
Բրիտանիոյ Հայկական համայնքային խորհուրդը հաղորդագրութեան մը միջոցով անդրադարձաւ Յունուարի աւարտին Զուիցերիոյ մէջ, Փաշինեանի կատարած յայտարարութիւններուն՝ զանոնք անընդունելի եւ դատապարտելի նկատելով։
Ստորեւ՝ այդ հաղորդագրութիւնը.
«Աշխարհասփիւռ հայ համայնքները եւ Հայաստանի մեր հայրենակիցները ցնցուել են վարչապետ Փաշինեանի դիտարկումներից` արուած 2025 թ. Յունուարի 24ին, Շուէյցարիայում մի խումբ սփիւռքահայերի հետ հանդիպման ընթացքում: Հայոց Ցեղասպանութեանը անդրադառնալիս նրա մեկնաբանութիւնները կասկածի տակ են դնում Հայոց Ցեղասպանութեան ճշմարտացիութիւնը: Հայկական համայնքային խորհուրդն իր խորին մտահոգութիւնն ու վրդովմունքն է յայտնում վարչապետ Փաշինեանի խօսքերի առնչութեամբ: Հայոց Ցեղասպանութիւնը պատմութեան ապացուցուած, անհերքելի փաստ է` անկախ Թուրքիայի եւ նրա խորքային պետութեան ժխտողական քաղաքականութիւնից: Աւելի քան 30 երկրներ, այդ թւում` ԱՄՆը, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան եւ շատ այլ երկրներ պաշտօնապէս ճանաչել են իրադարձութիւնները որպէս ցեղասպանութիւն: Հայոց Ցեղասպանութեան ճշմարտացիութիւնը կասկածի տակ դնել կարելի է ակնկալել միայն Էրդողանից եւ նրա հետեւորդներից:
«Արդեօք պարոն Փաշինեանը միացել է Էրդողանի կողմից ճշմարտութեան յամառ ժխտմա՞նը. պատմական փաստ, որը հաստատուած է բազմաթիւ արձանագրութիւններում: Սա դաւաճանութիւն է ազգի նկատմամբ, ճշմարտութեան ժխտում` «եկէք նայենք սրան եւ տեսնենք, թէ իրականում ինչ է եղել» ռեվիզիոնիստական (վերաքնութեան ջատագովի) շեշտադրմամբ: Վարչապետը կարո՞ղ է բացատրել, թէ որոնք են իր շարժառիթները:
«Գուցէ, իսկապէս, նա Էրդողանի հրահանգով է սկսել հարցականի տակ դնել ճշմարտութիւնը` կասկածի եւ շահարկումների մթնոլորտ առաջացնելու համար: Մենք չենք կարող թոյլ տալ, որ ոչ-կոմպետենտ (անատակ) կամ մանիպուլեատոր (ձեռնավարութիւն կատարող) անձինք, իրենց կասկածելի քաղաքական օրակարգով, մեզ մոլորութեան մէջ գցեն:
«Նիկոլ Փաշինեանը պարտաւոր է պաշտօնապէս եւ բացայայտ ներողութիւն խնդրել իր անպատասխանատու եւ վիրաւորական արտայայտութիւնների համար, որոնք անարգում են Հայոց Ցեղասպանութեան սրբադասուած նահատակների յիշատակը»: