
Գոշ Գիւղի Վերածնունդը՝ Ամերիկահայ Զոյգի Տեսիլքով
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանի դրախտային անկիւններից մէկում՝ Տաւուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում է գտնւում աշխարհահռչակ Գոշ գիւղը: Պատմութիւնը սկսուեց 1178թ.ին, երբ հայ մեծանուն գիտնական, օրէնսդիր, առակագիր, հոգեւորական, մանկավարժ եւ հասարակական գործիչ Մխիթար Գոշը կառուցեց Գոշավանքի վանական համալիրը: Այն շուտով դարձաւ միջնադարեան Հայաստանի հոգեւոր եւ կրթական գլխաւոր կենտրոններից, եւ համաշխարհային պատմամշակութային գլուխ գործոցներից մէկը: Դարեր անց, 1840-1845թթ.ին, Գոշավանքի շրջակայքում հիմնուեց Գոշ գիւղը՝ ժառանգելով ճարտարապետական հարուստ ժառանգութիւն, որի կենտրոնը Գոշավանքի համալիրն է՝ Սբ. Աստուածածին, Սբ. Գրիգոր եւ Սբ. Գէորգ եկեղեցիներով: Գոշում է գտնւում նաեւ Սբ. Հռիփսիմէ գմբէթակիր փոքրածաւալ եկեղեցին, որտեղ հանգչում է Մխիթար Գոշի աճիւնը:
Գոշ գիւղի վերջին շրջանի կենսագրութիւնը նման էր Հայաստանի բազմաթիւ այլ գիւղերի պատմութեանը: Ընկերային-տնտեսական ծանր պայմանների պատճառով, գիւղի բնակչութեան զգալի մասն արտագաղթել էր, իսկ ովքեր չէին ցանկացել հեռանալ հայրենի բնօրրանից՝ գոյատեւման ամէնօրեայ պայքարի մէջ էին:
2021 թուականին սակայն, գիւղի կեանքում նոր էջ բացուեց՝ հայրենիքը զօրացնելու գաղափարով ապրող ու գործող ամերիկահայ բարերարներ Ասպետ եւ Այտա Փողարեանների տեսլականով, եւ Գոշը սկսեց ծաղկել ու վերագտնել իր երբեմնի աշխուժութիւնը: Նուիրական իրենց առաքելութիւնը, ամուսինները որոշել էին սկսել գիւղից: 2015 թուականից սկսեալ, հարիւրաւոր գիւղեր այցելելուց յետոյ, ամուսինների ընտրութիւնը կանգ առաւ Գոշի վրայ, եւ այդ օրուանից սկսուեց նրանց եւ գիւղի նոր կեանքը՝ լի մարտահրաւէրներով ու յաղթանակներով:
Ամերիկահայ ամուսինները տարուայ հիմնական մասը սկսեցին բնակուել Գոշում, եւ գիւղը դարձաւ նրանց մեծ ընտանիքը, որտեղ տիրող է սէրն ու ջերմութիւնը: Գոշը սրտաբաց ընդունեց իր նոր առաքեալներին, ովքեր համբերութեամբ, յամառութեամբ, հայրենիքի դրախտային այդ կտորը բարեփոխելու վճռականութեամբ, համատեղեցին իրենց ուժերը աշխարհասփիւռ բարերար ընկերների եւ գիւղացիների հետ՝ վկայելով, որ փրկութիւնը հաւաքական ուժի մէջ է:
Շատերի համար Ասպետ եւ Այտա Փողարեանների տունը դարձել է Գոշի պարտադիր այցելավայրերից, եւ ես էլ բաց չթողեցի առիթը ծանօթանալու սիրուած բարերարներին: Գիւղում բոլորն էին ճանաչում սարերի գրկում ծուարած հեքիաթային տան բնակիչներին, տուն, որը բաց է բոլորի առջեւ: Ինձ դիմաւորեց Փողարեանների շունը, ում կեանքն էլ փոխուել էր նրանց յայտնուելու պահից, եւ փոքրիկ չորքոտանին ուրախութեամբ կատարեց իր դերը՝ ուղեկցելով ինձ դէպի ջերմութեամբ ու սիրով լի ձեռակերտ խրճիթ: Փողարեան ամուսիններն ինձ դիմաւորեցին գիւղի բարիքներով լի սեղանով, եւ սիրով կիսուեցին իրենց պատմութեամբ, որը հայրենիքի ու նրա հանդէպ սիրոյ մասին հրաշագեղ պատում է:
«Մենք չէինք ցանկանում ուղղակի բնակարան ձեռք բերել եւ երբեմն որպէս զբօսաշրջիկ հանգրուանել Հայաստանում, ժամանակաւոր օգտուել հայրենիքի բարիքներից եւ հեռանալ: Մեր նպատակն էր ապրել եւ ստեղծել, ու տէր կանգնել մեր հայրենիքին», պատմեցին Փողարեան ամուսինները: Մինչ իրենց առաքելութեան սկիզբը, երկար տարիներ նրանք Լոս Անջելեսից նուիրատուութիւններով օգնել էին կարիքաւոր իրենց հայրենակիցներին եւ համոզուել, որ աջակցելու լաւագոյն ձեւը տեղում, հայրենի հողում ապրելն է, ծանօթանալը խնդիրներին եւ լուծումներ գտնելը տեղացիների հետ միասին՝ նրանց փոխանցելով իրենց գիտելիքներն ու փորձը, եւ գիւղացուց ստանալով նրանց հմտութիւնները: Եւ միասնաբար ու նոյն տեսլականով, Փողարեաններին կարճ ժամանակում յաջողուեց գոշեցիների հետ միասին իւրատեսակ յեղափոխութիւն կատարել գիւղում՝ Գոշը դարձնելով Հայաստանի ծաղկող շրջաններից: Նրանց փորձը սփիւռքահայերի եւ տեղաբնակների համագործակցութեան լաւագոյն օրինակ է, որ նաեւ համոզեց բազմաթիւ աշխարհասփիւռ հայերի հետեւելու իրենց օրինակին:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս սկսուեց հայրենիքում բնակուելու եւ գործելու ձեր ոդիսականը:
ԱՍՊԵՏ ՓՈՂԱՐԵԱՆ.- Ես եւ կինս մտածում էինք, որ պէտք է գործունէութիւն ծաւալենք եւ շօշափելի ներդրում ունենանք հայրենիքում, եւ այդ ուղղութեամբ որոշումը կայացրեցինք 2015 թուականին՝ Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին: Մինչ այդ, տարիներ շարունակ նուիրատուութիւններով օգնում էինք մեր հայրենակիցներին, սակայն հաւատացած էինք, որ օգնութիւնն առաւել արդիւնաւէտ կարող է լինել, երբ ինքդ գործնական մասնակցութիւն ես ունենում՝ աջակցելով հայրենիքի զարգացմանը տարբեր ուղղութիւններով: 2017 թուականին, որպէս լեռնագնացների խմբի անդամներ եկանք Հայաստան, եւ սկսեցինք գիւղ որոնելու, որտեղ կը հաստատուէինք:
ԱՅՏԱ ՓՈՂԱՐԵԱՆ.- 2019 թուականին, բազմաթիւ փնտռտուքներից յետոյ, ընտրեցինք Գոշ գիւղը: Պատրաստւում էինք տեղափոխուել, երբ 2020 թուականին սկսուեց համաճարակը, ինչին հետեւեց Արցախեան պատերազմը, եւ մեր ժամանումը փոքր ինչ յետաձգուեց: Գոշ հասանք 2021թ.ին, եւ սկսեցինք մեր գնած կիսախարխուլ խրճիթի վերանորոգումը, որ վստահեցինք տեղի մասնագէտներին: Հաստատուելուց անմիջապէս յետոյ սկսեցին նաեւ աշխատանքները, որտեղ որպէս առաջնահերթութիւն սահմանել էինք կրթութիւնը: Այս ուղղութեամբ մեր առաջին քայլերը՝ տեղի ուսանողների համար կրթաթոշակների հայթայթումն էր:Այնուհետեւ սկսեցինք պարզել, թէ ինչ այլ խնդիրներ ունի գիւղը:
Գիւղում չկար հաւաքատեղի, որը հնարաւորութիւն կը տար ունենալ տարատեսակ խմբակներ մանուկների, պատանիների համար, եւ միաժամանակ լինէր վայր, որտեղ կ՛անցկացուէին համայնքային ձեռնարկներ: Ասպետի հետ միասին ուսանել ենք Մելգոնեան վարժարանում, եւ այդ կրթօջախի մեր համադասարանցիների եւ ընկերների միջոցներով, միասնաբար նորոգեցինք, գիւղամէջում գտնուող սրահը՝ ապահովեցինք ջերմային համակարգով, օդորակիչներով, կահաւորեցինք, եւ նոյնիսկ նոր սպասք գնեցինք՝այն դարձնելով մինչեւ 200 հոգու համար հաւաքատեղի: Այս բարենորոգումը գիւղին նոր շունչ հաղորդեց՝ անմիջապէս բացուեցին պարի ու նկարչութեան խմբակներ, եւ գիւղի երեխաները, որ մինչ այդ ստիպուած էին գնալ Դիլիջան, սկսեցին յաճախել նոյն դասընթացներին իրենց սեփական գիւղում: Միաժամանակ, ստեղծուեցին աշխատատեղեր՝ պարի, նկարչութեան ուսուցիչների համար: Այսօր սրահն օգտագործւում է նաեւ այլ նպատակներով: Գիւղացիները տարբեր ձեռնարկներ են կազմակերպում, այդ թւում՝ կրթական, ժամանցի, այնտեղ տեղի են ունենում ընտանեկան խնջոյքներ եւ այլ արարողութիւններ:
Մեր առաջին ամենամեծ ծրագրերից էր նաեւ գիւղի կենտրոնական հրապարակի առեւտրային տաղաւարների վերանորոգումը, որտեղ գիւղացիները վաճառում էին իրենց պատրաստած սնունդը, յուշանուէրներ, արուեստի գործեր: Խարխլուած տաղաւարների բարեփոխուած տեսքը նպաստեց նաեւ առեւտրի շրջանառութեան մեծացմանը: Դա իրականացուեց ամերիկահայ բարերարներ՝ Շահէն եւ Ալին Աղաբաբեանների ներդրմամբ, ովքեր նաեւ հող են գնել Գոշում: Վերանորոգել ենք դպրոցի խոհանոցն ու ճաշասրահը, որ իրականացուել է ամերիկահայ բարերար Յարութ Պրոնոզեանի աջակցութեամբ, ով նաեւ օգնել է տաղաւարների բարեկարգման հարցում: Միաժամանակ, սկսեցինք իրակացնել փոքր ու մեծ կրթական տարբեր ծրագրեր:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք էին գիւղի հիմնական խնդիրները, երբ նոր էիք տեղափոխուել, եւ մինչ այժմ տեղի ունեցած ի՞նչ փոփոխութիւնների մասին կը պատմէք:
ԱՍՊԵՏ ՓՈՂԱՐԵԱՆ.- Գիւղն անցեալում, ասում են որ մինչեւ 3000 բնակիչ է ունեցել, բայց ներկայում՝շուրջ 800-1000 մարդ է բնակւում Գոշում: Շատերը գնում են Ռուսաստան արտագնայ աշխատանքի, օրինակ՝ Ստաւրոպոլ քաղաք, որն ասում են դարձել է փոքր Գոշ, որտեղ հիմնականում հաստատուել են գիւղի բնակիչներն ու աջակցում են միմեանց աշխատանք գտնելու եւ հեշտօրէն յարմարուելու հարցերում:
Մենք գիւղի բնակիչներին ասում էինք, որ Գոշ տարեկան շուրջ 500,000 զբօսաշրջիկ է այցելում, ովքեր նաեւ գումար ունեն, եւ գիւղացու մեղքն է, որ այդ պայմաններում իրենք աղքատ են, ինչը նշանակում է, որ ինչ-որ բան ճիշդ չեն անում: Մենք ասում էինք, որ եթէ կամք եւ երեւակայութիւն ունենան, եւ հանդէս գան նախաձեռնութեամբ՝ կարող են փոխել իրավիճակը, մատնանշում էինք այլ քաղաքներից ձեռներէցների, ովքեր Գոշում սկսել էին ձեռներէցութեամբ զբաղուել:
Մեր առաջնային նպատակն էր, որ երիտասարդները դուրս չգան գիւղից, եւ մնան ու շէնացնեն այն, եւ այդ ուղղութեամբ էր, որ սկսեցինք առաջնահերթ աշխատել: Գիւղացիներին քաջալերելու համար, նրանց ծանօթացրեցինք Հայաստանի ամերիկեան համալսարանի «Թրբանճեան» գիւղական համայնքների զարգացման ծրագրին, որ բնակիչներին տրամադրում է կրթական եւ տնտեսական հնարաւորութիւններ գիւղերում զարգացումը խրախուսելու համար: Տրամադրուած դրամաշնորհներով, Գոշի մի քանի բնակիչ իրենց գործը հիմնեցին, որոնց յաջողութիւնը տեսնելով, այլ երիտասարդներ էլ ոգեւորուեցին, եւ իրենք էլ սկսեցին հիմնել իրենց գործը: Արդիւնքում, շատերը չհետեւեցին իրենց բարեկամների եւ ընկերների Ռուսաստան գնալու օրինակին, աւելին՝ ոմանք նոյնիսկ վերադարձան: Օրինակ, երկու եղբայրներ կային, որ տարուայ որոշակի հատուած մշտապէս մեկնում էին արտագնայ աշխատանքի՝ ընտանիքներն թողնելով գիւղում, սակայն հիմա վերադարձել են, հիւրատուն են կառուցել, եւ ամէն օր յաճախորդներ ունեն: Կամաց-կամաց, նաեւ մեր ընկերների ու աջակիցների համատեղ ներդրմամբ, կարծես մեր նպատակն իրականանում է: Դա մեզ շատ է ոգեւորում, եւ այս միտումը տարածւում է՝ իրար տեսնելով, մարդիկ քաջութիւն են ունենում, որ կարող են իրենք էլ յաջողել գիւղում աշխատելով: Հիմնւում են հիւրատներ, ճաշասրահներ, զբօսաշրջութեան ոլորտի տարբեր ձեռնարկութիւններ, պետութիւնն էլ, սկսել է ճանապարհները բարեկարգել, եւ գիւղն աշխուժանում է: Մտածելակերպի փոփոխութիւն է տեղի ունենում, եւ այս հարցում ամենակարեւորը, որ կը ցանկանամ ընդգծել այն է, որ պէտք է ապրել տեղաբնակների հետ, սեփական օրինակով ցոյց տալ, թէ ինչպէս կարելի է բարեփոխումներ իրականացնել՝ ծանօթանալով խնդիրներին եւ խրախուսելով ու աջակցելով նրանց:
ԱՅՏԱ ՓՈՂԱՐԵԱՆ.- Երբ առաջին տարին եկել էինք, գիւղացիներին խորհուրդ էինք տալիս, որ օրինակ իրենց տան սենեակներից մէկը վարձավճարով տրամադրեն զբօսաշրջիկներին, որովհետեւ այս գիւղի ամէն անկիւնը գեղեցիկ է: Սակայն բնակիչները շատ պահպանողական էին, այդ գաղափարը նրանց համար ընդունելի չէր, եւ չէին ցանկանում այդ ուղղութեամբ որեւէ քայլ անել: Բայց հիմա, իրենք են մօտենում մեզ եւ ասում, որ գաղափարներ ունեն, ու խորհուրդ են հարցնում, թէ ինչպէս իրականացնեն: Մի քանիսը փոքրիկ խրճիթներ են կառուցել եւ առաջարկում են զբօսաշրջիկներին, ում համար գիւղական կեանքով ապրելը շատ հետաքրքիր է՝ այն էլ Գոշի նման գիւղում: Մեր նպատակն է, որ գիւղացիները հասկանան, որ այն ինչ իրենք ունեն՝ բացառիկ հարստութիւն է: Սնունդն էլ ամբողջութեամբ օրգանական է, կաթնամթերքն օրինակ ստացւում է անարատ դաշտերում ու սարերում արածող կովերից, ինչը լաւագոյն առաջարկն է զբօսաշրջիկներին, եւ եկամուտի աղբիւր՝ գիւղացիների համար:
ԱՍՊԵՏ ՓՈՂԱՐԵԱՆ.- Գիւղի տէր հայրը մի օր ասաց, թէ մենք չենք պատկերացնում, թէ բացի մեր հիմնական գործունէութիւնից, որքան մեծ է մեր ազդեցութիւնը տեղաբնակների վրայ, երբ բնակւում ենք նրանց կողքին եւ օրինակ ծառայում նաեւ կենցաղային, առօրեայ հարցերում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մինչ ձեզ ճանաչելը, սկզբնական շրջանում ինչպէ՞ս էին տեղաբնակներն ընդունում ձեր առաջարկները, բա՞ց էին համագործակցութեան համար:

ԱՍՊԵՏ ՓՈՂԱՐԵԱՆ.- 2021 թուականին, երբ Թրբանճեանի ծրագրի ներկայացուցիչներին հրաւիրեցինք գիւղ, գոշեցիների արձագանգը սկզբում յոռետեսական էր, չէին ցանկանում նոյնիսկ ծանօթանալ առաջարկներին: Մենք յորդորեցինք ոմանց փորձել, եւ նրանցից երկուսը համաձայնուեցին դիմել: 23ամեայ մի երիտասարդի ներկայացրած ծրագիրն ընդունուեց, եւ նա սարի վրայ մի քարէ դրախտ կառուցեց, ու մեծ յաջողութիւն ունեցաւ: Իսկ միւս դիմողը, հետագայում, ստանալով համապատասխան դասընթացներ հիմնեց մէկ այլ բնոյթի գործ՝ ամենագնաց մեքենաներով այցելուների համար սարագնացութիւն է կազմակերպում: Համագիւղացիների այս օրինակը տեսնելով, միւսներն էլ քաջալերուեցին, եւ այժմ եւս երկու անձ է դիմել Թրբանճեանի ծրագրին՝ դեղատուն եւ նպարատուն բացելու համար: Հիանալի ծրագիր է, որ կրթութիւն, ֆինանսական աջակցութիւն եւ խորհրդատուութիւն է տրամադրում իր շահառուներին: Ներգրաւուած են ՀՀում Ամերիկեան Համալսարանի դասախօսներ, ովքեր ուսումնասիրում են ներկայացուած բիզնես ծրագրերը, գնահատում են կայացման հաւանականութիւնը, եւ ըստ այդմ են կայացնում գիւղացուն վարկ տալու որոշումը:
ԱՅՏԱ ՓՈՂԱՐԵԱՆ.- Ծրագիրը ձեռներէցներին է օգնում, բայց բնոյթով բարեգործական է: Գիւղական համայնքների բնակիչների համար վարկ ձեռք բերելը յատկապէս դժուար է, քանի որ տոկոսադրոյքը հիմնականում չափազանց բարձր է: Թրբանճեանի կողմից տրամադրուող վարկի շուրջ մեծ մասը մարում է կազմակերպութիւնը, եւ միայն չնչին տոկոսն է մնում գիւղացուն: Միաժամանակ, անցկացնում են պարտադիր դասընթացներ՝ կրթելով, թէ ինչպէս հիմնել եւ կայացնել գործը՝ տրամադրելով բաւարար անհրաժեշտ գիտելիքներ, իսկ վարկը տրամադրելուց յետոյ, ծրագրում ընդգրկուած մասնագէտները գիւղացու հետ են լինում գործի կայացման ընթացքում, ուղղորդում են նրանց եւ անհրաժեշտութեան դէպքում՝ տրամադրում աջակցութիւն:
Գիւղը մեծ ներուժ ունի, եւ նոր է սկսում աշխուժացումը, քանի որ այն ինչ-որ կատարւում է՝ հնարաւորի դեռ հինգ-տասը տոկոսն է, եւ դա միայն մեր ու մեր ընկերների ներդրումը չէ: Հիւրանոցների ու աւելի փոքր հիւրատների թիւն է աւելանում, նաեւ բարեկարգուած տների, որ վարձով են տրւում: Նախկինում, երբ զբօսաշրջիկը գալիս էր, մնալու տեղ չունէր, իսկ հիմա մնում է գիւղում, եւ բաւական աշխատատեղեր են ստեղծուել յատկապէս կանանց համար: Նախկինում, հիւրանոցներում կանայք չէին աշխատում, այնինչ՝ հիմա գրեթէ ուղիղ 80 տոկոսը կանայք են, եւ սա էլ է մտածելակերպի փոփոխութիւն, քանի որ մի քանի տարի առաջ ամօթ էր, որ կանայք աշխատեն, սակայն այժմ դա այլեւս խնդիր չէ, եւ այս հանգամանքն էլ մեծ խանդավառութիւն է առաջացրել:
Երիտասարդները, երբ զգում են, որ կարող են իրենց ապագան ֆինանսապէս ապահովել՝ վերադառնում են, որովհետեւ բոլորը սիրում են իրենց գիւղը, եւ չեն ցանկանում հեռանալ: Հիմա, որ այդ յոյսը կայ, գիւղը վերածնունդ է ապրում: Զբօսաշրջիկի պակաս գիւղում երբեք չի եղել, պարզապէս գիւղում, բացի եկեղեցին տեսնելուց, զբօսաշրջիկների համար այլ բան չի եղել անելու: Բայց հիմա գիւղացիներն անդրադառնում են, որ տարբեր ծառայութիւններ մատուցելով, կարող են զբօսաշրջիկներին պահել գիւղում, եւ շահոյթ ունենալ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք են ձեր առաջիկայի ծրագրերը:
ԱՍՊԵՏ ՓՈՂԱՐԵԱՆ.- Մխիթար Գոշի գերեզմանից մինչեւ հրապարակ ճանապարհը քարուքանդ է, աստիճաններ չկան: Առաջիկայի համար նախատեսել էինք աստիճաններ կառուցել, եւ փոքրիկ հրապարակ: Յոյս ունենք երգչախումբ ստեղծել, մարզասրահ կառուցել, որ երիտասարդները մարզուելու վայր ունենան: Ծրագրերն իրականացնելու համար մեզ աջակցում են մեր ընկերները, մեր գործունէութիւնը ճանաչողները:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր պատմութիւնը, համոզուած եմ, շատերին է ոգեւորում: Հայաստանում գիւղեր զարգացնելու ցանկութիւն ունեցողները կարո՞ղ են դիմել ձեզ խորհրդատուութեան համար:
ԱՅՏԱ ՓՈՂԱՐԵԱՆ.- Հայաստանում կայ շուրջ 940 գիւղ, եւ ցանկութեան դէպքում գիւղ գտնելը դժուար չէ: Մենք քաջալերում ենք, եւ պատրաստ ենք օգնել մարդկանց, ովքեր ցանկանում են ներգրաւուել եւ աջակցել գիւղերի զարգացմանը: Կարող ենք ամէն ձեւով օգտակար լինել՝ փոխանցելով մեր փորձառութիւնը, տեղեկութիւնները, յուշել, թէ ինչից եւ ինչպէս սկսել: Մեր ընկերներից մէկը Միացեալ Նահանգներից վերջերս այցելել էր մեզ, եւ ցանկանում էր մի գիւղ որդեգրել, եւ մենք միասին գնացինք տուեալ գիւղ, հանդիպեցինք գիւղապետին, եւ անհրաժեշտ օգնութիւն տրամադրեցինք, որ սկսի գործունէութիւնը:
ԱՍՊԵՏ ՓՈՂԱՐԵԱՆ.- Մենք համագործակցում ենք գիւղապետի մակարդակով, եւ ինչ արել ենք մինչ այժմ, նրա աջակցութեամբ է հնարաւոր դարձել իրականացնել: Պայմաններից մէկն էլ, որ Գոշն ընտրեցինք, նա էր, որ գիւղապետի հետ պէտք է հանգիստ լինէինք, եւ ուրախ եմ, որ հինգ տարի է ճանաչում ենք եւ մեր համագործակցութիւնը շատ արդիւնաւէտ է ընթանում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Վերջերս աւելի յաճախ է քննարկւում ազգային ինքնութեան հարցը, թէ ո՞վ է հայն այսօր: Ես կիսում եմ այն տեսակէտը, որ ինքնութեան բաղադրիչների շարքում առաջնային է կապը հայրենիքի հետ, պատասխանատուութիւնը հայրենիքի նկատմամբ, որ արտայայտւում է գործով: Ձեր օրինակը ասուածի վառ իրականացումն է: Կիսուէք ձեր բանաձեւով:
ԱՍՊԵՏ ՓՈՂԱՐԵԱՆ.- Տարբեր բարեգործական կազմակերպութիւնների միջոցով, կամ անձնական կապերով երեսուն տարուց աւելի օգնել ենք մեր հայրենակիցներին Հայաստանում, յատկապէս՝ չքաւոր երեխաներին, սակայն նրանց մասին մանրամասների չէինք տիրապետում: Այժմ, Գոշում, ամէն գիւղացու անուն ազգանունով գիտենք, թէ ով են, ինչով են զբաղւում, ինչ մարտահրաւէրներ ունեն, եւ ինչպէս կարող ենք համատեղ ջանքերով յաղթահարել, եւ սա բոլորովին այլ մակարդակի է վերածում մեր կապը, դառնում ենք ընտանիքի անդամներ, եւ աւելի սրտանց մօտենում հարցերին:
Հայերէնի մէջ կայ երկու բառ՝ ազգասէր եւ հայրենասէր, եւ մենք յաճախ շփոթում ենք այդ երկու բառերը: Ես գիտեմ շատերին Լոս Անջելեսում, որ կարող ես ասել, թէ որքան հայրենասէր մարդ է, բայց երբ ուսումնասիրես՝ կը հասկանաս, որ իր անուն, ազգանունը հայկական է, շրջանակը հայկական է, զաւակները հայկական դպրոց են գնում, բայց Հայաստանի հետ ոչ մէկ կապ չունեն: Ես նրանց անուանում եմ ազգասէր, ինչը լաւ է, բայց եթէ հայրենասէր չլինի՝ երկու-երեք սերունդ անց ձուլուելու են:
Հայրենասէր բառն ինքնին յուշում է, որ պէտք է Հայաստանի, հայրենիքի հետ պիտի կապ ունենայ, որովհետեւ եթէ չսնուցուի Հայաստանով, ուշ թէ շուտ կորելու է: Իմ կարծիքով, պէտք է այդ մտածելակերպը փոխենք, որ եթէ Հայաստանի հետ կապ չունես՝ ձուլուելու ես: Շատ կարեւոր է, որ հայրենիքում լինես, եւ այդ պատճառով մեր օրինակին յոյս ունենք, որ ուրիշներն էլ հետեւեն:
ԱՅՏԱ ՓՈՂԱՐԵԱՆ.- Իմ կարծիքով, հայրենասիրութիւնը պէտք է լինի այնպիսի մի բան, որ անձնական շահը մի կողմ թողնես, եւ առաջնորդուես ազգային շահով, գաղափարով, թէ ինչ կարող ես անել հայրենիքը զօրացնելու համար: Ամէն մարդ մի բան կարող է անել՝ ըստ իր կարողութիւնների, եւ նոյնիսկ ամենափոքր թուացող նպաստը, որը կը մնայ հայրենիքում՝ դա արդէն մեծ ներդրում է: Փոքր հայրենիք ունենք, եւ շատ շուտ ոտքի կը կանգնենք ու կարող ենք շատ հզօր երկիր դառնալ, հասնել այնտեղ, ուր երազում ենք՝առանց մէկից կախեալ լինելու, առանց այս կ’ամ այն պետութեան օգնութեան: Չեմ ասում, որ դա չլինի, վերջիվերջոյ քաղաքականութիւնը պահանջում է, որ կարողանաս տարբեր երկրների հետ հաղորդակցուել, բայց պէտք է սովորենք մեր ուժերից օգտուել՝ մեր ոտքերի վրայ կանգնել, եւ այս հարցում մեծ է սփիւռքահայերի մասնակցութիւնը: Ես համարում եմ, որ Սփիւռքը մեր ներկայի քարիւղն է: Եթէ Հայաստանն ու Սփիւռքը կարողանան այնպէս համագործակցել, որ Սփիւռքը ճիշդ ձեւով աշխատացնենք, մեր հայրենիքը շատ կարճ ժամանակում ոտքի կը կանգնի: Մենք այդ դրական մտածողներից ենք: Եւ ասեմ, որ այն, ինչի մասին խօսում ենք, երազային ձեւով առաջ չի գնում, կան մարտահրաւէրներ: Նախ, տեղացիների հետ ունենք տարբեր մտածելակերպ, կենցաղային հարցերում տարբեր մօտեցումներ, բայց իրար հետ շփուելով, միմեանցից սովորում ենք, եւ գտել ենք միջինը, որ առանց իրար վիրաւորելու առաջ տանենք այն դրական նպատակը, որ ունենք: Մեր ցանկութիւնն այն է, որ այլ մարդիկ էլ գան եւ այլ գիւղեր վերցնեն, որովհետեւ մեր ուժերը չեն ներում լինել ամէնուր, եւ օգնել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ուղերձը սփիւռքահայ մեր հայրենակիցներին:
ԱՅՏԱ ՓՈՂԱՐԵԱՆ.- Իմ պատգամս կը լինի, որ Սփիւռքի մեր հայրենակիցները գան եւ ապրեն հայրենիքում, եւ կը հասկանան, թէ որքան մեծ տարբերութիւն կը լինի կեանքի որակի վրայ: Այդուհանդերձ, եթէ տարբեր հանգամանքների բերումով չեն փոխադրուել Հայաստան, կարող եմ մի քանի հոգով՝ բարեկամներով, ընկերներով, մի գիւղ վերցնել եւ կենտրոնանալ այդ բնակավայրի զարգացման վրայ: Այդպէս արդիւնքն անմիջապէս տեսանելի է լինում:
ԱՍՊԵՏ ՓՈՂԱՐԵԱՆ.- Երբ գալիս ես գիւղ, եւ չես ճանաչում որեւէ մէկին՝պատկերն այլ է, բայց երբ սկսում են ճանաչել գիւղացուն՝ պատկերը փոխւում է: Հիմա բոլորին ճանաչում ենք, սիրում ենք, եւ մեր բոլոր մտավախութիւնները յաղթահարուել են: Մեր կեանքի որակը շատ բարձրացել է գիւղում ապրելով, եւ շատ այլ հայրենադարձների համար եւս կեանքը բարելաւել է: Սա է, որ պէտք է տարածենք: Մենք ուրիշներին տեսնելով՝ քաջալերուել ենք, եւ արել ենք այս քայլը, եւ յոյս ունենք, որ ուրիշներն էլ մեզ տեսնելով այդ քաջութիւնը կ՛ունենան, որովհետեւ Հայաստանը զարգացնելու մեծ շարժում պէտք է սկսի, եւ այդ զարգացումը սկսւում է գիւղից: