
Եւրոպական խորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող լիագումար նիստի ընթացքում, Հոկտեմբերի 22ին քննարկուել է Ադրբեջանում մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի խախտումների վիճակը, ինչպէս նաեւ յարաբերութիւնները Հայաստանի հետ։
Ելոյթ են ունեցել շուրջ 30 պատգամաւորներ, ովքեր իրենց ելոյթներում անդրադարձել են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականութեանը։ Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների կողմից, ի թիւս այլնի, կարեւորուել է հայ ռազմագերիների ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը, արցախցիների՝ արժանապատիւ ու ապահով վերադարձի իրաւունքի իրացումը։
COP 29-ին ընդառաջ՝ խստօրէն քննադատուել է Ալիեւի վարչակազմի յանցագործ քաղաքականութիւնն ինչպէս Ադրբեջանի ներսում, այնպէս էլ պատերազմական ոճրագործութիւններն ու շրջափակումը Լեռնային Ղարաբաղում։ Մի շարք պատգամաւորներ հանդէս են եկել Ադրբեջանի նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման, Եւրոպական Միութեան հետ ուժանիւթային համագործակցութիւնը դադարեցներու դիրքերից։ Մի խումբ պատգամաւորների կողմից ուշադրութեան է հրաւիրուել Եւրոպական Միութիւնում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի լկտի պահուածքը, ով Եւրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանին խստիւ քննադատող բանաձեւի քուէարկութեան նախօրէին սպառնացել է Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներին։
Կարեւոր էր նաեւ Բաքուի կողմից միջազգային կառոյցներում զեղծարարութեանց եւ օտարերկրեայ պաշտօնեաներին կաշառելու կամ սպառնալու դրսեւորումների մասին պատգամաւորների զգուշացումներն ու յայտարարութիւնները։
Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների շրջանում Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցերի վերաբերեալ առարկայական իրազեկուածութեան նման բարձր մակարդակը պայմանաւորուած է նաեւ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի տեւական աշխատանքով։ Նախորդ գումարման խորհրդարանի պատգամաւորների համար ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը մի շարք փաստահաւաք այցելութիւններ է կազմակերպել, որոնք նպաստել են ստեղծուած իրավիճակի վերաբերեալ պատգամաւորների իրազեկուածութեան բարձրացմանը։
Մեկնաբանելով Եւրոպական խորհրդարանի քննարկումը՝ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը նկատել է. «Մենք շնորհակալ ենք Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներին՝ իրենց սկզբունքային դիրքորոշումների համար։ Այս քննարկումը մէկ անգամ եւս ցոյց տուեց՝ Եւրոպական խորհրդարանում հայութեանն առնչուող հարցերով ձեւաւորուած է առարկայական դիրքորոշում։ Խորհրդարանականների տեւական եւ անզիջում աշխատանքի արդիւնքում է նաեւ, որ Եւրոպական Միութեան գործադիր իշխանութեան շրջանում մեր տեսակէտները սկսում են ընկալելի դառնալ։
«Մասնաւորապէս, կարեւոր է քննարկմանը ներկայ՝ գործադիր իշխանութեան ներկայացուցչի յայտարարութիւնը՝ տեղում իրավիճակի գնահատման համար Արցախում միջազգային ներկայութեան ապահովման եւ վերադարձի իրաւունքի իրացման վերաբերեալ։ Ի գիտութիւն ենք ընդունում նաեւ գործադիր իշխանութեան այն տեսակէտը, որ Ադրբեջանի հետ ուժանիւթային գործարքները չպէտք է եւրոպական կառոյցներին հետ պահեն Ադրբեջանի հասցէին խիստ քննադատութիւնից։ Յատկապէս այս յայտարարութիւնից յետոյ մենք գործադիր իշխանութիւնից ակնկալում ենք յստակ քայլեր»։
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
23/10/2024