
«Ապրիլ» գրատան նախաձեռնութեամբ տեղի պիտի ունենայ հանրային զրոյց մը հեղինակի Խորէն Արամունիի հետ՝ անոր նոր հրատարակուած «Տաշտաքերանք» պատմուածքներու հաւաքածոյին լոյս տեսնելուն առիթով։
Քննարկումին պիտի մասնակցին Էդուարդ Հախվերդեան եւ Ռաֆֆի Մելքոնեան:
Ձեռնարկը տեղի պիտի ունենայ Հինգշաբթի, 13 Փետրուարին, երեկոյեան ժամը 7էն սկսեալ, Հայկական արուեստներու կեդրոնին մէջ, որուն հասցէն է՝ 250 N. Orange St., Glendale, CA 91203։
Մուտքը ազատ է. յաւելեալ տեղեկութիւններու համար հեռաձայնել (818) 243-4112 թիւին կամ noor@abrilbooks.com հասցէին։
Ստորեւ կազմակերպիչներուն յղած բացատրականը․
««Տաշտաքերանք» պատմուածքների այս ժողովածուն Խորէն Արամունու նուրբ հումորով ներծծուած, երբեմն էլ թախիծով պարուրուած, վաղ մանկութիւնից մինչեւ մեր օրերի (Իրան, Հայաստան եւ Ամերիկա) յիշողութիւնների արձագանգն է: Խորէն Արամունի (Քեշիշեանը) արձակագիր, թատերագիր եւ թարգմանիչ է։ Ծնուել է 1948ին, Իրանում: Երկու տարի սովորել է Սպահանի համալսարանի Հայագիտական բաժնում: 1969ին հայրենադարձուել է: 1975ին աւարտել է Երեւանի Պետական համալսարանի Բանասիրական բաժանմունքը, իսկ 1980ին արտագաղթել է Ամերիկա: Տպագրուել է Ամերիկայի հայալեզու թերթերում եւ ամսագրերում։ Համագործակցել է «Հայաստան» հեռուստահաղորդումներին: Հիմնադրել է «ԱՅԲ-ԲԵՆ» հրատարակչութիւնը: 1994ին եղել է «Գարուն» ամսագրի ներկայացուցիչը Ամերիկայում: 1992ին առաջին անգամ Հայաստանում լոյս է տեսել նրա «Յետմահու Հարսանիք» պատմուածքների ժողովածուն: 2004ից Հայաստանի Գրողների Միութեան (ՀԳՄ) անդամ է: 2014ին պարգեւատրուել է Հայաստանի Սփիւռքի նախարարութեան «Վիլեամ Սարոյեան» մեդալով: 2018ին, իր գրական վաստակի համար արժանացել է ՀԳՄի մեդալին: Արժանացել է Կալիֆորնիայի Ծերակոյտ, Լոս Անջելեսի գաւառի եւ տարբեր քաղաքների աւելի քան տասնչորս պատուոգրերի: Հրատարակել 18 գիրք, նրա աւելի քան եօթ թատերգութիւններ բեմադրուել են թէ՛ Հայաստանում, թէ՛ նրա սահմաններից դուրս։ Ամերիկայի եւ Հայաստանի քաղաքացի է: Դեռ ողջ է…»