
Միացեալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից արցախահայութեան տեղահանութեան, ցեղային զտումների, Քամալա Հարիսի անգործութեան եւ քրիստոնեաների հետապնդումների վերաբերեալ Հոկտեմբեր 23ի յայտարարութիւնից յետոյ, Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ փոխանցելով նաեւ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի նկատառումները: Վերջինս, մասնաւորապէս, նկատել է.
«Նախագահ Թրամփը, ով կտրուկ աւելացրել է ամերիկեան ռազմական օգնութիւնը Ադրբեջանին՝ զինելով եւ քաջալերելով Ալիեւի ռեժիմի 2020ի յարձակումը Արցախի վրայ, պէտք է անի աւելին, քան քարոզարշաւի յայտարարութիւն հրապարակելը, պէտք է փաստացի արդիւնքներ գրանցի մինչեւ ընտրութիւնների օրը: Նա կարող է սկսել՝ հրապարակայնօրէն սատարելով արցախցիների վերադարձի իրաւունքը եւ անձամբ կոչ անելով Ներկայացուցիչների պալատի խօսնակ Ջոնսոնին քուէարկութեան դնել թիւ 7288 բանաձեւը: Այդպիսով կիրառութեան մէջ կը դրուի 907րդ յօդուածի սահմանափակումները՝ Ամերիկայի կողմից Ադրբեջանին տրամադրուող օժանդակութեան վերաբերեալ: Իր հերթին, փոխնախագահի թեկնածու Ջէյ. Դի. Վենսը՝ Ծերակոյտի անդամը, պէտք է հովանաւորի եւ աշխատի թիւ 540 բանաձեւի ընդունման ուղղութեամբ՝ մանրամասն ուսումնասիրելով Ադրբեջանի կողմից ամերիկեան ռազմական օժանդակութեան օգտագործումը հակահայկական ռազմական յանցագործութիւնների ընթացքում:
«Չնայած մենք ուրախ ենք տեսնել, որ մեր համայնքի կայուն ներգրաւուածութիւնը ստիպել է Արցախին եւ Հայաստանին վերաբերող հարցերը բերել ընտրական քննարկումների դաշտ, այնուամենայնիւ, մենք ակնկալում ենք եւ արժանի ենք աւելիին, քան խօսքերը: Մեր ձայները վաստակելու համար մենք այժմ պէտք է տեսնենք գործողութիւններ, որոնք պատասխանատուութեան են ենթարկում Ալիեւին եւ զսպում են ադրբեջանական նոր ագրեսիան (յարձակումը):
«Ակնյայտ է՝ հայկական քուէն նշանակութիւն ունի: Մենք դա տեսանք այսօր, երբ նախկին նախագահ Թրամփը խօսեց Բայդեն-Հարիսի վարչակազմի անգործութեան վերաբերեալ: Մենք դա տեսանք մի քանի շաբաթ առաջ, երբ փոխնախագահ Հարիսը կոչ արեց հայերի անվտանգ եւ կայուն վերադարձն Արցախ: Սա կարեւոր հանգրուան է մեր համայնքի համար, կարեւոր հանգրուան մեր՝ որպէս ընտրական ուժ, ամերիկեան ազգային բեմում յայտնուելու գործում: Այնպէս որ, խնդրում ենք մնալ ներգրաւուած եւ շարունակել ճնշումը: Մեր ներդրումներն ամերիկեան քաղաքական համակարգում արդիւնք են տալիս»:
Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի ամբողջական հաղորդագրութիւնը հասանելի է հետեւեալ յղմամբ՝ https://anca.org/press-release/trump-blasts-harris-for-inaction-on-ethnic-cleansing-of-artsakhs-armenian-christians:
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ