Թեհրանում կայացել է «Հայ Դատն այսօր» 15րդ խորհրդաժողովը: Արցախի հիմնահարցն ու կորուստը, ՀՀ ներքաղաքական իրավիճակը, Հայաստան-Սփիււռք յարաբերութիւնները, տարածաշրջանային իրավիճակը, առկայ մտահոգութիւնները, ապագայ հնարաւոր զարգացումներն ու հայկական կողմի անելիքներն այն թեմաներն էին, որոնք քննարկուել են Թեհրանում` «Հայ Դատն այսօր» 15րդ խորհրդաժողովում:
Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ` Փետրուարի 15-16ը, Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) սրահում կազմակերպուած «Հայ Դատն այսօր» 15րդ խորհրդաժողովին մասնակցել են Հայաստանից, Արցախից հրաւիրուած բանախօսներ, ՀԱԵ իրանահայ երեք թեմերի ներկայացուցիչներ եւ ազգային մարմիններ: Խորհրդաժողովի խորագիրն էր «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականութեան եւ ինքնիշխանութեան պահպանման համար»:
Հայ Դատի յանձնախմբի հրաւէրով խորհրդաժողովին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը, ԱԺ «Պատիւ Ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիյեանը:
Բանախօսներն իրենց ելոյթներում անդրադարձել են.
– Համազգային ճգնաժամը դիմագրաւելու գործում Հայ Առաքելական եկեղեցու կարողութիւններին, եկեղեցու դէմ տարուող արշաւին,
– Առկայ պայմանների եւ իրականութեան պարագայում Հայ Դատի պայքարի նորօրեայ թիրախների ճշգրտմանը, ռազմավարութեան եւ մարտավարութեան մշակմանը
– ՀՀ ներքաղաքական իրավիճակին, առկայ ճգնաժամը յաղթահարելու գործում ընդդիմութեան անելիքներին,
– Տարածաշրջանային խնդիրներին, դրանց աշխարհաքաղաքական դիմակայութեանն ու հնարաւոր սցենարային (բեմագրական) զարգացումներին:
– Բռնագաղթուած արցախահայութեան սոցիալ-տնտեսական ներկայ իրավիճակին եւ Արցախի Հանրապետութեան պետական-քաղաքական ինստիտուտների (այստեղ՝ կառոյցներու) պահպանման կարեւորութեանը:
ՀՀից ժամանած գործիչները Իրանի Իսլամական Հանրապետութեան Կովկասի ուսումնասիրութեան ինստիտուտում (հիմնարկին մէջ) նաեւ փակ ձեւաչափով հանդիպումներ մտքերի փոխանակումներ են ունեցել Հարաւային Կովկասի հարցերով զբաղուող փորձագէտների հետ:
«Հայ Դատն այսօր» խորհրդաժողովը Հայ Դատի Թեհրանի յանձնախմբի ամէնամեայ միջոցառումն է, որը կազմակերպւում է աւելի քան 15 տարի անընդմէջ: Այն կարեւոր նշանակութիւն ունի իրանահայ համայնքի կեանքում, որին ամէն տարի մասնակցում են հեղինակաւոր գործիչներ, փորձագէտներ` քննելու հայութեան ներկայ կացութիւնը եւ լուծումներ գտնելու առկայ խնդիրների համար: