
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱԼԷՊԻ «ԳԱՆՁԱՍԱՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ԶԱՐՄԻԿ ՊՈՂԻԿԵԱՆԻ ՀԵՏ
Հալէպում տիրող իրավիճակի, հայ համայնքի մասին «Հրապարակը» Երկուշաբթի օր զրուցել է քաղաքի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկեանի հետ:
ՀԱՅԿԱ ԱԼՈՅԵԱՆ․- Ի՞նչ իրավիճակ է Հալէպում հիմա:
ԶԱՐՄԻԿ ՊՈՂԻԿԵԱՆ․- Այս քանի ժամը հանդարտ իրավիճակ է, առաւօտեան 10:30ի կողմերը ռուսական եւ սիրիական օդուժը հրթիռակոծեցին Հալէպի գնացքի կայարանին կից գտնուող պետական պահեստը․ նիւթական վնասներ է հասցուել: Հիմնականում գիշերներն են բախումները լինում եւ նման դէպքերում պարեկային ժամ են յայտարարում: Ցերեկը, հիմա էլ խաղաղ է իրավիճակը, օրուայ մէջ գրեթէ բոլոր ժամերին ելեկտրականութիւն է լինում:
ՀԱՅԿԱ ԱԼՈՅԵԱՆ․- Հալեպահայերն ահազանգում էին, որ հացի եւ ջրի խնդիր կայ:
ԶԱՐՄԻԿ ՊՈՂԻԿԵԱՆ․- Հացի մատակարարում արուեց․ յայտարարութիւն դրեցինք, որ «Արամ Մանուկեան» ժողովրդական տուն ներկայանան եւ մեր Շտապ օգնութեան մարմինը հաց է մատակարարում: Սուրիահայ Օգնութեան Խաչի կենտրոնը թէ՛ դեղատուն ունի, թէ՛ մարդկանց նպաստ է բաժանում․ այդ կենտրոնը բաց է եւ պատրաստ է ժողովուրդին դեղորայք տրամադրել․ նաեւ անմիջական բուժման կարիք ունեցող մարդկանց մեր հայ բժիշկները պատրաստ են տեղում օգնել: Այսինքն, մեր առաջնորդարանը եւ տեղական միութիւնները, «Արամ Մանուկեան» ժողովրդական տունը նեցուկ են կանգնած` ինչի անհրաժեշտութիւն ունեն, կապի մէջ կը մնան մարդկանց հետ․ հիմա հաց է տրամադրում ու դեղորայք:
ՀԱՅԿԱ ԱԼՈՅԵԱՆ․- Հալէպ մտած զինեալները առաջնորդարանից կամ հայ համայնքի տեղական ներկայացուցիչներից որեւէ մէկի հետ հանդիպե՞լ են, այդ մասին որեւէ տեղեկատուութիւն ունէ՞ք, որ, օրինակ, երաշխաւորէին քրիստոնեայ հայերի անվտանգութիւնը:
ԶԱՐՄԻԿ ՊՈՂԻԿԵԱՆ․- Չեմ կարծում, թէ պաշտօնական հանդիպումներ եղած լինեն, բայց ընդհանրապէս ժողովրդի հանդէպ դրական վերաբերմունք ունեն, ժողովրդին փորձում են չվնասել: Փողոցում մարդկանց չեն մօտենում, նեղութիւն չեն տալիս ընդհանրապէս: Իրենց գործը զուտ զինուորական գործ է, այսինքն, ժողովրդի հետ բախում չեն ունենում ուղղակի: Ժողովրդի հետ փողոցներում խօսում են միայն:
ՀԱՅԿԱ ԱԼՈՅԵԱՆ․- Լուրեր են տարածւում, որ Հալէպի Նոր Գիւղ կոչուող հայկական թաղամասում տներ են թալանուել: Նման լուրեր ձեզ հասե՞լ են, հայերի հետ նման միջադէպեր եղե՞լ են, թէ ոչ:
ԶԱՐՄԻԿ ՊՈՂԻԿԵԱՆ․- Մեր հայկական շրջաններում չեն եղել, այլ շրջաններից տեղեակ չեմ, սակայն հայկական հատուածներում, մեր միութիւնների կենտրոններում մեր տղաները ներկայ են, այսինքն, ժողովուրդը, եթէ ինչ-որ բանի կարիք ունենան, կը հասնեն օգնութեան, կը հսկեն, բայց մեր շրջաններում նման բան չի եղել:
ՀԱՅԿԱ ԱԼՈՅԵԱՆ․- Քաղաքի ներսում հանգիստ կարո՞ղ էք տեղաշարժուել:
ԶԱՐՄԻԿ ՊՈՂԻԿԵԱՆ․- Այո, բայց որոշակի ժամերին. ընդհանրապէս օրուայ մէջ պարեկային ժամեր են յայտարարւում․ ցերեկը մարդիկ, ովքեր ինչ-որ բանի կարիք ունեն, իջնում են վաճառատներ, անմիջապէս վերցնում են ու երկար չեն մնում փողոցներում, որովհետեւ ապահով չէ: Տակաւին պատերազմական վիճակ է քաղաքում, ինչ-որ կարիք ունենալու դէպքում, արագ ապահովում ենք ու վերադառնում ենք տները:
ՀԱՅԿԱ ԱԼՈՅԵԱՆ․- Ուսման պրոցեսն (գործընթացը) էլ բնականաբար ընդհատուած է:
ԶԱՐՄԻԿ ՊՈՂԻԿԵԱՆ․- Ամէն բան տակաւին ընդհատուած վիճակի մէջ է՝ դպրոցներ, համալսարաններ, հաստատութիւններ․ միայն հիւանդանոցներն են բաց եւ խանութները, որոնք սնունդ են մատակարարում, այսինքն, ոմանք իրենց արհեստանոցները բացել են, բայց տակաւին, քաղաքի մէջ զգուշութիւն ենք ցուցաբերում:
ՀԱՅԿԱ ԱԼՈՅԵԱՆ․- Յայտնի՞ է, քանի հայ կայ հիմա Հալէպում:
ԶԱՐՄԻԿ ՊՈՂԻԿԵԱՆ․- Ոչ, յայտնի չէ, քանի որ վերջերս մարդահամար չի եղել, յստակ չէ` որքան մնացին: Անձեր եղան, ովքեր իրենց միջոցներով դուրս եկան քաղաքից, բայց յստակ թուեր չկան: Արդէն ճամբան փակուել է, միայն մէկ օր է հնարաւոր եղել դուրս գալ քաղաքից ու այլ նահանգ տեղափոխուել:
ՀԱՅԿԱ ԱԼՈՅԵԱՆ․- Հալէպից դուրս գալը փաստօրէն արդէն անհնա՞ր է:
ԶԱՐՄԻԿ ՊՈՂԻԿԵԱՆ․– Այո, անհնար է: Չգիտենք առաջիկայ օրերին ինչ կը լինի անշուշտ, բայց այս պահին վիճակն այս է:
ՀԱՅԿԱ ԱԼՈՅԵԱՆ․- Առաւօտեան ասացին, որ Հալէպում նաեւ ջրի խնդիր կայ:
ԶԱՐՄԻԿ ՊՈՂԻԿԵԱՆ․- Այո, այդ խնդիրը լուծւում է․ բնակարաններում արդէն ջուր են տուել, ժամեր կան, որ ջուրը քիչ է լինում, սակայն այդ հարցը լուծուել է, տագնապ չկայ: Պահեր են լինում, երբ կապի դուրս գալ չեմ կարողանում, օրինակ, առաւօտեան օդային հարուածը մեզ շատ մօտ էր, նիւթական վնասներ ունեցանք ու երկար ժամանակ չէի կարողանում կապի դուրս գալ: Աղօթեցէք մեզ համար: