
Կրծքագեղձի եւ արգանդի վզիկի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց ամենատարածուած հիւանդութիւններից: «Վարդագոյն Հոկտեմբերի»` կրծքագեղձի քաղցկեղի դէմ պայքարի համաշխարհային ամսուայ շրջանակում, այսօր կ՛անդրադառնանք արգանդի վզիկի քաղցկեղին:
«Պապ թեստ»ը (ստուգումը) թոյլ է տալիս յայտնաբերել արգանդի վզիկի լորձաթաղանթի բջիջների նախաքաղցկեղային կամ քաղցկեղային փոփոխութիւնները:
«Պապ թեստ»ը կամ «Պապ քսուկ»ը կոչւում է իր ստեղծողի՝ յայտնի յոյն բժիշկ Եորիոս Պապանիկոլաուի անուամբ:
Ստուգումը ցաւոտ կամ վնասակար չէ. այս ընթացքում դուք ձեր հեշտոցում զգում էք մի փոքր լարուածութիւն, իսկ բուն նմուշառման ընթացքում՝ հպում կամ թոյլ ծակոց: «Պապ թեստ»ը կատարւում է միանուագ ստերիլ (հականեխուած) պարագաներով:
Արդիւնքների մասին բժիշկը ձեզ տեղեկացնում է 1-2 օրուայ ընթացքում: Հետազօտութեան ժամանակ սովորաբար կարող են ստացուել երկու տեսակի արդիւնքներ՝ բացասական կամ դրական:
Բացասական պատասխանը վկայում է այն մասին, որ ձեր առողջութեան հետ կապուած որեւէ շեղում չի յայտնաբերուել:
Դրական պատասխանը դեռ չի նշանակում, որ ձեզ մօտ առկայ է արգանդի վզիկի քաղցկեղ: Դրական պատասխան կարող է ստացուել նաեւ վզիկի մեղմ բորբոքման ժամանակ: Բժիշկները նման դէպքերում առաջարկում են կրկնել նոյն քննութիւնը, քանի ամիս անց:
Եթէ ձեւափոխուած բջիջները շարունակում են յայտնաբերուել կրկնակի «Պապ թեստ»երով, ձեր բժիշկը կարող է նշանակել նաեւ այլ հետազօտութիւններ:
Բժիշկները խորհուրդ են տալիս «Պապ թեստ»եր յանձնել սկսած 21 տարեկանից, իւրաքանչիւր 3 տարին մէկ անգամ՝ մինչեւ ձեր 65 տարեկանը լրանալը: Եթէ 30 տարեկան եւ աւելի մեծ էք, կարող էք «Պապ թեստ» յանձնել նաեւ իւրաքանչիւր 5 տարին մէկ, եթէ միաժամանակ հետազօտւում էք նաեւ մարդու պապիլոմաւիրուսի նկատմամբ (HPV): Վերջինս ամենայաճախ հանդիպող սեռական ճանապարհով փոխանցուող վարակն է, որի առկայութիւնը մեծացնում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման վտանգը:
All For Health, Health For All կենտրոնը բժշկական շատ ծառայութիւններ ունի յատուկ կանանց համար: Մանրամասն բացատրութիւնների համար խնդրում ենք զանգահարել մեր կենտրոն` (818) 549- 8800 հեռախօսահամարով: