
Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի դաշնային, շրջանային եւ նահանգային ղեկավարները, ինչպէս նաեւ Հայ Դատի համակարգին կից գործող մի շարք կազմակերպութիւնների ներկայացուցիչներ Նոյեմբերի 23ին Կալիֆորնիայում, Ռոնալդ Ռէյգանի անուան նախագահական գրադարան-թանգարանում քննարկել յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններն ու գործունէութեան հիմնական ուղղութիւնները 2024ի ընտրութիւններից յետոյ։ Մասնաւորապէս ուշադրութեան կենտրոնում են եղել ինչպէս Սպիտակ տան վարչակազմի, այնպէս էլ կոնգրեսականների հետ աշխատանքի առաջնահերթ ուղղութիւնները, յատկապէս այն կոնգրեսականների հետ, ովքեր ընտրութիւնների ընթացքում վայելել են Հայ Դատի սատարումը։ Այդպիսի թեկնածուների շուրջ 90 տոկոսը ընտրապայքարն աւարտել է յաջողութեամբ։

Խորհրդաժողովի բացման խօսքում Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համբարեանը մասնաւորապէս նշել է. «Մենք հաւաքուել ենք՝ որպէս հայ ազգի երկրորդ բանակ, յենուելով մեր հաւաքական ուժերի եւ ռազմավարական պատկերացումների վրայ, որպէսզի ընթանանք դէպի այն դժուարին մարտահրաւէրներն ու շատ իրական հնարաւորութիւնները, որոնք տեսնում ենք Վաշինգտոնում։ Հայ Դատի ղեկավարները Միացեալ Նահանգների ամբողջ տարածքում ներկայացնում են մեզանից ամենալաւերին: Նրանք ունեն համարձակ տեսլական, խորը նուիրուածութիւն, քաղաքական փիլիսոփայութիւն եւ իրական աշխարհի քաղաքական հմտութիւններ, որոնք կարեւոր են Վաշինգտոնում որոշումներ կայացնողների վրայ ազդելու համար: Այն փաստը, որ Հայ Դատի յանձնախմբի ղեկավարներին բոլոր 50 նահանգներում աջակցում են հզօր համայնքային կառոյցներ, նրանց աւելի ուժեղ է դարձնում»։

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենեակի կողմից ներկայացուել է կազմակերպութեան ռազմավարական առաջնահերթութիւնները գալիք վարչակազմի եւ Կոնգրեսի յաջորդ նստաշրջանի համար: Դրանք ներառում են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վերսկսուած հակահայկական բռնութիւնների զսպումը, արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացումը, ապօրինի կալանաւորուած հայ ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակումը, հայ փախստականներին մարդասիրական օգնութեան տրամադրումը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը եւ Արցախում իրականացուած ցեղային զտման ցեղասպանական գործողութիւնների համար Ալիեւի ռեժիմին (վարչակարգին) պատասխանատուութեան ենթարկումը։ Մասնաւորապէս, կարեւորուել է Ազատութեան աջակցութեան ակտի (որոշուած օրէնքի) 907րդ յօդուածի կիրարկման ապահովումը, Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութեան բացառումը, ադրբեջանցի պատերազմական յանցագործների նկատմամբ «Մագնիցկու համաշխարհային պատժամիջոցների» կիրառումը, Ադրբեջանի կողմից իրագործուած պատերազմական յանցագործութիւնների ամերիկեան հետաքննութիւնը, Հայաստանին տրամադրուող մարդասիրական բնոյթի օժանդակութեան աւելացումը, Ադրբեջանում մարդու իրաւունքների սարսափելի պատկերի վերաբերեալ ամերիկեան պատշաճ արձագանքի ապահովումը եւ այլն։

Հայ Դատի համակարգում գործող՝ Հայկական իրաւական կենտրոնի ներկայացուցիչներն իրենց զեկոյցներում հանգամանօրէն ներկայացրել են անվտանգ եւ արժանապատիւ կերպով արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման ուղղութեամբ անհրաժեշտ աշխատանքները։
Խորհրդաժողովի ընթացքում քննարկուել են նաեւ հայկական շահերի պաշտպանութեան գործում զանգուածային լրատուութեան արդի գործիքների լայն կիրառմանը վերաբերող հարցեր։
Հրապարակային զեկոյցներից յետոյ, խորհրդաժողովի աշխատանքները շարունակուել են փակ ձեւաչափով՝ յանձնախմբի գործունէութեան ռազմավարական ուղեգծի ամբողջացման համար։
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
27 նոյեմբեր 2024