Արցախի ժողովուրդի հիմնարար իրաւունքներու պաշտպանութեան յանձնախումբը ողջունելով վերջերս Եւրոպական խորհրդարանին՝ Ատրպէյճանին, Հայաստանին եւ Արցախին վերաբերող բանաձեւը՝ հրապարակեց հետեւեալ հաղորդագրութիւնը՝.
«Մենք ողջունում ենք Եւրոպական խորհրդարանի 24 Հոկտեմբերի 2024 թ «Ադրբեջանում իրավիճակը, մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի խախտումները եւ յարաբերութիւնները Հայաստանի հետ» բանաձեւը, որը բացայայտում է մարդու իրաւունքների սարսափելի վիճակը Ադրբեջանում, միջազգային իրաւունքի անտեսումը եւ տարածաշրջանում ու Հայաստանի նկատմամբ ագրեսիւ (յարձակողապաշտ), միլիտարիստական (ռազմատենչ) վարքագիծը:
«Մենք յատուկ ողջունում ենք Եւրոպական խորհրդարանի կոչը` միջազգային դատարանի որոշումների ամբողջական իրականացման, Արցախի ժողովրդի ներկայացուցիչների հետ կառուցողական երկխօսութեան մէջ ներգրաւուելու վերաբերեալ, ինչը կ՛ապահովի նրանց անվտանգ, արժանապատիւ եւ արագ վերադարձն իրենց պատմական հայրենիք, Ադրբեջանում պահուող բոլոր հայ գերիների եւ քաղաքական բանտարկեալների ազատ արձակում եւ հայկական գոյքի ու մշակութային յուշարձանների պահպանութիւն: Արցախի ժողովրդի համախմբուած վերադարձն իրենց հայրենիք` Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ իսկական բանակցութիւնների միջոցով, կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղութեան հաստատման համար:
«Մենք յորդորում եւ յոյսով ենք, որ նաեւ Եւրոպական Միութիւնը ջանքեր կը գործադրի` այս կարեւոր բանակցութիւնների մեկնարկի համար հարթակ ապահովելու նպատակով` երաշխաւորելով, որ գործընթացը լինի միջազգային վերահսկողութեան ներքոյ: ԵՄի դերը կարեւոր է երկխօսութեան խթանման եւ շարունակուող ճգնաժամի խաղաղ կարգաւորման մէջ` այդպիսով ճանապարհ բացելով Արցախի ժողովրդի անվտանգ, միջազգային երաշխիքներով վերադարձին` իրենց հիմնարար իրաւունքների լիակատար իրականացմամբ»: