Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող կայքը կ՛ահազանգէ, որ Ատրպէյճան կը ջանայ նաեւ «Մենք ենք մեր սարերը» («Մամիկ-պապիկ») յուշարձանը իւրացնել։ Կազմակերպութիւնը կը գրէ.
«Օրեր առաջ, ադրբեջանական Culture of Azerbaijan կայքը տարածեց յայտարարութիւն Արցախի «Մե՛նք ենք, մեր սարերը» («Տատիկ-պապիկ») յայտնի յուշարձանի մասին` նշելով, որ այն կառուցուել է Ադրբեջանի Խանքենդի (Ստեփանակերտ) քաղաքում 1967ին եւ որ այն «Ադրբեջանի բազմամշակութային եւ ազգային-կրօնական հանդուրժողականութեան բազմաթիւ օրինակներից մէկն է»:
«Հանրայայտ է, որ յուշարձանը հայկական Արցախի ժամանակակից խորհրդանիշներից մէկն է եւ որ այն ստեղծուել է որպէս նշան եւ խորհուրդ երկրամասի հայ ինքնութեան: Աւանդական կեցուածքով եւ արտաքինով տարեց ամուսնական զոյգը հաւաստումն էր արցախահայերի պատմական անցեալի եւ ապագայ յոյսերի: Յոյսեր, որ այսօր ի դերեւ են դարձել Ադրբեջանի հայասպան քաղաքականութեան արդիւնքում: Յատուկ Հայաստանից բերուած կարմիր տուֆից կերտուած կոթողի քանդակագործն է Սարգիս Բաղդասարեանը, իսկ ճարտարապետը` Եուրի Յակոբեանը: Քանդակագործն իր աշխատանքը բնութագրել է հետեւեալ կերպ․ «Յուշարձանն իրենից ներկայացնում է աւանդական տարազով տարեց արցախցի ամուսինների` ուս-ուսի, հպարտ ու անյողդողդ կեցուածքով ու սեւեռուն հայեացքով: Կոթողը պատուանդան չունի, բայց կարծես լեռնաբլուրը ճեղքուել է, եւ նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են` ոտքերը ամուր դրած հայերի հողի մէջ»: Յաւելենք, որ տարեց զոյգը ծնունդով Արցախից քանդակագործի տատի եւ պապի կերպարներով է քանդակուած. «Նրանք հէնց ժողովուրդն են, նրանք հէնց հողն են, նրանք մենք ենք, մեր լեռները: Այս մարդիկ այստեղ են ծնուել, այստեղ են նրանց հազարամեայ արմատները, նրանք են իսկական տէրը այս հողի ու բնութեան», գրել է քանդակագործը (Սարգիս Բաղդասարեանի «Ղարաբաղցիները»):
«Արցախի ամբողջական օկուպացիայից (բռնագրաւումէն) յետոյ պաշտօնական ադրբեջանական կողմը երկար ժամանակ գրեթէ չէր անդրադառնում այս յուշարձանին: Յուշարձանին, որն Արցախի հայութեան ամենավառ ու հանրայայտ խորհրդանշանն էր, չէին անդրադառնում եւ «չէին նկատում» օկուպացուած Ստեփանակերտ այցելող ադրբեջանցի լրագրողները: Միայն որոշ լրատուականներում հնչեցւում էին կարծիքներ, որ այն պէտք է քանդել: 2023ի վերջին եղան հատուկենտ հրապարակումներ, որտեղ նշւում էր, որ յուշարձանը հայերը «հայկականացրել են». ադրբեջանական կողմը փորձում էր տարածել այն թէզը, որ դէմ են ոչ թէ յուշարձանին, այլ դրա «գաղափարական ազգայնական մեկնաբանութեանը»: Ադրբեջանական հրապարակումներից կարելի է եզրակացնել, որ խորհրդային տարիներին ԼՂԻՄում հայերի սեփական պատմութեան, մշակոյթին, արմատներին ուղղուած ցանկացած դրսեւորում համարւում էր «ազգայնական»:
«Վերջերս յատուկ այս յուշարձանին անդրադարձաւ օկուպացուած Ստեփանակերտը լուսաբանող Քեամրան Ռազմովարը, որի հիմնական շեշտադրումն այն էր, որ յուշարձանը կանգնեցուել է խորհրդային տարիներին, երբ ԼՂԻՄը Ադրբեջանի մաս էր, ինչը ըստ նրա նշանակում է, որ յուշարձանը կանգնեցուել է Խորհրդային Ադրբեջանի բիւջէից յատկացուած գումարներով, ինչը նշանակում է, որ այն ադրբեջանական է: Այս շեշտադրումները կարեւոր են նրանով, որ ադրբեջանական կողմը պրոիշխանական իր քարոզչի միջոցով սկսել է յուշարձանը իւրացնելու գործընթաց, որտեղ երեւում են յուշարձանին վերաբերով թէզերը` այն կառուցուած է Բաքուի գումարներով, այն ադրբեջանական է եւ այն ցուցում է հայերի հանդէպ Ադրբեջանի իշխանութիւնների հանդուրժողականութիւնը խորհրդային տարիներին:
«Հարկ ենք համարում նշել, որ յուշարձանի գաղափարը կեանքի է կոչուել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանեանի անմիջական մասնակցութեամբ: Յուշակոթողի շինարարութեանը եւ նրա տեղադրմանը դէմ է եղել Սովետական Ադրբեջանի ղեկավարութիւնը: Աւելին` բողոք է բարձրացուել եւ պահանջուել, որ այն հարկ է ապամոնտաժել (կազմաքանդել): Ադրբեջանի կոմկուսի կենտկոմից յատուկ յանձնաժողով է ժամանել Ստեփանակերտ` պարզելու, թէ «Մենք ենք մեր սարերը» կոթողում ո՞ր «մենքի» եւ ո՞ր «սարերի» մասին է խօսքը: Հայկական կողմի ջանքերի շնորհիւ է միայն յաջողւում փրկել կոթողը ապամոնտաժումից: Այս հանգամանքը իրենց յիշողութիւններում ցուցում են այդ տարիներին ԼՂԻՄում պաշտօն զբաղեցնող տարբեր անձինք, արձանի տեղադրմանը առնչութիւն ունեցած եւ արձանի հեղինակ` Սարգիս Բաղդասարեանի մտերիմները եւ հարազատները (Սարգիս Բաղդասարեանի «Ղարաբաղցիները»):
«ՄԵՐ ԱՐՁԱԳԱՆԳԸ
«Յուշարձանի հանդէպ Ադրբեջանի վարած քաղաքականութիւնը ժառանգութեան իւրացման փորձ է, երբ ոչ միայն կտրւում է հայկական պատկանելութիւնից, այլեւ Ադրբեջանի համար ստեղծում բազմամշակութային եւ հանդուրժող երկրի կերպար: Այսպիսի քաղաքականութեամբ Ադրբեջանը խախտում է ՄԱԿի` 2005ի Փարիզում ընդունած «Մշակութային ինքնարտայայտման ձեւերի բազմազանութեան պաշտպանութեան եւ խրախուսման մասին» կոնուենցիան (համաձայնութիւնը): Կոնուենցիան կարեւորում է մշակութային բազմազանութիւնը որպէս հանրութեան, ժողովուրդների եւ ազգերի կայուն զարգացման շարժիչ ուժ: Բայց, համաձայն կոնուենցիայի «Մշակութային բազմազանութիւն» նշանակում է ձեւերի բազմազանութիւն, որոնց միջոցով խմբերի եւ հասարակութիւնների մշակոյթները գտնում են իրենց արտայայտութիւնը: Համաձայն ՄԱԿի կոնուենցիայի 2րդ յօդուածի` մշակութային բազմազանութեան պաշտպանութիւնը հնարաւոր է միայն այն դէպքում, երբ երաշխաւորուած են մարդու իրաւունքները եւ հիմնարար ազատութիւնները: Փաստական համատեքստից կարելի է եզրայանգել, որ մշակութային ինքնարտայայտման ձեւերի բազմազանութեան պաշտպանութիւնը ենթադրում է բոլոր, այդ թւում` փոքրամասնութիւնների եւ տեղաբնիկ ժողովուրդների մշակոյթների յարգում: Աւելին` կոնուենցիայի համաձայն` մշակոյթը զարգացման հիմնական շարժիչ ուժերից մէկն է: Ուշագրաւ է յատկապէս այն, որ, ըստ կոնուենցիայի, «պաշտպանութիւն» նշանակում է մշակութային ինքնարտայայտման ձեւերի բազմազանութեան պահպանմանը, պաշտպանութեանն ու ընդլայնմանն ուղղուած միջոցների ձեռնարկում»: