ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ

Ռազլին, Արլինգտոն, Վիրջինիայի նահանգ: Չնայած ձմռան ցրտաշունչ խիստ եղանակին կամ ամռան խոնաւ ու տօթ օրերին, առաւօտեան ուղիղ ժամը հինգ անց կէսին պիտի Ռազլին քաղաքամասի Մետրոյի կայանում լինէի, որպէսզի առաջին գնացքով մայրաքաղաք Վաշինգտոն հասնէի եւ շտապէի գրասենեակ՝ լրագրողական աշխատանքս սկսելու համար: Առաւօտեան այդ ժամերը շատ կանուխ էին ինձ համար եւ նախքան Մետրոյի կայան հասնելը ճանապարհին մտածում էի, որ գնացքում գոնէ երեսունից քառասուն րոպէ ժամանակ կ՛ունենամ աչք կպցնելու: Բայց դեռ կայան չհասած նկատում էի, որ ամերիկացի արաք ու կանայք կայանի առջեւ տեղադրուած թերթերի կրպակներից արագօրէն գնում են օրուայ թերթեր, գլխաւորաբար՝ Washington Post, New York Times, Christian Science Monitor, Boston Globe եւ այլ թերթեր ու Մետրոյի աստիճաններից իջնում էին ներքեւ գնացքների ստորգետնեայ ընդարձակ կայարանը, սպասելով գնացքի հասնելուն: Յետոյ շառաչով հասնում էր գնացքը եւ դռները բացուելուն պէս բոլորը ներս մտնելով գրաւում էին նստարանները ու հազիւ տեղաւորուելով իրենց ձեռքի պայուսակից հանում էին գիրք ու առանց շրջապատին ուշադրութիւն դարձնելու սկսում էին ընթերցել: Ոմանք էլ գնած օրաթերթերի գլխաւոր լուրերի վերնագրերը աչքի անցկացնելով՝ ընտրում էին իրենց հետաքրքրող լուրը կամ յօդուածն ու անցնում ընթերցման: Գնացքի նստատարածքում տիրում էր քա՜ր լռութիւն: Ոչ ոք չէր ցանկանում խանգարել միւսին: Բոլորը լուռ ընթերցում էին: Կին, թէ տղամարդ: Երիտասարդ, թէ տարեց, գործարար, թէ պաշտօնեայ: Ընթերցում յափշտակութեամբ, հետաքրքրութեամբ որպէսզի չվատնուի իրենց աշխատատեղի հասնելու կարճ ժամանակամիջոցը: Աշխատանքից վերադարձին եւս նոյնպէս ուղեւորները տեղաւորուելով գնացքի նստատարածքում զբաղւում էին ընթերցանութեամբ, հաւանաբար օրուայ աշխատանքային ծանրաբեռնուածութիւնն ու հոգսերը մոռանալու եւ իրենց սիրած գրքերի աշխարհում անդորրութիւն գտնելու համոզմամբ: Առաջին օրերին խորթ ու տարօրինակ էր թւում ինձ Վիրջինիայի առաւօտեան աղջամուղջային ժամերին ամերկացիների այդ կենսաձեւը: Իսկ աւելի ուշ ամերիկացի գործընկերներիս հետ այդ կենսաձեւի մասին զրուցելիս իմացա՛յ, որ դա ընթերցասիրութեան մշակոյթ է եւ որ փոքր տարիքից այդ մշակոյթով մեծացած մարդիկ են գնացքի իմ ուղեկիցները:
Արլինգտոնի ատամնաբոյժիս սպասարանում էի եւ սպասում էի հերթիս: Սպասարանի սեղանին փռուած էին զանազան պարբերաթերթեր: Վերցրեցի մէկը եւ սկսեցի թերթել: Քիչ անց սպասարան ներս մտաւ հազիւ հինգ-վեց տարեկան մի փոքրիկ մանչ իր տարեց տատիկի հետ: Նստելուն պէս տատիկը իր պայուսակից հանեց նկարազարդ մի գիրք եւ սկսեց ցածր ձայնով ընթերցել փոքրիկի համար: Փոքրիկը հաճոյքով լսում էր տատիկին եւ նայում գրքի գունազարդ էջերին: Չկարողացայ հետաքրքրութիւնս զսպել եւ ներողամտութիւն հայցելով մօտեցայ ու ամենայն յարգանքով տատիկին հարցի, որ ատամնաբուժարանի սպասարանում փոքրիկի համար գիրք ընթերցելը ինչպիսի՞ բնութագրում կարող է ունենալ: Ամերիկացի տատիկը ժպտալով ասաց, որ փոքրիկը իր թոռնիկն է եւ երբ ազատ ժամ է լինում, փորձում է լաւագոյնս օգտագործել ժամանակը գիրք կարդալով երեխայի համար, որպէսզի փոքր տարիքից, խաղ ու խաղալիքից բացի, նրա մօտ զարգանայ նաեւ ընթերցասիրութեան սովորութիւնը: «Մեր տանը ընդարձակ գրադարան ունենք եւ գիրք ընթերցելը կենցաղակերպ է ընտանիքի բոլոր անդամների համար: Ինքս էլ երբ թոռանս պէս փոքրիկ աղջնակ էի, տատիկս ու պապիկս ընթերցասիրութեան նոյն ոգով են մեծացրել ինձ ու քոյր-եղբայրներիս: Այնպէս, որ դա ժառանգական սովորութիւն է մեզ մօտ», ասաց տատիկն ու շարունակեց գրքի ընթերցումը թոռան համար:
Ափսոսանքի եւ բարի նախանձի զգացումով լցուեցի: Երանի՜, մեզ մօտ էլ շատ ու շատ լինեն նման տատիկների թիւը, որպէսզի մանուկ հասակից հայ գիրք ընթերցելու մշակոյթը, սէրն ու սովորութիւնը տարածուի մեր սերունդների մօտ: Որպէսզի Մետրոյի գնացքներում շատանան հայերէն գիրք ընթերցող հայ ուղեւորների թիւը: Որպէսզի չասուի ու չգրուի, թէ հայ գիրք կայ, ընթերցող չկայ: Որպէսզի ամէն հայի տանը ականատես լինենք հայերէն գրքերի ճոխ կամ համեստ գրադարանի: Որպէսզի հայ գրողը խրախուսուած շարունակի գրել ու ստեղծագործել եւ չվարանի, չյուսահատուի, թէ ո՞վ է կարդալու իր ստեղծագործութիւնները: Որպէսզի մեր քաղաքի հայկական գրախանութներում յաճախակի հանդիպենք հայկական գրքերով հետաքրքրուող, հայերէն գրքեր գնող արանց ու կանանց, երիտասարդների ու պատանիների: Որպէսզի այլեւս տխրութեամբ չկարդանք Հրանտ Մաթէոսեանի գանգատախառն սրտայոյզ այն խօսքերը, թէ «…Որ անկեղծ լինեմ, գրիչը ձեռքիս ընկել է…: Գլխաւոր պատճառը այն ծառուղում նստած իմ գիրքը ծնկներին դրած կարդացող աղջկայ բացակայութիւնն է: Նրան կորցրել եմ: Գուցէ նա կայ, բայց ես նրան կորցրել եմ»: Որպէսզի համատարած անտարբերութիւն չսկսի հայ գրքի նկատմամբ: Որպէսզի հաւաքական ու յանձնառու ջանքերով, նոր հայեցակարգով, նոր աշխարհահայեացքով, նորարարական մտածելակերպով վերստեղծուի մի նոր «Ընթերցասիրաց Ընկերութիւն», «Ընթերցասիրաց Միութիւն», ինչպէս եղել են Պոլսում, Կարինում, Կահիրէում եւ Սփիւռքի այլ գաղթօջախներում մեզանից աւելի քան մէկ ու կէս դար առաջ, նպատակ ունենալով հասարակութեան մէջ զարգացնել ընթերցասիրութեան մշակոյթը:
Որպէսզի՛, որպէսզի՛, որպէսզի՜…
Օգոստոս, 2024