Վերադարձի իրաւունքի ու Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութեան պահանջով խումբ մը արցախցիներ 9 Յուլիսին բողոքի ցոյց մը կատարեցին Հայաստանի մէջ ՄԱԿի գրասենեակին առջեւ:
«Մենք ուզում ենք պահանջել միջազգային հանրութիւնից, որպէսզի Ադրբեջանի վրայ ճնշում գործադրեն, որպէսզի այդ երկիրը չոչնչացնի մեր պատմական ժառանգութիւնն ու մեր ունեցուածքը», ըսաւ «Վերադարձ դէպի Դիզակ» կազմակերպութեան նախագահ Մարգարիտա Քարամեան:
Արցախի պատմական միջավայրի պետական ծառայութեան նախկին տնօրէն Արմինէ Հայրապետեան իր կարգին խօսեցաւ վանտալութեան ահաւոր չափերուն մասին եւ ըսաւ, որ գոնէ մօտաւոր թիւ կարելի չէ նշել։ «Արցախի տարածքում թողել ենք 6 հազարից աւելի պատմամշակութային յուշարձաններ, որոնք այսօր ֆիզիքական ոչնչացման, նաեւ իսլամացման վտանգի տակ են», ըսաւ ան՝ աւելցնելով.
«Մենք նոյնիսկ մօտաւոր հաշուարկ չենք ուզում ներկայացնել, որովհետեւ դա ամբողջ պատկերը չի, մենք այդ ինֆորմացիան (տեղեկութիւնը) ստանում ենք հէնց ադրբեջանական սոցիալական (ընկերային) ցանցերից: Շատ հնարաւոր է`շատ-շատ աւելի է, պարզապէս դա ենք մենք հանդիպում, պարզապէս դրանք են սոցիալական ցանցերում երեւում: Բայց այն, որ արդէն մինչեւ 100ի հասնում է ե՛ւ պղծումը, ե՛ւ քանդումը, նոյնիսկ ունենք եկեղեցիներ հիմնայատակ աւերուած, դա միանշանակ է: Սա այն քաղաքականութիւնն է, որ Ադրբեջանը սկսած 1920ականներից իրականացնում է էթնիկ (ցեղային) զտումներին զուգընթաց: Հիմա, երբ Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել Արցախի տարածքը, հիմա էլ հայկական հետքի վերացման խնդիրն է լուծում: Նա ոչնչացնում է հայկական հոգեւոր շինութիւնները, արդէն ունենք 3 եկեղեցի հիմնայատակ աւերուած` առաջինը Ջրականի Մեխակաւանի Սուրբ Աստուածածին եկեղեցին էր, Բերձորի եկեղեցին եւ Շուշիի Յովհաննէս Մկրտչի եկեղեցին է, որը յայտնի է «Կանաչ ժամ» անունով, որ հիմնայատակ աւերուել է: Եթէ առաջին երկուսի դէպքում Ադրբեջանը յայտարարում էր, որ դրանք նոր են կառուցուել, ապօրինի են կառուցուել իր տարածքում, ապա Յովհաննէս Մկրտչի եկեղեցին կառուցուել է 18րդ դարում: Զանգուածաբար վերացւում են գերեզմաննոցներ, բնակավայրեր, օրինակ` Քարին Տակ գիւղը: Արցախի տարածքն ազատւում է հայկական շնչից»։


Քարամեան նաեւ աւելցուց հետեւեալը. «Արւում է դեմոնստրատիւ (ցուցական), այսինքն, ամբողջ աշխարհին են ցոյց տալիս դա: Ըստ երեւոյթին Ադրբեջանը ցոյց է տալիս, որ իր համար միջազգային հանրութեան արձագանգ կամ պատիժ գոյութիւն չունեն, ինչ ուզում անում են: Բայց իր հիմնական նպատակն այն է, որ ժառանգութիւնը, մեր տները ոչնչացնելով իրենք ուզում են կոտրել արցախցիների յոյսը վերադարձի»:
Արցախցիները կը շեշտեն` պատրաստ են վերադառնալ ծննդավայր, սակայն ապահովական երաշխիքներով ու միջազգային խաղաղապահներու ներկայութեան միայն: Նշուեցաւ, որ ՄԱԿի Արդարադատութեան միջազգային դատարանն ալ Պաքուէն պահանջած է պահպանել հայերու վերադարձի իրաւունքը:
ՄԱԿի գրասենեակէն խոստացան յառաջիկային ընդունիլ արցախցիները, լսել բարձրացուցած հարցերը: Քաղաքացիները գրասենեակ գրութիւններ յանձնեցին` իրենց պահանջներով: