«Եւրոպացիները յանուն Արցախի» հարթակը Նոյեմբերի 21ին գումարել է առցանց հանդիպում՝ Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Նիդերլանդների (Հոլանտա), Չեխիայի, Բելգիայի, Շուէյցարիայի, Շուէդիայի, Դանիայի, Բուլղարիայի եւ Ֆրանսիայի հայ համայնքների ներկայացուցչական մարմինների պատասխանատուների եւ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի անձնակազմի մասնակցութեամբ։ Յարգելի պատճառներով հանդիպմանը չեն մասնակցել Յունաստանի, Ռումինիայի եւ Պորտուգալիայի ներկայացուցիչները։ Քննարկմանը մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի կողմից ստեղծուած Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի համակարգող, Հայաստանի նախկին արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեանը եւ յանձնախմբի անդամ Արմինէ Ալեքսանեանը։
Ներկայացնելով յանձնախմբի նպատակը եւ գործունէութիւնը, Օսկանեանը նշել է, որ յանձնախմբի գլխաւոր օրակարգը միջազգային պաշտպանութեան երաշխիքներով արցախահայութեան հաւաքական հայրենադարձութեան իրաւունքի հետապնդումն է միջազգային հարթակներում։
Մասնակիցները, որպէս օրուայ հրամայական շեշտել են այդ խնդրի՝ բոլոր առումներով բարձրացումն ու հետապնդումը, որովհետեւ այն ոչ միայն արդար իրաւունքի իրացման խնդիր է, այլ նաեւ միջազգային իրաւունքի պարտադիր նորմ, ինչի վերաբերեալ արդէն իսկ գոյութիւն ունի միջազգային լայն արձագանք, Արդարադատութեան միջազգային դատարանի որոշում եւ բազմաթիւ երկրների ու կազմակերպութիւնների յայտարարութիւններ։
Կարեւորուել է վերադարձի իրաւունքի իրացման համար էական նշանակութիւն ունեցող՝ Արցախի պատմամշակութային եւ կրօնական ժառանգութեան պաշտպանութիւնը։
Քննարկման ընթացքում կարեւորուել է նաեւ վերադարձի իրաւունքի իրացման գործում համահայկական ուժերի զօրաշարժի անհրաժեշտութիւնը, անդրադարձ է կատարուել ներկայումս Հայաստանի իշխանութիւնների կողմից այս հարցի հետապնդման բացակայութեանը։
Ժողովի մասնակիցները նաեւ զեկուցել են իրենց երկրներում ի նպաստ Արցախի խնդրի կատարուած աշխատանքները։
Քննարկման արդիւնքում որոշուել է առաջիկայ նիստը նոյնպէս գումարել արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրագործման աշխատանքների օրակարգով՝ քննարկելու շրջաններից ստացուած առաջարկները։ Որոշուել է նաեւ մշտական կապ պահել Օսկանեանի եւ յանձնախմբի այլ անդամների հետ՝ փոխադարձ իրազեկելու կատարուող աշխատանքների մասին եւ, ըստ անհրաժեշտութեան, համադրելու նախաձեռնութիւնները։
ԵՒՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՅԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐԹԱԿ
Բրիւսել, 27 Նոյեմբերի 2024