
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Լոս Անջելեսում, Դեկտեմբերի 4ին պաշտօնապէս յայտարարուեց Հայ Ճարտարապետների եւ Դիզայներների (ուրուագծողներու) ընկերակցութեան (Armenian Architects and Designers’ Society-ARMADS) ստեղծման, առաքելութեան, եւ նպատակների մասին` հանրային ձեռնարկի շրջանակներում: «Նման կազմակերպութիւն ստեղծելու միտքը ծնուեց այն ժամանակ, երբ պահի հրամայական էր դարձել համախմբուել գաղափարի շուրջ` մեր ազգի համար յատկապէս վերջին չորս տարիների ծանր իրավիճակում: Երբ անցեալ տարի կորցրեցինք Արցախը եւ այնտեղ գտնուող մեր պատմամշակութային կոթողները, չկար մի նախաձեռնութիւն, որ ներկայացնէր եւ պաշտպանութեան տակ առնէր դրանք` աշխարհին փաստարկուած պատմելով մեր մշակութային ժառանգութեան մասին: Այստեղից ծնուեց գաղափարը` մասնագիտական խումբ ստեղծելու եւ միասնաբար աշխատելու այդ կոթողների մասին ցանկ կազմելու, եւ ներկայացնելու տարբեր երկրների համապատասխան գերատեսչութիւններին` պահանջով, որ քայլեր արուեն դրանք պաշտպանելու համար», «Ասպարէզ»ին պատմեց ARMADS-ի մտայղացող եւ փոխնախագահ, Parallel Building Design Studio-ի հիմնադիր Սեւանայ Սարդարեանը:
Գաղափարն իրականացնելու համար, նա կապ է հաստատում տարբեր երկրներում ծանօթ ճարտարապետների հետ, եւ պարզելով, որ որեւէ երկրում նման աշխատանք չի տարւում` մի քանի ընկերներով համախմբւում եւ ստեղծում են կազմակերպութիւն: «Այդ ընդհանուր մշակութային գաղափարի շուրջ հիմնադրեցինք ARMADS-ը` Հայ Ճարտարապետների եւ դիզայներների ընկերակցութիւնը: Նպատակներն ու մեր ծրագրերի բնոյթը սահմանելիս, որոշեցինք, որ բացի հիմնական առաքելութիւնից, պէտք է ստեղծել մասնագիտական շրջանակ եւ օգտակար լինել միմեանց` գիտելիքով, աշխատանքի փորձով եւ ցանցի միջոցով: Ընկերակցութեան սահմաններն էլ ընդլայնուեցին եւ հասանք նաեւ Հայաստան», նշում է Սարդարեանը:
Հայրենիքում կազմակերպութիւնը յարաբերութիւններ է ստեղծել ոլորտի մասնագէտների հետ եւ մասնակցել առաջին համատեղ ձեռնարկին, որի խօսնակն էր Հայաստանի Ճարտարապետութեան եւ շինարարութեան ազգային համալսարանի Ճարտարապետութեան ֆակուլտետի (համալսարանի բաժանմունքի) դեկան Արմէն Շատուորեանը: Ձեւաւորուած համագործակցութիւնների արդիւնքում, որոշում է կայացուել ստեղծել ծրագրեր Հայաստանի եւ Սփիւռքի` ոլորտի հայ ուսանողների համար եւ նպաստել նրանց մասնագիտական աճին ու առաջխաղացմանը: Հայ Ճարտարապետների եւ Դիզայներների Ընկերակցութեան ծրագրերի շարքում է նաեւ դասընթացների անցկացումը` մասնագիտական խորհրդատուութիւն տրամադրելու ոլորտի ներկայացուցիչներին, նաեւ, հարթակի տրամադրումը ոլորտում գործող հայ մասնագէտներին ու գործարարներին` ներկայացնելու իրենց ծառայութիւնները:

«Արմինիըն Արթ» կազմակերպութեան սրահում կայացած ARMADS-ի ձեռնարկին ներկայ էին Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրեանն ու քաղաքապետական խորհրդի անդամ Արդի Քասախեանը: Իր խօսքում, Ասատրեանը կարեւորեց նման կազմակերպութեան ստեղծումը եւ հրաւիրեց մասնակցել քաղաքապետարանի թէ՛ տեղական եւ թէ՛ Հայաստանի հետ կապուած ծրագրերին:
Միջոցառմանը ներկայ էին նաեւ ARMADS-ի անդամներ, ոլորտում ճանաչուած ճարտարապետներ, շինարարներ, հասարակական գործիչներ:
Սեւանայ Սարդարեանն ընդգծեց, որ իրենց նպատակների լաւագոյնս իրականացման համար անհրաժեշտ է մասնագիտական համայնքի աշխոյժ ներգրաւումն ու մասնակցութիւնը: Կազմակերպութեանը կարող են անդամակցել ճարտարապետներ, դիզայներներ, շինարարներ եւ կառուցապատողներ, ովքեր կիսում են կազմակերպութեան տեսլականն ու պատրաստ են ներդրում ունենալ այն իրականութիւն դարձնելու գործում:


Դեկտեմբերի 4ին կայացած ձեռնարկն առիթ ստեղծեց նոր ծանօթութիւնների ու համագործակցութիւնների:
Հրաչ Կոզիպէօքեանը կազմակերպութեանը նուիրեց 1880 թուականի հայկական գորգ, որի վաճառքից հասոյթը կը տրամադրուի ծրագրերի իրականացմանը:
Ազգային սիրուած երգերի նոր հնչիւնաւորմամբ հանդէս եկաւ երիտասարդ տաղանդաւոր երգիչ Էդուարդ Կարսեանը` կիթառահար Դաւիթ Մկրտչեանի նուագակցութեամբ:
«Հիմնուելով աւանդոյթների վրայ եւ առաջնորդուելով նորարարութեամբ, մենք յարգում ենք անցեալն ու կերտում պայծառ ապագայ մեր համայնքի եւ աշխարհի համար» կարգախօսով էլ Հայ ճարտարապետների եւ Դիզայներների Ընկերակցութիւնը մեկնարկեց գործունէութիւնը: