
Վալենտինի օրն առիթ է, որ բժշկական տեսանկիւնից նայենք սիրոյ ու առողջ լինելու յարաբերակցութեանը: Գիտնականները նորանոր անսպասելի բացայայտումներ են անում, ուսումնասիրելով սիրահարուած մարդու ուղեղի աշխատանքը: Պարզւում է, որ նոր սիրահարուած մարդու ուղեղը զարմանալիօրէն նման է թմրամիջոցների կախուածութիւն ունեցող մարդու ուղեղին: Սքանաւորելով (նկարելով) եւ ուղեղի առանձին հատուածների ակտիւութիւնը (աշխուժութիւնը) գրանցելով կարելի է որոշել, թէ ինչքան «խորն է» սիրահարուած մարդը: Սիրահարուած ժամանակ ուղեղը հորմոնների մի ամբողջ փունջ է արտադրում, որոնք հաճոյքի զգացում է հաղորդում մեզ: Այդ է պատճառը, որ մարդիկ հակուած են սիրահարուել: Սիրահարուելը մարդու համար անհրաժեշտութիւն է: Իսկ երիտասարդ տարիքում սէրը աւելի շուտ անհրաժեշտութիւն է, որը պէտք է բաւարարել, ինչպէս սովն ու ծարաւը: Յետագայում է, որ վերածւում կայուն յոյզի:
Սիրտը սիրոյ խորհրդանիշերից է, ու սէրը իսկապէս օգտակար է սրտի համար: Հետազօտութիւնը ցոյց է տուել, որ մարդիկ, ովքեր երջանիկ են եղել ամուսնական կեանքում, սրտի բարդ վիրահատութիւններից յետոյ առողջանալու աւելի բարձր մակարդակի աստիճան են ցուցադրել:
Երջանիկ յարաբերութիւնները զգալիօրէն ամրապնդում են մարդու սթրեսի (ճնշուածութեան) հանդէպ դիմացկունութիւնը, եւ նա աւելի քիչ է դիմում վնասակար խթանիչների, ինչպիսիք են ալկոհոլը (ոգելից ըմպելի), ծխախոտը կամ թմրանիւթերը, ինչպէս նաեւ մեծ ուշադրութիւն է դարձւում ճիշդ սնուելուն: Դրանք զգալիօրէն նուազեցնում են տարբեր սիրտանօթային համակարգի հիւանդութիւնների ռիսկը (վտանգը), այդ թւում՝ ինֆարկտի, ինսուլտի եւ այլն:
Կեանքից բաւարարուածութիւնը շատ բանով կախուած է երջանիկ յարաբերութիւններից: Կարեւոր դեր է խաղում սեռական յարաբերութիւնը սիրած մարդու հետ, որը առողջութեան լաւ խթանիչ է:
Սիրած մարդու կորուստը, հակառակը, բարձրացնում է սրտի, ընկճախտի եւ այլ հիւանդութիւնների հաւանականութիւնները եւ մեծացնում վաղ մահուան հնարաւորութիւնը:
Սէրը յանգեցնում է «երջանկութեան հորմոնի» արտադրմանը, որը ուժեղանում է սիրած մարդու գրկում: Այդ իսկ պատճառով մենք այդքան ցանկանում ենք գրկել սիրած մարդուն: