(ՇԱՐԼ ԱԶՆԱՒՈՒՐԻ ԾՆՆԴԵԱՆ 100ԱՄԵԱԿ)
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Աշխարհի բոլոր անկիւններում, ի մասնաւորի Ֆրանսիայի եւ Հայաստանի ողջ տարածքում, աներեւակայելի, բայց իրաւ, փոքրամարմին հսկայ Շարլ Ազնաւուրն է տիրել միլիոնաւոր մարդկանց հոգիներին ու սրտերին:
Այս օրերին աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում նշում են ֆրանսիական երգի՝ «շանսոնիէ»ի, 20րդ դարի «արքա», բանաստեղծ, գրող, դերասան, բեմագիր, հասարակական գործիչ, Հայաստանի դեսպան Ազնաւուրի ծննդեան 100ամեակը:
Հիմնականում ինքնաշխատութեամբ, տարիների յամառ աշխատանքով աշխարհի գրեթէ բոլոր բեմերը նուաճած աննման երգիչ-բանաստեղծը միակն է, եզակին:
Ազնաւուրի երգչական-կատարողական արուեստի ազդեցութիւնն են կրում բազմաթիւ օտար եւ հայ երգիչներ, որոնց կատարողական արուեստում կայ հաստատուն մի երազանք՝ նմանուել Ազնաւուրին, մանաւանդ` իրենց ասերգային (recitative) երգերի կատարման ընթացքում: Դժուար է լիարժէքօրէն նմանուել Ազնաւուրի կատարողական արուեստին: Նա չի երգում, նա պատմում է, պատմում՝ մանկութեան, պատանեկութեան, առաջին սիրոյ, ապրած թաղի, ընտանիքի, մարդկային անեղծ յարաբերութիւնների մասին:
Ազնաւուրը սոսկ երգիչ չէ, նա «արտիստ» է բեմում, դերասան, որը, երգի, մեղեդու, բառերի իմաստը պիտի բացայայտի ոչ թէ խօսափողի առջեւ քարացած վիճակում, այլ նա պիտի ամբողջ բեմահարթակը իրենով անի, իրմով լցնի՝ անընդհատ գնայ, գայ: Եթէ պէտք է, ըստ երգի բովանդակութեան, կարող է եւ հագուստը հանել ու նետել մի կողմ, եւ կամ՝ փողկապը հանել ու վերնաշապիկի թեւերը ծալլել:
Այո, այսպիսին էր մեր Շարլը: Նա կարող էր թեւերը բացած վալս պարել բեմում ու պատրանք ստեղծել, որ ինքը գրկախառն պարում է գեղանի օրիորդի հետ:
Յիշեցէք բանաստեղծ Ազնաւուրի «Ինքնակենսագրութիւն» ծաւալուն բանաստեղծութիւնը, որի թարգմանիչն է Սամուէլ Գասպարեանը:
Որեւէ մէկի կենսագրութիւնը, անկախ նրա ով լինելուց, ոչ ոք չի կարող հարազատօրէն գրի առնել բացի իրենից, ենթակայից: Նման համոզումս աւելի քան ամրապնդուեց իմ մէջ, երբ քանիցս կարդացի հրաշք Ազնաւուրի «Ինքնակենսագրութիւն» չափածոյ գրուածքը, որը աննկատ շտկումներից ու արձակ ոճի վերածելուց յետոյ, յանձնում եմ ընթերցողին․
«Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին:. Դա Լատինական թաղամասում էր, Մսիօ-լէ-Պրենս փողոցի վրայ: Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային, որոնք չքնաղ էին ու աննման, ապրում էին լոկ երազանքներով: Խօսում էին զուտ ռուսերէն ու հայերէն:
Հայրս երգում էր օպերետներում․ ես դեռ նախանձում եմ նրա ձայնին: Մայրիկս այնտեղ մի սուբրետուհու (միջին սոպրանօ ձայն ունեցող երգչուհի) դեր էր կատարում, բայց նրանց խումբը կարիքաւոր էր ու դրամ չունէր:
Ես ու քոյրս էլ` ուրախ ու խնդուն, թաքուն ծիկրակում էինք բեմանկարի ետեւից: Ընտանիքի տէր, հոգսը ուսերին, այդ արտիստները, որ բնաւ սահուն ֆրանսերէնով չէին խօսում, համաձայն էին ցանկացած գործի՝ միայն թէ տեղ լիներ:
Նրանք համաձայն էին տաքսի վարելով կամ կար անելով դրամ վաստակել ու մի կերպ ապրել եւ աշխատանքում բարեխիղճ լինել: Աշխատանքային բոլոր օրերին, այդ արտիստները` կեանքից վտարուած, փորձ էին անում, որպէսզի գոնէ դրամի մասին չմտածելու հաճոյքն զգային, գէթ երկու անգամ ամսուայ ընթացքում, ու բեմ դուրս գալով երկչոտ, ամօթխած, կանգնեն տարագիր մարդկանցով լցուած դահլիճի դիմաց:
Եւ պատահում էր, փող հայթայթելը դառնում էր անյոյս, երբ ցուրտն էր նեղում, ուտելու ոչինչ չէինք ունենում, կոտրուած սրտով ու խռովայոյզ, մենք գնում էինք Մոն-դէ-Պիետէ (խաղատուն) ու գրաւ դնում…
Մենք յիշում էինք անցաւորներին՝ Բոսֆորի ափին ընկած, յօշոտուած, մեր կեանքի համար բաժակ բարձրացնում, կանայք սուս ու փուս լաց էին լինում, իսկ տղամարդիկ, մինչեւ լուսաբաց, բիւր անգամ երգուած երգն էին երգում:
Դա մեր ֆոլկլորն է, որը գալիս է դարերից հին-հին:Այդ երգերում յաւերժ ապրում են անցաւորները, սէրը եւ գինին:
Մեր տան սեղանից անպակաս էին ընկեր, բարեկամ, նրանց հետ սիրով միշտ կիսում էինք մի կտոր հացը, իսկ ծնողներս ինձ ասում էին. «Վերեւն Աստուած կայ, լաւութիւն արա` մի օր անպայման կը գայ քո դիմաց»:
Այդ ամէնի մէջ նշոյլ իսկ չկար խղճահարութեան: Հիւրը տեղ ունէր մեր գլխի վրայ, Աստուած էլ մեզ էր հասնում օգնութեան:
Մինչ խոհանոցում, մի ձեռքին` կաթսայ, միւսին` տապակ, իր անելիքն էր հայրս որոշում: Գիշեր ու ցերեկ մայրս նստում էր նաւթի լոյսի տակ ու մեծահարուստ տների համար կար էր անում, իսկ ես ու քոյրս գնումներ էինք անում, տունն էինք մաքրում, եւ յետոյ միայն դպրոց յաճախում:
Ազատ, ինքնիշխան` այսպէս մեծացայ․ գիշերները ես թունդ հարբում էի, բայց ցերեկները պէտք էր աշխատել:
Կեանքիս ընթացքում էլ ինչեր ասես, որ ես չտեսայ։ Էլ իսկական սէր, էլ՝ մահից խոյս տալ: Ես երեխաներ ունեցայ, որոնք վկայ են եղել, թէ ինչպէս ամէն անգամ… ա՜խ, լցուած սրտով ինչպէ՜ս եմ յիշել…, դա Լատինական թաղամասում էր, Մսիօ-լէ-Պրենս փողոցի վրայ: Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային, այդ մարդիկ միայն անցեալ ունէին, բայց ոչ ապագայ։ Այդ մարդիկ չքնաղ, աննմա՜ն էին, ապրում էին լոկ երազանքներով»:
Կարդացէք Ազնաւուրի «Ազնաւուրը Ազնաւուրի Մասին» գրքի հայերէն թարգմանութիւնը, որը ժամանակին իրականացրել է վաղամեռիկ, Սիբիր տեսած շնորհալի գրող, լրագրող, թարգմանիչ Սուրէն Բուրսալեանը, եւ դուք կը տեսնէք, թէ ի~նչ տառապանքների միջով է անցել հանճարեղ Շարլը մինչեւ որ ոտք է դրել ինքնահաստատման ճանապարհին:
«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել։ Շատ դառնութիւններ եմ ճաշակել այդ ճանապարհին` երեսիս փակուած դռներ, հեգնանքով ու արհամարհանքով լի ժպիտներ, կատակի տակ քօղարկուած չարախօսութիւններ, «Մի յամառէք, ոչինչ չունենք ձեզ համար», «Թողէք ձեր հասցէն, կը գրենք», «Ամէն պատահական մարդու վրայ ժամանակ չունենք կորցնելու»…Այս եւ նման այլ արտայայտութիւններ: Ես ճաշակել եմ այդ բոլորը», գրում է Ազնաւուրը:
Ազնաւուրը ասպարէզ ելաւ այն տարիներին, երբ ֆրանսիական երգի ոստանում թնդում էին ազգային, ի մասնաւորի քաղաքային երգի հսկաներ Մորիս Շեվալիէի, Ժիլբեր Բեքոյի, Միստինգէտի, ի մասնաւորի՝ Էդիտ Պիաֆի անունները:
Ազնաւուրը ծնուել է 1924ի Մայիսի 22ին, Փարիզում, հայ գաղթականների ընտանիքում: Հայրը արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը Ցեղասպանութեան ականատես փրկուածներից:
Շարլի մայրը երգչուհի-դերասանուհի էր, իսկ հայրը՝ երգիչ: Նրանք ծանօթացել են Կոստանդնուպոլսում, որտեղ հայրը ելոյթներ էր ունենում՝ հիմնականում Ցեղասպանութիւնից ճողոպրած հայերի համար, իսկ մայրը՝ մշակութային յօդուածներ էր գրում հայկական թերթի համար:
Շարլի հայրը՝ Միքայէլը, որ յայտնի էր Միշա անունով, «Կովկաս» անունով փոքրիկ ճաշարան էր բացել, ուր երգում էր գաղթականների համար:
«Իր դերասանուհի կնոջ հետ, նրանց երկու երեխաները՝ Այդան եւ Շարլը, հասակ առան երաժշտութեան եւ թատրոնի մթնոլորտում, տարբեր արուեստագէտների շրջանում», գրում է մամուլը։
1933ին Շարլի ծնողները որոշում են իրենց որդուն տանել արուեստի դպրոց, որովհետեւ նա երազում էր դերասան դառնալ։ Ուսումնառութեան հենց առաջին տարում, Շարլը առաջին անգամ բեմ բարձրացաւ եւ իր համար բեմական անուն ընտրեց Ազնաւուրը: Սկզբնական շրջանում նա հանդէս էր գալիս որպէս պարող, ապա սկսում է մանկական դերեր կատարել ճանաչուած «Օդէօն», «Մադլէն», «Մարինի» փարիզեան թատրոններում:
Համաշխարհային պատերազմի ժամանակ, Ազնաւուրեան ընտանիքը Փարիզի իրենց բնակարանում հայեր էին թաքցնում, որոնց մէջ էր` բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրութեան շարժման մասնակից Միսաք Մանուշեանը իր կնոջ՝ Մելինէի հետ:
17 տարեկան հասակում, 1941ին, Ազնաւուրը հանդիպում է յօրինող, դաշնակահար Պիեռ Ռոշին: Այդ հանդիպումը նրա համար դարձաւ ճակատագրական: Վերջինս «Մյուզիք-Հոլ» դպրոցի տնօրէնն էր: Սկիզբ է առնում նրանց ընկերական կապը, ինչից յետոյ, Շարլը վերջնականապէս որոշում է ընտրել երգարուեստը։ Պիեռի հետ նրանք ստեղծում են «Ռոշ եւ Ազնաւուր» երկեակը եւ սկսում են ելոյթներ ունենալ տարբեր համերգասրահներում:
1944ին, 20ամեայ Շարլը գրում է իր առաջին՝ «Ես խմել եմ» երգը, որը Ժորժ Ուլմերի կատարմամբ արժանացել է «Տարուայ ձայնապնակ» մրցանակին։ Այդ օրերին համաշխարհային համբաւ վայելող ֆրանսիացի հռչակաւոր երգչուհի Էդիտ Պիաֆի ուշադրութիւնից չէր կարող վրիպել քսանամեայ Շարլի ապշեցուցիչ յաջողութիւնը:
Շարլի համար բեկումնային է դարձել Պիաֆի եւ իր կուռք Շարլ Տրենէի հետ հանդիպումը։ Էդիթը Ռոշ եւ Ազնաւուր զոյգը աշխատանքի է հրաւիրում Նիւ Եորք, որտեղ նա մեկնելու էր համերգային շրջագայութեան: Այնուհետեւ, Ռոշ եւ Ազնաւուր փորձում են յաջողութեան հասնել Քուեբէկում, յետոյ՝ Մոնրեալում։ Չնայած Կանադայում ունեցած լաւագոյնս ճանաչմանը, Ազնաւուրը վերադառնում է Ֆրանսիա եւ Պիաֆի խորհրդով սկսում է իր մենակատարային գործունէութիւնը: Նա սկսում է համագործակցել Ժիլբէր Բեքոյի հետ։
1955ին Ազնաւուրը առաջին անգամ ելոյթ է ունենում Փարիզի նշանաւոր «Օլիմպիա» դահլիճում։ «Ֆրանսիան ազնաւուրացուած է», գրում է ֆրանսիական մամուլը, իսկ Ֆրանսիայի նախագահ Շարլ դը Գոլը բարձրաձայնում է. «Դուք կը նուաճէք աշխարհը, որովհետեւ կարողանում էք յուզել»։
Մէկ տարի անց, 1956ին, Ազնաւուրը գրում է իր «Իմ կեանքի մասին» երգը, որի մէջ պատմում է իր յաջողութիւնների մասին։ 1960ին, 36 տարեկան հասակում, նա գրում է «Ես հիմա տեսնում եմ» երգը, որը նրա ամենայայտնի երգերից մեկն է։ Սրան յաջորդում են այլ ստեղծագործութիւններ, որոնց թւում՝ «Ծաղրածուներ», «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդութիւն», «Պէտք է գիտենալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպէս ասում են», «Յաւերժական սէր», «Ավէ Մարիա», «Իզաբէլ» եւ այլն:
Ազնաւուրը համաշխարհային հռչակ է ձեռք բերում 1963ին՝ Նիւ Եորքի «Կարնեգի» սրահում տուած համերգից յետոյ։
Նա համերգներով հանդէս է եկել Եւրոպայում, Ասիայում, Հիւսիսայն Աֆրիկայում, իսկ իր կեանքի վերջին տարում (2018)՝ Հարաւային Ամերիկայի երկրներում:
Ազնաւուրը հազարից աւելի երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի համատեղ գործակցութեամբ), որոնց մէջ՝բազմաթիւ միջազգային «հիթ»եր կան: Դրանք կատարողներից են՝ Պիաֆը, Լայզա Մինէլլին, Պլասիդօ Դոմինգոն, Հուլիօ Իգլէսիասը, Ջօ Դասանը, Շէրը, Ռէյ Չարլզը, Մստիսլաւ Ռոստրոպովիչը եւ այլք։
Շատերի համար կարող է տարօրինակ թուալ՝ Ազնաւո՞ւրն ո՜ւր, Ռոստրոպովիչն ուր, միանգամայն տարբեր աշխարհներ: Թոյլ տուէք պարզաբանել:
1968ին աշխարհահռչակ թաւջութակահար, դաշնակահար, խմբավար Ռոստրոպովիչն ու իր կինը՝ փառաբանուած օպերային երգչուհի Գալինա Վիշնեւսկայան, իրենց հակասովետական հայեացքնիր համար զրկուեցին սովետական քաղաքացիութիւնից, որի արդիւնքում, ամուսնական զոյգը բնակութիւն հաստատեց Փարիզում եւ, Մոնակօ փոքր պետութեան անձնագրով, շրջելով աշխարհով մէկ, մասնակից դարձան Ազնաւուրի համերգներին:
Իր երաժշտական գործունէութեան ընթացքում (սկսած 1940ից) Շարլը ձայնագրել է գրեթէ 1200 երգ՝ տարբեր լեզուներով՝ ֆրանսերէն, անգլերէն, իտալերէն, իսպաներէն, գերմաներէն, հայերէն, ռուսերէն։ Վաճառուել է Ազնաւուրի շուրջ հարիւր միլիոն ձայնապնակ եւ գրեթէ նոյնքան տեսաժապաւէն։ Ամերիկեան «Թայմ» հանդէսի հարցախոյզի համաձայն, Ազնաւուրը ճանաչուել է «Դարի արուեստագէտ»՝149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի եւ
Ֆրանսիայի բարձրագոյն պետական պարգեւներին եւ «Պատուոյ սեզար»ին (1997)։
Ազնաւուրը նկարահանուել է աւելի քան 80 ֆիլմերում, որոնցից յայտնի են՝ «Գլուխը պատին», «Կրակէք դաշնակահարի վրայ», «Սատանան եւ տասը պատուիրանները», «Արարատ» եւ այլք։ Ունի հրատարակած 14 գիրք, որոնք թարգմանուել են տասնեակ լեզուներով ու դարձել անգտանելի:
Ազնաւուրը մշտապէս հպարտանում էր իր հայկական ծագման համար, սատար էր կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա որոշ երգեր, ինչպէս ասենք՝ «Քնքուշ Հայաստան» երգը, 1988ի Սպիտակի աւերիչ երկրաշարժի առիթով՝ «Քեզ համար, Հայաստան» խմբերգը՝ իր քրոջ՝ Այդայի ամուսնու, Կառվարենցի ընկերակցութեամբ եւ «Նրանք ընկան» (Ցեղասպանութեան վաթսունամեակին) երգերը:
Ազնաւուրը մեծ բարերար էր: Երկրաշարժից անմիջապէս յետոյ նա ստեղծեց «Ազնաւուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Մահից մէկ տարի առաջ Ազնաւուրը իր որդու՝ Նիկոլայի հետ մէկտեղ, 2017ին ստեղծեցին «Ազնաւուր» հիմնադրամը, որի նպատակն է, ինչպէս գրում է մամուլը՝ «շարունակել կրթական, ընկերային եւ մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը»։ «Ազնաւուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երեւանում «Ազնաւուր» կենտրոնի ստեղծումն է։
2017ի Օգոստոսի 24ին Հոլիվուդի «Աստղերու ճեմուղում» բացուել է Ազնաւուրի պատուոյ աստղը:
Ազնաւուրը մահացել է 2018ի Հոկտեմբերի 1ին՝ թոքերի այտուցից, 94 տարեկան հասակում: Հոկտեմբերի 5ին Ազնաւուրի յիշատակին ազգային տուրք է մատուցուել Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Էմանուէլ Մակրոնի մասնակցութեամբ, որը նրան անուանել է «Ֆրանսիայի ամենակարեւոր դէմքերից մէկը»։