջանակներին: Ահա, թէ ինչու անմահանում են յանձնառու, մեծանուն արուեստագէտները:
Ինչպէս նշեցի, պատեհութիւն եմ ունեցել ներկայ գտնուելու ամերիկահայ երիտասարդ երաժշտագէտ, դաշնակահար, սիմֆոնիկ նուագախմբի խմբավար Արման Քէյվանեանի համերգային ելոյթներին, ուր բազմաթիւ օտարազգի երաժշտասէր ներկաների մէջ նկատելիօրէն շատ սակաւ, գրեթէ աննշմար է եղել մեր հայկական համայնքի անդամների ներկայութիւնը: Սրահում երբեմն նկատել եմ նաեւ ուրիշների, ովքեր ընտանեօք, նոյնիսկ իրենց փոքրիկ երեխաների հետ եկել են ըմբոշխնելու, իսկ իրենց փոքրիկներին հենց փոքր տարիքից ծանօթացնելու եւ սովորութիւն դարձնելու, որ լսեն, վայելեն սիմֆոնիկ երաժշտութիւնը: Յաճախ ներքուստ ափսոսանքի զգացումի հետ մէկտեղ այն յոյսն եմ փայփայել նաեւ, որ Արմանի խմբավարած յաջորդ համերգին սրահում ականատես կը լինեմ նաեւ մեր համայնքի մեծ թուով երաժշտասէր, անդամների, երիտասարդների, մասնաւորաբար Արմանի դպրոցական շրջանի ընկերներին, ովքեր իրենց ներկայութեամբ պիտի արժէքաւորեն, քաջալերեն ու գնահատեն իրենց երաժշտագէտ ընկերոջ: Իսկ յաջորդ համերգների թուականներն ու մանրամասնութիւնները կարելի է գտնել Փասադենայի Crown City Symphony կայքում՝:
Յունուար 2024