
Ելակը համեղ եւ առողջարար հատապտուղ է: Վիտամիններով (կենսանիւթ), բջջանիւթով եւ հակաօքսիդանտներով հարուստ ելակը ցածր կալորիականութեամբ (ջերմուժ) պտուղ է, որը չի պարունակում ճարպեր եւ խոլեստերին: Ելակի ութ հատիկներում աւելի շատ վիտամին C կայ, քան մէկ նարինջի մէջ: Ելակ սիրում են գրեթէ բոլորը, բայց քչերը կարող են լիարժէք վայելել այն, քանի որ այն ալերգենային (դիւրազգացային), է եւ ունի իր սահմանափակումները։
Ելակը նուազեցնում է սիրտ-անօթային հիւանդութիւնների առաջացման հաւանականութիւնը ու կարգաւորում արեան ճնշումը:
Օգնում է պայքարել մրսածութեան պատճառով առաջացած հետեւանքների դէմ:
Յաճախ ուտելու դէպքում, ելակը նպաստում է անօթների պատերի ամրացմանը, լաւացնում արեան բաղադրութիւնը եւ օգնում յաղթահարել սրտանօթային համակարգի հիւանդութիւնները եւ օգնում է արեան մէջ նուազեցնել շաքարի մակարդակը:
Ելակը հիանալի մթերք է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են ազատուել աւելորդ քաշից: Այս հատապտուղը ոչ միայն նպաստում է նիւթափոխանակութեան արագացմանը, այլեւ սահմանափակում է ախորժակն ու կարգաւորում արեան մէջ շաքարի մակարդակը: Բացի այդ, ելակը դրական ազդեցութիւն է ունենում լեարդի աշխատանքի վրայ եւ կանխում է գլխուղեղի վաղաժամ ծերացումը:
Ելակը լաւացնում է տեսողութիւնը, ազատում է աչքերի տակ առաջացող պարկերից: Ելակով պատրաստուած դիմակները բարենպաստ ազդեցութիւն են թողնում մաշկի վրայ, օգնում պակասեցնել կնճիռներն ու հետքերը:
Հանգստացնում է նեարդային համակարգը:
Օգնում է ազատուել բերանի տհաճ հոտից: Խորհուրդ է տրւում ծխախոտ օգտագործողներին, քանի որ նուազեցնում է վերջինիս վնասակար ազդեցութիւնը:
Ելակը նաեւ աֆրոդիզիակ է եւ բարձրացնում է կանանց ու տղամարդկանց սեռական ցանկութիւնը:
Ելակը պէտք է ուտել չափաւոր եւ նախապէս լաւ լուանալ սոդայի, քացախի լուծոյթով կամ աղաջրով, յետոյ պարզաջրել հոսող ջրի տակ, որպէսզի ամբողջ նստուածքներն ու մանրէները դուրս գան։