
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
«Լարք» երաժշտական ընկերակցութեան «Դիլիջան» համերգաշարն այս տարի ընթանում է ընկերակցութեան տարածքում, «Լարք»ի թեւաշէնքի «Էօժէնի եւ Գէորգ Քէշիշեան» համերգասրահում։
Այս համերգաշրջանում «Դիլիջան»ի գործադիր տնօրէն Վաչէ Պարսումեանին միացել է մոսկովեան երաժշտական կաճառներով անցած, հեղինակաւոր մրցոյթների դափնեկիր, թաւջութակահար Եւգենի Տոնխան՝ որպէս գեղարուեստական ղեկավար։
Իւրաքանչիւր փոփոխութիւն իր հետ բերում է նորութիւններ, թարմ շունչ։ Եթէ առաջին համերգը կարծես այս նորութիւնների փորձարկումն էր, ապա երկրորդ համերգի ընթացքում արդէն կար ինքնավստահութիւն։ Ծրագրի մէջ կային փոփոխութիւններ տպագրուածի համեմատ, որը եւս իր դրական ազդեցութիւնն էր ունեցել ունկնդրին աւելի մատչելի կտորներ հրամցնելու առումով։
Համերգը տեղի ունեցաւ 8 Դեկտեմբեր 2024, Կիրակի, յետմիջօրէի ժամը 3ին։ Նախքան երաժշտութեան սկսելը սրահի ունկնդիրներին ողջունեց Թագուհի Արզումանեանը։ Ընդհանրապէս «Դիլիջան»ի համերգներին հայերէն խօսք չէր լինում՝ նկատի առնելով սրահի վայրը եւ օտար ունկնդիրների ներկայութիւնը։ Սակայն սեփական յարկի տակ լինելը այս անգամ պահանջում էր լսել մայրենի լեզուի կարկաչը, մեր հայերէնը։
Դիւրին չէ սովորական առօրեայով տարուած, հիմնականում ոչ-երաժիշտ հասարակութեանը մատուցել դասական երաժշտութիւն, եւ դրա համար շատ կարեւոր է ծրագրի ընտրութիւնը։ Յատկապէս, հիմնականում հայ եղող ունկնդրի ամենամեծ հաճոյքը այդ ժանրի հայկական երաժշտութիւնը լսելն է, եւ համերգն սկսւում էր Կոմիտասի երգերի լարային գործիքների համար եղած մշակումներով։ Դրանք իր ժամանակին կատարել էր Հայաստանի Կոմիտասի անուան քառեակի հիմնադիր, թաւջութակահար Սերգէյ Ասլամազեանը՝ օգտագործելով քառեակային երաժշտութեան կատարողական բոլոր հնարաւորութիւնները։ Հնչեցին Կոմիտասի «Շողեր Ջան», «Խումար Պառկէ», «Կաքաւիկ» եւ «Հաբրբան» երգերի մշակումները։ Այս ելոյթում իրենց մասնակցութիւնը բերեցին Դէյվիդ Լիսկերը, Աննա Սէյրանեան-Լանդաուերը (ջութակներ), Էրիք Ռայնիրսոնը (ալտ) եւ Եւգենի Տոնխան (թաւջութակ)։ Օտար երաժիշտների կատարմամբ հայկական երաժշտութիւն լսելը տարօրինակ զգացողութիւն է առաջացնում. երբ դու սովոր ես լսելու որոշ մասեր արդէն ընդունուած ձեւով, յանկարծ նրանք կատարում են բոլորովին այլ մօտեցմամբ, որ երբեմն հնչում է համոզիչ, երբեմն էլ՝ խորթ։ Սակայն, այնուամենայնիւ, ուրախ ենք, որ կատարողների ծրագիրը հարստանում է մեր ազգային երաժշտութեամբ, միեւնոյն ժամանակ մեզ պարգեւելով հոգեպարար վայրկեաններ։

Այնուհետեւ ծրագիրն ընթանալու էր համաշխարհային դասական երաժշտութեան ընտրանիների մատուցմամբ։ Անցեալ տարիների համերգների ժամանակ, հանգուցեալ մի բարեկամ ասում էր. «Ես համերգի գալէս առաջ, կատարուելիք ծրագիրը ունենալով՝ կը լսեմ այդ կտորները քանի մը անգամ, որպէսզի հասկնամ այս երաժիշտներուն կատարման մակարդակը»։ Դժուար է այս պատրաստուածութեամբ ունկնդիր ունենալը, սակայն միայն համերգին ներկայ լինելը, դասական երաժշտութեան ականջալուր լինելն արդէն ինքնին մի վայելք է եւ անպայման իր ազդեցութիւնն ունի որեւէ ունկնդրի վրայ։
Երաժիշտների նոյն կազմը մեզ էր ներկայացնում ֆրանսիացի կոմպոզիտոր (յօրինող) Մորիս Ռաւէլի Լարային քառեակը- F Major op. 35։ Այս գործը, որ կոմպոզիտորի առաջին եւ միակ կվարտետն (քառեակը) էր, նա գրել է 1903 թուին, 28 տարեկան հասակում, երբ աւարտում էր Փարիզի կոնսերվատորիան (երաժշտանոցը)՝ նուիրելով այն իր ուսուցիչ Գաբրիէլ Ֆորէին։ Այս քառամաս ստեղծագործութիւնը՝ չնայած առանձնացած մասերի, ամբողջական է հնչում տարբեր մասերում միեւնոյն թեմաների պարբերաբար երեւան գալով։ Քառեակի կատարողները յաջողութեամբ կարողացան պահպանել եւ իրագործել այդ մտայղացումը եւ ունկնդրին փոխանցել այդ ամբողջականութիւնը։
Դադարից յետոյ համերգի երկրորդ բաժնում կատարուեց հետաքրքիր մի գործ ՝ Իոհանս Բրամսի Կլարինետի հնգեակը, B Minor, Op. 115։ Դէյվիդ Լիսկերին, Աննա Սէյրանեան-Լանդաուերին, Էրիք Ռայնիրսոնին եւ Եւգենի Տոնխային իր կլարինետով միացաւ Ստիւարտ Քլարքը։
Գերմանացի կոմպոզիտոր Իոհանս Բրամսը վիրտուոզ (առաքինական) դաշնակահար էր եւ ռոմանտիկ շրջանի դիրիժոր (ղեկավար)։ Նրա երաժշտութիւնը յայտնի է իր ռիթմիկ (կշռական) կենսունակութեամբ եւ դիսոնանսի (ապադաշնոյթի) աւելի ազատ վերաբերմունքով։ Կլարինետի հնգեակում փողային գործիքի եւ լարայինների մրցակցութեան դիսոնանսը յաճախ փոխակերպւում էր նրանց ներդաշնակութեամբ, եւ կլարինետի ներկայացրած թեմայի կրկնութիւնը լարայիններով աւելի էր ընդգծում այս գործիքի ներկայութիւնը։ Քառամաս ստեղծագործութիւնն աւարտւում էր աստիճանաբար, եզրափակիչ մասում կլարինետի մուտքերի միայնակ հնչողութեամբ, եւ հակառակ սովորաբար եղող բարձրաձայն վերջաբանների, այստեղ մարում էր երաժշտութիւնը՝ թողնելով ունկնդրին իր մտածումների հետ։
Ինչպէս այս հնգեակի, այնպէս էլ քառեակի ներկայացրած բազմամաս ստեղծագործութիւնների իւրաքանչիւր բաժնից յետոյ հանդիսատեսները ծափահարում էին, որ խանգարում է մեծածաւալ գործի ամբողջական ընկալումը։

Տնօրէն Վաչէ Պարսումեանը արդէն վերջաւորութեան ժամանակ կանգնեցրեց համերգը եւ անգլերէնով դիմեց ունկնդիրներին. «Յարգելի ներկաներ, բաժիններու աւարտին՝ ձեր ակամայ ծափահարութիւններով, կ՛ուզէք ողջունել մեր սքանչելի երաժիշտները, սակայն, ներկայացուած գործերուն հեղինակները այդ մասերուն միջոցով փորձած են կերտել իրենց գործերուն մէջ զսպանակուած երաժշտական ոգին, իսկ մեր երաժիշտները կը փորձեն ուղղակի բեմին վրայ վեր հանել զայն, նախընտրաբար, առանց ընդմիջուելու»։
Այդ խօսքից յետոյ նուագուեց ստեղծագործութեան վերջին բաժինը, եւ համերգն աւարտուած էր։ Երաժիշտներն արել էին իրենց կարելին՝ արհեստավարժ կատարումներով գոհացնելով ներկաներին։ Ելոյթին յաջորդում էր ճոխ հիւրասիրութիւնը յարակից մասնաշէնքի «Թրփանճեան» սրահում։
Համերգներն ու ձեռնարկները յաջորդում են միմեանց, կեանքը շարունակւում է, եւ «Լարք» երաժշտական ընկերակցութիւնը քաջաբար ընթանում է արուեստի եւ մշակոյթի ի՛ր ընտրած ճանապարհով՝ չկայ յետդարձ։