Տեխնոլոգիաների (արհեստագիտութեանց) ու բժշկութեան զարգացումը նպաստեց նոր բուժամիջոցների յայտնաբերմանը եւ կիրառմանը, միեւնոյն ժամանակ հեշտացրեց մեր կեանքը, սահմանափակելով ֆիզիկական աշխատանքը: Դարն իր հետ բերեց նոր հիւանդութիւններ եւ երիտասարդացրեց առողջական խնդիրները, որոնք յատուկ էին տարեցներին։ Բժիշկները նշում են երեք հիմնական գործօններ, որոնք ազդել են մեր առողջութեան վրայ՝ շարժունակութեան պակաս, վերամշակուած սնունդ եւ շարունակական լարուածութիւն:
Մարսողական համախտանիշը նոր ժամանակների պատուհասն է: Սննդակարգում ճարպերի եւ շաքարների գերակշռումը մարմնում նիւթափոխանակութեան խաթարման պատճառ են դառնում: Այս խանգարումները ճարպ են կուտակում գօտկատեղի հատուածում, ներքին օրգաններում եւ, ի վերջոյ, սրտանօթային հիւանդութիւնների եւ շաքարախտի պատճառ դառնում: 30 տարի առաջ 2րդ կարգի շաքարախտը հանդիպում էր 50-60 տարեկան մարդկանց մօտ։ Այժմ տարիքային սահմանը երիտասարդացել է: Պատճառը նաեւ գիրութիւնն է ու ապրելակերպը։
Դաստակային թունելի (անցքի) համախտանիշը 21րդ դարը բնութագրող յաջորդ խնդիրն է: Երբ շատ երկար ենք օգտագործում համակարգչային մկնիկը, ձեռքի եւ սեղանի շփման պատճառով արեան հոսքը սահմանափակւում է եւ նեարդը սկսում է տուժել։ Դաստակային թունելի համախտանիշի դէպքում կարող են առաջանալ ձեռքի թմրութիւն, թուլութիւն, նոյնիսկ թեթեւ առարկաները ձեռքում պահելու անկարողութիւն, իսկ աւելի բարդացուած դէպքերում՝ ցաւային կծկումներ՝ գիշերային ժամերին:
Համակարգչի հետ կապուած յաջորդ խնդիրը կարճատեսութեան զարգացումն է: Մենք սովորել ենք օգտագործել տեխնիկան, բայց դեռ չենք սովորել, թէ ինչպէս դա անել անվտանգ կերպով: Դա է կարճատեսութեամբ հիւանդների թուի արագ աճի պատճառը: Հիւանդութեան զարգացման հիմնական գործօններից է սխալ դիրքով եւ մօտ տարածութիւնից աշխատելը. այդ դէպքում աչքի մկանները չեն թուլանում։
Դարի հիւանդութիւնն է նաեւ սթրեսը (ճնշուածութիւնը): Կեանքի արագութեան աճը եւ տեղեկատուական գերծանրաբեռնուածութիւնը յանգեցրել են մշտական լարուածութեանը ու սթրեսներին: Իսկ գլխաւոր խնդիրներից մէկն այն է, որ այն աւելի ու աւելի է դրսեւորւում երիտասարդների մօտ։ Կորոնավիրուսի համաճարակը, դրա անկանխատեսելիութիւնը, մեկուսացուածութիւնը եւ կենդանի հաղորդակցութեան բացակայութիւնը վատթարացրել են իրավիճակը յատկապէս դեռահասների շրջանում։