Յունուարի 5ին Վրաստանում կայանալիք նախագահական արտահերթ ընտրութիւններում հաւանական է յայտնի սակաւապետ, ազգութեամբ հրեայ, Վրաստանի քաղաքացի Պատրի Փաթարքացիշւիլիի մասնակցութիւնը: Եթէ միլիառատէրը իրաւամբ առաջադրուի, ապա գործող նախագահ Միխայէլ Սահակաշւիլին (որի վարկանիշը կտրուկ ընկել է յատկապէս Չորեքշաբթի օրը մայրաքաղաք Թիֆլիսում ընդդիմութեան ներկայացուցիչների եւ ցուցարարների դէմ բռնութիւններ իրականացնելուց յետոյ) լուրջ դժուարութիւն կ՚ունենայ վերընտրուել նախագահի պաշտօնում: Խնդիրը ոչ այնքան Փաթարքացիշւիլիի ժողովրդականութիւնն է, որքան այն միլիառները, որ նա կարող է եւ պատրաստ է ծախսել ընտրութիւններում:
Ուրբաթ օրը Վրաստանի գլխաւոր դատախազութիւնը քրէական գործ է յարուցել Փաթարքացիշւիլիի նկատմամբ՝ իշխանութիւնը բռնի ուժով տապալելու կոչերի մեղադրանքով: Բայց քանի որ նա Թէլ Աւիւում է, վրացական իշխանութիւնները միլիառատէրի նկատմամբ հետախուզում են յայտարարել «Ինթերփոլ»ի միջոցով:
Չորեքշաբթի օրը, երբ Թիֆլիսի փողոցներում շարունակւում էին բռնութիւնները ցուցարարների նկատմամբ, «Իմետի» հեռուստաընկերութիւնը, որը ընդամէնը տասը օր առաջ էր Փաթարքացիշւիլին վաճառել ամերիկեան «Նիուզ քոր» ընկերութեանը («ԱՍՊԱՐԷԶ».- Այս ընկերութեան սեփականատէրը աւստրալիացի Ռուփըրթ Մըրտաքն է), կարդաց մեծահարուստի յայտարարութիւնը, որում ասւում էր, թէ ինքը իր ողջ հարստութիւնը, մինչեւ վերջին լուման կը ծախսի «Վրաստանը Սահակաշւիլու ֆաշիստական վարչաձեւից ազատագրելու» նպատակով: Մի քանի րոպէ անց վրացի ուժայինները ներս խուժեցին հեռուստաընկերութիւն, զէնքի սպառնալիքի տակ յատակին պառկեցրին լրագրողներին, եւ «Իմետի»ն փակուեց: Ի դէպ, վրացերէնից թարգմանաբար «իմետի» նշանակում է յոյս:
Փաթարքացիշւիլին հետախուզւում է նաեւ Ռուսաստանում ֆինանսական չարաշահումների մեղադրանքով եւ մէկ այլ հրեայ գործարար Պորիս Պերեզովսքու հետ ձերբակալութիւնից խուսափելու նպատակով Ռուսաստանից հեռացել է մի քանի տարի առաջ: Պերեզովսքին հաստատուեց Լոնտոնում, իսկ Փաթարքացիշւիլին՝ Թիֆլիսում: Ըստ յամառ լուրերի, 2003 թ., երբ Սահակաշւիլին տապալում էր Էտուարտ Շեւարտնածէին, Փաթարքացիշւիլին մեծ ֆինանսական ներդրումներ է կատարել ինչպէս հանրահաւաքների՝ «վարդերի յեղափոխութեան», այնպէս էլ Սահակաշւիլու նախընտրական քարոզչութեան նպատակով: Անցնող չորս տարիներին սակաւապետը, ինչպէս սիրում են ասել վրացիները, «գնել է Վրաստանի կէսը»:
Թէլ Աւիւից «Ռոյթըրզ»ին տուած հարցազրոյցում Փաթարքացիշւիլին ասել է, որ լրջօրէն խորհում է իր թեկնածութիւնը Վրաստանի նախագահական արտահերթ ընտրութիւններում առաջադրելու մասին: Նա ընդգծել է, որ անհաշտ պայքար է մղելու Սահակաշւիլու դէմ, որպէսզի թոյլ չտայ Վրաստանին դառնալու բռնապետական երկիր: «Վրաց հասարակութեանը ընդդիմութիւնից անհրաժեշտ է միասնական թեկնածու», ասել է Փաթարքացիշվիլին:
Ինչ վերաբերում է Գերմանիայում ապաստանած Իրաքլի Օքրուաշւիլիին, ով Սեպտեմբերի վերջերին Սահակաշւիլիին մեղադրել էր կաշառակերութեան եւ Պատրի Փաթարքացիշւիլիի սպանութիւնը կազմակերպելու մտադրութեան մէջ, ապա նա ուղղակի չի կարող մասնակցել ընտրութիւններին, որովհետեւ ընդամէնը 34 տարեկան է, իսկ Վրաստանի օրէնքներով նախագահ կարող է դառնալ 35 տարին լրացրած քաղաքացին:
Վրաստանի գլխաւոր դատախազութիւնը քրէական գործ է յարուցել նաեւ Աշխատաւորական կուսակցութեան առաջնորդ Շալւա Նաթելաշւիլիի եւ երկրի առաջին նախագահ Զւիատ Կամսախուրտիայի որդու դէմ: Գլխաւոր դատախազութեան ներկայացուցիչներն ասել են, որ «նրանք մեղադրւում են այլ պետութեան օգտին լրտեսութեան եւ Վրաստանի իշխանութեան սահմանադրական մարմինները տապալելու նպատակով դաւադրութեանը մասնակցելու մէջ»: Դաժան ծեծի է ենթարկուել ընդդիմադիր գործիչներից Քոպա Դաւիթաշւիլին: Բռնութիւնների ընթացքում ծեծի է ենթարկուել նաեւ Վրաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Սոզար Սուպարին:
Սահակաշւիլին ամէն կերպ փորձում է միջազգային հանրութեանը հաւաստիացնել, որ Ռուսաստանը փորձել է Վրաստանում իրականացնել պետական յեղաշրջում, հետեւաբար այլ բան չէր մնում, քան կանխել այն եւ դիմել ուժային եղանակների՝ հանրահաւաքները ցրելու նպատակով: Մոսկուան, բնականաբար, հերքում է նման մեղադրանքները: Արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրովը յայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին, բայց սադրանքներ թոյլ չի տայ Աբխազիայում եւ Հարաւային Օսէթիայում: Նա նշել է, որ ստեղծուած իրավիճակում գլխաւորը սադրանքներ թոյլ չտալն է հակամարտութիւնների տարածաշրջաններում՝ Աբխազիայում եւ Հարաւային Օսէթիայում: «Մենք հնարաւոր ամէն ինչ կ՚անենք, որպէսզի դա թոյլ չտանք», ասել է Լաւրովը: «Աբխազիայում եւ Հարաւային Օսէթիայում բնակւում են Ռուսաստանի շատ քաղաքացիներ: Մենք պատասխանատու ենք որպէս խաղաղապահներ տրամադրած երկիր, եւ մենք ամէն ինչ անելու ենք, որպէսզի կատարենք մեր ստանձնած պարտաւորութիւնները», ասել է նա:
Վրաստանի խորհրդարանը Ուրբաթ երեկոյեան արտահերթ նիստում հաստատել է 15 օրեայ ժամկէտով երկրում արտակարգ դրութիւն սահմանելու վերաբերեալ հրամանագիրը, որը նախագահ Միխայէլ Սահակաշւիլին ստորագրել է Նոյեմբերի 7ին: Խորհրդարանը նաեւ հաստատել է արտակարգ դրութեան գործողութեան ժամանակաշրջանի միջոցառումների մասին Վրաստանի նախագահի հրամանագիրը: Այդ հրամանագրով ժամանակաւոր սահմանափակումներ են կիրառւում ըստ սահմանադրութեան երեք կէտերի՝ տեղեկատուութեան ստացումն ու տարածումը, ցոյցեր ու հաւաքներ անցկացնելու, գործադուլներ անցկացնելու իրաւունքը: Երկու փաստաթղթերի ընդունման օգտին քուէարկել է 149 պատգամաւոր: Որոշումն ընդունուել է միաձայն: Փաստաթղթի ընդունումից յետոյ, ելոյթ ունենալով պատգամաւորների առջեւ, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինօ Պուրճանածէն յայտարարել է, որ այն ուղղուած է երկրի կայունութեան ու իրաւակարգի պահպանմանը եւ չեղեալ կը յայտարարուի իրադրութեան լիակատար բնականոնացումից անմիջապէս յետոյ:
Իշխանութեան թեկնածուն նախագահական արտահերթ ընտրութիւններում բնականաբար կը լինի Միխայէլ Սահակաշւիլին, ով 2003 թ. Յունուարի 4ին կայացած արտահերթ նախագահական ընտրութիւններում ստացել էր քուէների մօտ 97 տոկոսը: Այս անգամ նրա նախագահ ընտրուելու հնարաւորութիւնները այնքան էլ վարդեայ չեն, թէեւ պէտք է նկատել, որ Սահակաշվիլին ունի յստակ ձեւաւորուած ընտրազանգուած: Ոչ երկրորդական նշանակութիւն ունի նաեւ Արեւմուտքի, առաջին հերթին՝ Մ. Նահանգների աջակցութիւնը:
Քաղաքական վերլուծաբանների կարծիքով, Սահակաշւիլին գնաց լուրջ զիջումների՝ նշանակելով արտահերթ ընտրութիւններ: Նրա նախագահութեան ժամկէտը լրանում էր 2009 թ. Յունուարին: Միւս կողմից, Վրաստանի գործող նախագահը այդ ռիսքին գնում է յստակ իմանալով, որ ընդդիմութիւնը դժուարութիւններ կ՚ունենայ մէկուկէս ամսուայ ընթացքում համատեղել ուժերը եւ առաջադրել միասնական թեկնածու:
Վրաստանի հոգեւոր առաջնորդ, կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը «իմաստուն» է համարել 2008 թ. Յունուարին վաղաժամկէտ նախագահական ընտրութիւններ անցկացնելու երկրի նախագահի որոշումը: «Վրաստանի նախագահի որոշումն իմաստուն է, ճիշդ ժամանակին ընդունուած: Փաստօրէն նախագահն ամէն ինչ արեց, որպէսզի լիցքաթափի այս լարուած իրադրութիւնը», յայտարարել է պատրիարքը:
Սահակաշւիլու որոշումը ողջունել է նաեւ Արեւմուտքը, որը ի դէպ, հերթական անգամ ապացուցեց, որ իր համար ժողովրդավարութիւնը ընտրովի է: Այն բռնութիւնները, որ իրականացնում էին Թիֆլիսում, համարժէք դատապարտման չարժանացան ո՛չ Եւրոպայի, առաւել եւս՝ ո՛չ Միացեալ Նահանգների կողմից:
Ճորճ Պուշի վարչակազմը ողջունել է Վրաստանում վաղաժամկէտ նախագահական ընտրութիւններ անցկացնելու որոշումը: Ուաշինկթընում տարածուած յայտարարութեան մէջ ասւում է. «Մենք շարունակում ենք յորդորել Վրաստանի կառավարութեանը՝ չեղեալ յայտարարել արտակարգ դրութիւնը եւ վերականգնել բոլոր զանգուածային լրատուամիջոցների հաղորդումները: Այդ քայլերն անհրաժեշտ են ընտրութիւնների ժողովրդավարական պայմանները վերականգնելու համար»: Եւրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի եւ Եւրոմիութեան ներկայացուցիչները եւս ողջունել են Վրաստանում վաղաժամկէտ նախագահական ընտրութիւնների անցկացումը:
Մնում է յուսալ, որ իրաւամբ Վրաստանում ներքաղաքական իրավիճակը կը կայունանայ, իսկ նախագահական ընտրութիւնները կը համապատասխանեն միջազգային չափանիշներին: Վրաստանը չափազանց կարեւոր հարեւան է Հայաստանի համար: Ու այդպիսին կը մնայ, քանի դեռ մեր միւս երկու հարեւանները՝ Թուրքիան եւ Ատրպէյճանը, շարունակում են թշնամական քաղաքականութիւնը՝ փակ պահելով Հայաստանի հետ սահմանները: Դէպի արտաքին աշխարհ դուրս գալու Հայաստանի հիմնական ուղին անցնում է առաջին հերթին հէնց Վրաստանի տարածքով (նաեւ՝ մասամբ Իրանով): Բացի այդ, Վրաստանում է հայութեան հատուածներից մէկը՝ մօտ 250 հազարնոց վիրահայութիւնը:
Երեւան